Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԵՏԵՎԵ՞Լ Է, ՈՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐԵՆ

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"Թե՝ «Յունիբանկը», խնդիրներից խուսափելու համար, իր պարտավորությունն արել է

Մի քանի ամիս ձգվող «Հին Էրիվան»-«Յունիբանկ» հակամարտությունը մոտ մեկ շաբաթ է՝ թեւակոխել է դատական փուլ: Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հայցն ընդդեմ «Յունիբանկի»:
«Հին Էրիվանը» դիմել էր դատարան՝ իրեն անպարտաճանաչ վարկառուների ցանկից հանելու եւ բարեխիղճ վարկառու ճանաչելու համար: «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանն էլ պնդում է, որ «Հին Էրիվանը», որպես վարկառու, ժամանակին եւ պարտաճանաչ չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով էլ հայտնվել է բանկի անպարտաճանաչ հաճախորդների «սեւ ցուցակում»: Եվ մինչ դատարանը կորոշի, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ, անդրադառնանք մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարցի, որը, ըստ էության, անմիջականորեն առնչվում է բանկի հազարավոր ավանդատուների շահերին: Բանն այն է, որ, ըստ Կենտրոնական բանկի (ԿԲ) կանոնադրության, որը հաստատվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության թիվ 214-Ա հրամանով, ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի եւ դեբիտորական դասակարգման ու հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգի համաձայն, եթե վարկառուի եւ որեւէ բանկի միջեւ ֆինանսական խնդիրներ են առաջանում եւ այն չի լուծվում 30-օրյա ժամկետում, եւ վարկառուն իր պարտավորությունները չի կատարում, ապա 30 օրը լրանալուց հետո Կենտրոնական բանկի պահանջով բանկը, տվյալ դեպքում՝ «Յունիբանկը», պարտավոր է իր հաշվապահական փաստաթղթերում այդ գումարի, այսինքն՝ չմարված վարկի 10%-ի չափով պահուստավորել: Երկու ամիսը լրանալուց հետո պահուստավորվում է չմարված վարկի 20%-ը, երրորդ ամիսը լրանալուց հետո էլ այն համարվում է ոչ ստանդարտ եւ ըստ այդմ էլ բանկը պարտավոր է պահուստավորել այդ գումարի 30%-ը: Իսկ եթե բանկի եւ վարկառուի միջեւ խնդիրը չի լուծվում 271 օրվա ընթացքում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո չմարված վարկի գումարը համարվում է լրիվ անհուսալի, եւ բանկը պարտավոր է գումարի 100 %-ի չափով էլ պահուստավորել:
Այսինքն՝ այդ ամենն արվում է այն նպատակով, որպեսզի բանկի ոչ մի ավանդատու չտուժի եւ հարկ եղած դեպքում նրանք կարողանան զերծ մնալ բանկի ունեցած խնդիրներից եւ հետ ստանան իրենց գումարները: Թեեւ բանկի ոլորտի որոշ մասնագետներ պնդում են, որ սույն կարգի նպատակը ոչ թե ավանդատուների շահերը պաշտպանելն է, այլ՝ որպեսզի բանկերը կարողանան ավելի ճիշտ եւ հավասարակշռված ճանաչեն վարկային ներդրումներից իրենց կորուստները եւ կատարեն համարժեք շահութահարկի հաշվարկներ եւ վճարումներ:
Ըստ որոշ լուրերի, «Հին Էրիվանի» եւ «Յունիբանկի» դեպքում վիճարկվող գումարի չափը մոտ մեկ միլիարդ դրամ է: Իսկ դա այդքան էլ քիչ գումար չէ եւ բանկի շրջանառությունից կամ կապիտալից այդքան գումարը հանելը պարզից էլ պարզ է, որ խնդիրներ կառաջացնի բանկի համար:
«Յունիբանկը» Մանվել Տեր-Առաքելյանին այս տարվա հունիսի 7-ին ուղարկել է գույքի բռնագանձման թուղթը: Պարզ թվաբանության արդյունքում երեւում է, որ
90-օրյա ժամկետից մի քանի օր էլ անցել է, եւ «Հին Էրիվանն» ու «Յունիբանկը» չեն հաշտվել ու դեռեւս տարաձայնություններ ունեն:
«Առավոտը» Կենտրոնական բանկից հետաքրքրվեց, թե որեւէ միջոց ձեռնարկե՞լ են ռիսկային համարվող այդ գումարից սահմանված չափը՝ տվյալ դեպքում 30%-ը պահուստավորելու համար, թե՞ «Յունիբանկի» համար զիջումների են գնացել:
Ի պատասխան «Առավոտի» հարցին, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից այսպես պարզաբանեցին. «Ձեր գրությամբ նշված կարգավորումը առկա չէ ինչպես ՀՀ կենտրոնական բանկի կանոնադրության մեջ, այնպես էլ բանկերի գործունեությունը կարգավորող որեւէ իրավական ակտում: Միեւնույն ժամանակ, բանկերի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության հետ կապված խնդրի առաջացման դեպքում բանկերը դասակարգում են այդ ակտիվները եւ հնարավոր կորուստների համար ձեւավորում են համապատասխան չափերով պահուստներ: Բանկերի կողմից իրենց ակտիվները դասակարգելու չափանիշները եւ համապատասխան չափերով պահուստ ձեւավորելու կարգը սահմանված են ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դաuակարգման եւ հնարավոր կորուuտների պահուuտների ձեւավորման կարգով:
Ինչ վերաբերում է ավանդատուների կողմից ներդրված ավանդների վերադարձելիությանը, ապա նշված հարցի կարգավորումը տրված է մի շարք օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով»: Չնայած ԿԲ-ն հավաստիացնում է, որ իրենք շարժվում են օրենքի համաձայն, այնուամենայնիվ, ԿԲ-ի պատասխանից այդպես էլ չհասկացվեց՝ «Յունիբանկը» պահուստավորե՞լ է ռիսկային համարվող վարկի 30%-ը, թե՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել