Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ ԵԽԽՎ-ԻՆ

Սեպտեմբեր 15,2011 00:00

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը նամակ են հղել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին՝ իրենց մտահոգությունը հայտնելով ՀՀ հարցով համազեկուցողների՝ «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Կիսելով զեկույցում մատնանշված շատ հիմնախնդիրների վերաբերյալ համազեկուցողների մտահոգությունները՝ «Ժառանգությունն», այդուհանդերձ, զեկույցում տեղ գտած որոշ դրույթներ անընդունելի եւ վտանգավոր է համարել՝ հավելելով, թե դրանք «ստվերում են զեկույցի ամբողջ ոգին եւ գլխավոր գործառույթը»: Խոսքը զեկույցի այն հատվածի մասին է, որտեղ ողջունվում է 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահի հանձնարարականը, եւ որ այս գործով վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույցը պետք է հրապարակվի մինչեւ 2011թ. ավարտը: «Մինչդեռ մենք շարունակում ենք մեծ թերահավատությամբ վերաբերվել գործող իշխանությունների կողմից մարտի 1-ի սպանությունների բացահայտման հեռանկարին, քանի դեռ Սերժ Սարգսյանը որեւէ քայլ չի կատարել Փաստահավաք խմբի վերականգնման համար, որը կազմավորվել էր իշխող կոալիցիայի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից նշանակված փորձագետների ներգրավմամբ»,- ասված է նամակում, որտեղ կարեւորվել է միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Նամակում անընդունելի է համարվել նաեւ զեկույցի 11-րդ կետն ամբողջությամբ՝ «2008թ. մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո փակված համարվել»: Զեկույցում ողջունվել է ԵԽԽՎ-ի եւ ՀՀ իշխանությունների միջեւ «ԵԽԽՎ Մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում համագործակցության զարգացման օրինակ» դիտարկված համագործակցությունը: «ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ՀՀ ընդդիմադիր ուժերի տեսակետների անտեսումը կարող է լինել հրաշալի օրինակ, թե ինչպես չպետք է տեղի ունենա ԵԽԽՎ-որեւէ երկրի ընդդիմություն հարաբերությունը»,- ասված է նամակում, հույս հայտնելով, որ բանաձեւի վերջնական տարբերակում շտկումներ եւ փոփոխություններ կմտցվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել