Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԵՎ ՆՐԱՆՔ ԵՆ

Սեպտեմբեր 15,2011 00:00

1991 թվականի Անկախության հանրաքվեին ընդառաջ՝ «Այո» ավտոշարասյուներ էին կազմակերպվել ու մեկնել հանրապետության տարբեր շրջաններ՝ քարոզչության: Եզրափակիչ տոնախմբությունը սեպտեմբերի 21-ի նախօրեին Անկախության հրապարակում էր: Եվ հստակ հիշում եմ, թե ինչպես էր տոնախմբության վարողը՝ Աշոտ Բլեյանը, որը Շահեն Պետրոսյանի հետ միասին Զանգեզուրի «Այո» ավտոշարասյան կազմակերպիչներից էր՝ ոգեւորված բացականչում, թե սարերն իրենց ասում էին՝ «այո՜», ձորերն իրենց ասում էին՝ «այո՜»:
Հիմա արդեն փոքր-ինչ ծիծաղելի թվացող այս հիշողության առիթը դարձավ Անկախության 20-ամյակի կապակցությամբ տոնակատարության քարոզչական ֆոնը: Հանրությունը տեղեկացավ, որ Երեւանի կոնյակի գործարանը թողարկելու է Անկախության 20-ամյակին նվիրված «Հայաստան» կոնյակը, որը պատրաստվել է 1991 թվականին մթերված խաղողի սպիրտից: Մամուլը հեղեղված է 20 տարեկանների հարցազրույցներով, եւ հատկապես նրանք են հարգի, որոնք հենց սեպտեմբերի 21-ին կդառնան 20 տարեկան: Ռադիոկայաններից մեկն Անկախության օրվա առնչությամբ հարկ էր համարել տեսակետ հարցնել հատկապես Խոսրով Հարությունյանից: Նա, հիշեցնեմ՝ 1991-ին կոմունիստ էր, իսկ թե ինչպես էր կոմունիստական կուսակցությունը վերաբերվում Հայաստանի անկախացմանը՝ կարող են չիմանալ միայն մեր նորագույն պատմությանը չտիրապետողները: Եվ ահա Խոսրով Հարությունյանն այս առիթով կարեւորել է պատմելը, որ չկային հացի պաշարներ. «Սարսափելի հերթեր էին գոյացել հացի խանութների մոտ: Երեկոները շրջում էի քաղաքով եւ անկեղծ եմ ասում՝ սարսափելի ծանր էի տանում այդ ամենը, այնպիսի տպավորություն էր, որ հայ ժողովուրդը դատապարտված է սարսափելի անհաջողությունների»: Ամեն ինչ ճիշտ է՝ ե՛ւ հացի հերթեր են եղել, ե՛ւ անհաջողություններ: Բայց արդյոք միայն սրանո՞վ էր նշանավորվում Հայաստանի անկախացումը:
Սակայն խնդիր չկա՝ կարելի է այս ամենի մասին տեսակետ հարցնել թեկուզ նաեւ ժամանակին անկախության հակառակորդը եղածներից կամ մարդկանցից, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել այդ ամենի հետ:
Առավել էականը հետեւյալն է, որ միջընտրական այս շրջանում իր հարաբերական անկախությունը վերագտած էլեկտրոնային մամուլն այդպես էլ չի հանդգնում 1991-ի մասին խոսելու համար խոսափող տրամադրել մարդկանց, որոնք այդ ամենի անմիջական դերակատարն ու կազմակերպիչն էին, ինչ է թե, նրանք այժմ ընդդիմադիր ճամբարում են:
Մեղմ ասած՝ ցավալի է, որ պետական քարոզչության կազմակերպիչներն այդպես էլ չըմբռնեցին մի պարզ ճշմարտություն, որն այլ առիթով (պարզաբանելով, թե ինչու քննադատեցին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի որոշումը՝ չմասնակցել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով Լոս Անջելեսում կազմակերպվելիք հանդիսավոր ճաշկերույթին) ձեւակերպել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը. «20-ամյակը բոլորի նվաճումն է, անկախ նրանից՝ դու այսօր ընդդիմությո՞ւն ես, թե՞ իշխանություն: Սա համայն ժողովրդի ձեռքբերումն է եւ տոն է բոլորիս համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել