Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Համակարգը կլանում է նորմալ մարդկանց

Սեպտեմբեր 15,2011 00:00

Կարծում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

– Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտնի հրաժարականը ինչ-որ լուրջ բանի սկի՞զբ է, արդյոք այդ հրաժարականը ազդեցություն կարո՞ղ է ունենալ ներքաղաքական իրավիճակի վրա:
– Ես չեմ ուզում խորանալ մի բանի մեջ, որի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա չունեմ, ես միայն կարող եմ ասել, որ Կարեն Կարապետյանը պարկեշտ անձնավորություն է եւ իմ ընկերն է՝ անկախ այն հանգամանքից, թե ինքը որտեղ է գտնվել, մենք ընկերներ ենք, եւ ես նրա պարկեշտությունը, նվիրվածությունը գնահատել եմ: Ինքն աշխատել է Ազգային ժողովում, ես իրեն այդտեղից եմ ճանաչում եւ կասեմ, որ որպես քաղաքական գործիչ էլ ինքը հակված էր մարդկանց միավորող գաղափարներ գտնել, ոչ թե պառակտիչ գործողություններ ծավալել, այլ, ճիշտ հակառակը՝ կառուցողական մոտեցում ունենալ, միավորող հարցեր գտնել, որոնց շուրջ կարող են մարդիկ միավորվել, հաշտվել. այս գործառույթն էր նա իրականացնում, որը բխում էր իր էությունից, իր տեսակից:
– Ձեր կարծիքով՝ այս հրաժարականը ի՞նչ կերպ կազդի գործընթացների վրա:
– Ես ասացի՝ մեզ համար այս իրադարձությունները կանխատեսելի են եւ կարող են անընդհատ էլ տեղի ունենալ, որովհետեւ այս համակարգը կլանում է, ամենալավ մարդկանց էլ կարող է կլանել եւ թույլ չտալ, որ այդ մարդը, ինչքան էլ ուզենա, դրական բաներ անի, անի այդ քայլերը, համակարգը սահմանափակում է դրականն անելու գործողությունները: Մինչդեռ ճիշտ հակառակ տրամաբանությունը պետք է լինի՝ համակարգը պետք է այնպիսին լինի, որ սահմանափակի բացասական միտումները: Մեզ մոտ հակառակն է տիրում՝ այդ բացասականը խրախուսվում է, օրինակ են դառնում այն մարդիկ, ովքեր ժողովրդի մեջ զրոյական հարգանք ունեն, եթե չասեմ՝ ընդհանրապես հարգանք չունեն, այլ՝ հակակրանք: Եվ այդ մարդիկ աճում են, դառնում են շատ վտանգավոր:
– Անուններ, իհարկե, Դուք հիմա չեք տա։
– Անունները բոլորը գիտեն, ով այդ տիպն է, թաղերում դարձել է ամենաճանաչված դեմքը եւ ամենահովանավորյալը իշխանությունների կողմից. այս վիճակը պետք է գլխիվայր շուռ տրվի: Հենց այս պատճառով ենք ասում, որ համակարգը պետք է փոխվի, որովհետեւ այդ համակարգը կլանում է նորմալ մարդկանց, չի թողնում, որ նրանք դրսեւորեն իրենց դրական հատկանիշները: Օրինակ՝ լինում են ձերբակալություններ, կոնկրետ մարդիկ են ձերբակալվում, բայց ո՞վ չգիտի, որ այդ համակարգում այդպիսի վիճակ է, բոլորը գիտեն, բայց ինչ-որ մեկին են գտնում եւ պատժում: Լավ, չենք էլ ասում, որ պետք չի պատժել, իհարկե՝ պետք է պատժել, բայց դա ինչ-որ անհատական, անձնական հարաբերությունների հարց չպիտի լինի եւ այդպես չպետք է ընկալվի, իսկ հասարակության մեջ այդպես է ընկալվում, որովհետեւ համակարգը, որը ծնել է այդ մարդուն, որին հիմա դատում են, մնում է իր տեղում, չի փոխվում, բայց տվյալ մարդուն դատում են: Ես կոչ եմ անում այդ մարդկանց՝ եթե ուզում են մեր ժողովրդի համար ռեաբիլիտացվեն եւ լավ գործ անեն, թող բացահայտեն ամբողջ համակարգի արատավոր շղթան, այդ դեպքում իսկապես հարգանքի կարժանանան նույն հասարակության կողմից, որովհետեւ դրական բան արած կլինեն:
– Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ նման բան պարզապես չի լինի:
– Դե, ես իմ ցանկությունն եմ ասում, կարծում եմ՝ ինձ նման ցանկացողներ շատ կան, բայց ինչու դա իրականություն չի դառնում՝ որովհետեւ այդպես ցանկացողները միավորվելու, կազմակերպվելու ճիգ չեն գործադրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել