Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ

Սեպտեմբեր 15,2011 00:00

«ՀԱԿ-ին առիթ էր պետք երկխոսությունն առկախելու համար»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

\"\"
ՀԱԿ-իշխանություն վերջին երկխոսությունը:

– Պարոն Հակոբյան, իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն առկախվեց, թեեւ դրա անցած 4-5 ռաունդներում հասարակության համար տեսանելի արդյունքի մասին խոսելու առիթ էլ չկա: Ի՞նչ եք կարծում, ծանրակշի՞ռ էր այն պատճառը՝ Կոնգրեսի ակտիվիստի կալանավորումը, որի համար իշխանությունների եւ ՀԱԿ-ի կողմից այդքան կարեւորվող երկխոսությունը մնաց օդում:
– Դա պատճառը չէր, առիթն էր, չլիներ դա՝ կլիներ այլ առիթ:
– Ինչո՞ւ էր պետք այդ առիթը:
– Որովհետեւ դա ոչ մի տեղ տանող երկխոսություն է: Ես որեւէ տարբերություն չեմ տեսնում նախագահի եւ 50-ից ավելի կուսակցապետերի ու իշխանություն-ՀԱԿ հանդիպումների միջեւ: Տարբերությունը միայն ձեւաչափերն էին, բայց նույն իմիտացիան է, ժամանակի կտրվածքով անձնական եւ թիմային խնդիրներ լուծելը: Իշխանությունը կարողացավ օգտագործել այդ պահը՝  բավարարել ՀԱԿ-ի այսրոպեական եւ անձնական ամբիցիաները: Բայց հասկանալի էր նաեւ, որ այն օրակարգը, որն առաջարկում էր ՀԱԿ-ը, միայն քմծիծաղ էր առաջացնում իշխանությունների մոտ: Խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ երկրում քաղաքական ճգնաժամ եւ, հետեւաբար, արտահերթ ընտրությունների հարց չկա. ընդհակառակը՝ այն կա, եւ ամեն օր այն ավելի է խորանում: Բայց ասել, թե երկխոսության սեղանի շուրջ իշխանությունը կհամաձայնի արտահերթ ընտրությունների՝ մանկամտություն է: ՀԱԿ-ին պետք էր երկխոսության միջոցով ժամանակ ձգձգել. ակնհայտ էր, որ հանրահավաքից հանրահավաք նոսրանում էր մասնակիցների թիվը, եւ իշխանություններն օգնեցին նրան այդ հարցում: Իրենց ձեռնտու էր բավարարել ՀԱԿ-ի հավակնությունը, որ նա ներկայանա որպես «միակ» եւ «իրական» ընդդիմություն, ինչի արդյունքում իշխանությունները շատ ավելի օգուտներ քաղեցին.  միջազգային հանրությունը ողջունեց այդ երկխոսությունը, ՀԱԿ-ի ներկայացուցիչները նույնիսկ հայտարարեցին, որ աշխատում են մեր իշխանություններին եվրոպական կառույցներում ներկայացնել որպես ժողովրդավարների եւ բարեփոխումներ իրականացնողների: Վերջապես ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ ծնվեց, որտեղ ոչ միայն «Մարտի 1»-ի պատմությունն է փակված համարվում, նաեւ արտահերթ ընտրություններն են, ըստ էության, ժամանակի կտրվածքով աննպատակահարմար համարվում, ողջունվում է «բարեփոխված» «Ընտրական օրենսգիրքը», որում ՀԱԿ-ը նույնպես իր մասնաբաժինն ունեցավ: Կարելի է ենթադրել, դատելով այս նախագծի նկատմամբ իշխանությունների եւ Տեր-Պետրոսյանի որդեգրած կեցվածքից, որ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծին նախապես երկու կողմերն էլ տեղյակ են եղել եւ տվել են իրենց համաձայնությունը, չնայած ՀԱԿ-ի ներկայացուցիչները հիմա աղմուկ են բարձրացնում դրա շուրջ: Կարծում եմ՝ գաղտնիք չէ այլեւս, որ ՀԱԿ-ի առաջնորդը միայնակ է ընդունում որոշումները, ինչի մասին նույնիսկ արձանագրում են վիկիլիքսյան հրապարակումները: Այդպես էլ Կոնգրեսի շահը երբեք չդարձավ պետության եւ ազգի շահը՝ այնպես, ինչպես իշխանության շահը չդարձավ պետության եւ ժողովրդի շահը: Եվ պատահական չէ, որ երկուսն էլ իրենց օգուտները գտան այդ երկխոսության մեջ. մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ քիչ, բայց դա օգուտ չտվեց ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին, փոխարենը ընդդիմադիր տրամադրված հատվածի մոտ նոր հիասթափության ալիք բարձրացավ:
 – Բայց եթե հավատանք ավելի վաղ եղած պնդումներին, թե՝ երկխոսությունը ԱԺ-ում երաշխավորված մանդատներ ստանալու համար էր պետք ՀԱԿ-ին, ապա երկխոսության առկախումը Կոնգրեսի կողմից այդ համատեքստում անհասկանալի է դառնում:
– Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ քաղաքական ուժերը պայքարում են խորհրդարանում մանդատներ ունենալու համար: Այլ հարց է, թե ինչ միջոցներով են ուզում դրան հասնել: ՀԱԿ-ը հավակնություն ուներ երկխոսության միջոցով իրեն պարտադրել իշխանական համակարգ, ինչը տեղի չունեցավ: Եվ բնական է, որ երկխոսությունը պետք է առկախվեր նրանց կողմից, ինչի համար միայն առիթ էր պետք: Անցած 7 ամիսներին ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ՀԱԿ-ը իրենց ԶԼՄ-ներով մեր քաղաքական դաշտը տեղապտույտի մեջ պահեցին՝ դրա առանցքը դարձնելով երկխոսությունը: Բայց երկու կողմերն էլ հասկանում են, որ սպառվում է ժամանակ սպառելու ժամանակը, իսկ իրենք ասելիք չունեն: Այս ընթացքում իշխանությունը լավագույնս օգտագործեց երկխոսության փաստը, ու այդ է պատճառը, որ հիմա դրա առկախումը «թեթեւ է տանում»: Երկխոսությունից իշխանության ստացած արդյունքը շոշափելի է, եւ դա՝ միմիայն ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդի շնորհիվ: Կոնգրեսում, երեւի, ակնկալում էին, որ իշխանությունը դրա դիմաց իրենց ինչ-որ բան պիտի տա: Բայց հայաստանյան քաղաքական զարգացումները միշտ էլ ցույց են տվել, որ քաղաքական պայքարը մեզ մոտ ջունգլիի օրենքներով է ընթանում, հատկապես, երբ այն նույն տեսակի մեջ է. Մավրը կատարել է իր գործը, եւ Մավրը պետք է հեռանա: Հիմա ՀԱԿ-ը նորից փորձելու է անցում կատարել  իր նախկին արմատական բառամթերքին, ինչ մինչեւ երկխոսությունն էր: Բայց չեմ կարծում, թե  նույն այդ բառապաշարով՝  ավազակապետություն, թալանչիներ եւ այլն, ՀԱԿ-ին իշխանությունը եւ հասարակությունն այլեւս լուրջ կընդունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել