Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԹՈՂԵՑ «ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ»

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չի զարմանում, որ բարեկեցիկ ապրող ԱԺ նախագահը Հայաստանում հեղափոխական իրավիճակ չի տեսնում:

– Հակադարձելով ՀԱԿ-ի կատարելիք քայլերին եւ ՀԱԿ-ից հնչող հայտարարություններին՝ նախորդ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ ինքը Հայաստանում հեղափոխական իրավիճակ չի տեսնում։ Փոխարենը նշել էր մի քանի խնդիրներ՝ Ղարաբաղի, Թուրքիայի հետ հարաբերությունների, եւ նկատել, որ ճիշտ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ ՀԱԿ-ը՝ «նստենք, քննարկենք, թե ո՞ր ուղղությունը, ո՞ր ռեֆորմը մենք սխալ ենք իրականացնում՝ ճշտենք»։ Առկախված երկխոսության պարագայում ինչպե՞ս ընկալել այս առաջարկը:
– Մենք այդ շանսը տվեցինք իշխանություններին, ենթադրաբար՝ նաեւ Հովիկ Աբրահամյանին: Դա իրենք չհասկացան, չկարողացան պատմական այդ պահն ըմբռնել, որովհետեւ պատրաստ չէին, ի վիճակի չէին դա հասկանալու: Որպես գործող իշխանություն՝ իրենք կորցրեցին շանսը: ՀԱԿ-ը կանի իր քայլերը, եւ դրանից հետո իրենք շատ կփոշմանեն: Ինչ մնում է, թե ինչ վիճակ է երկրում՝ իրենց շրջապատն ապրում է բարեկեցիկ եւ խիստ բարեկեցիկ կյանքով, հետեւաբար իրենք չեն կարող հասկանալ, թե ժողովուրդն ինչ վիճակում է ապրում, երկրում ինչ վիճակ է: Դա չհասկացան նաեւ Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում: Ամեն մեկը մտածում է, որ իր հետ դա չի կարող լինել, բայց բոլորի հետ էլ լինում է:
– Հերթական ընտրություններին ընդամենը յոթ ամիս է մնացել, կարծում եք այդ ժամանակահատվածում հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ:
– Արտահերթ ընտրություններ կլինեն անպայման, անգամ եթե երեք կամ մեկ ամիս մնա: Դա ոչ թե ՀԱԿ-ի կապրիզն է, այլ ելք է՝ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու:
– Թեեւ նախապես խոստանում էին ՀԱԿ ներկայացուցիչները, բայց վերջին հանրահավաքը հուժկու եւ շրջադարձային չեղավ: Հանրահավաքում էլ հայտարարվեց, որ 500 հազար մարդ է անհրաժեշտ, որպեսզի հեղափոխություն իրականացվի: Վստա՞հ եք, որ հաջորդ հանրահավաքներին այդքան մարդ փողոց դուրս կգա:
– 500 հազարը սիմվոլիկ թիվ է, դա չի նշանակում՝ հատ-հատ հաշվելու ենք, դա նշանակում է՝ ժողովրդի համակցված կամքի արտահայտություն: Այս երկրում դժգոհ մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց պետք չէ, որ հրապարակում 500 հազար մարդ հավաքվի՝ նոր Կոնգրեսը քայլեր անի: ՀԱԿ-ը քայլեր կանի. դրանք պատրաստված են, մշակված են:
– 2008-ին ժողովրդի մի ստվար հատված կանգնեց ՀԱԿ-ի կողքին: Տեղի ունեցավ «Մարտի 1», դրան հաջորդեցին իրադարձություններ, այդ թվում նաեւ եղան հեղափոխական ռեալ իրավիճակներ, որոնք Կոնգրեսը բաց թողեց: Կարծում եք՝ ժողովրդի մեծամասնությունն այդ ամենից հետո նորից կվստահի՞ ՀԱԿ-ին:
– Կոնգրեսի գոյության երեք տարիների ընթացքում մեր բոլոր քայլերն ուղղված են եղել ի նպաստ ժողովրդի բարօրության եւ երկրի կայունության: Այնպես չէ, որ Կոնգրեսը հնարավորությունները բաց է թողել. ՀԱԿ-ը շատ ավելի պատասխանատու է մոտեցել իրավիճակին, քան գործող իշխանությունը: Եվ այսօր, ես վստահ եմ, ժողովուրդն այլընտրանք չի տեսնում, չկա այդ այլընտրանքը: Կոնգրեսն այս ընթացքում ապացուցեց, որ իր հզորությամբ միակ ալյանսն է, որը հնարավորություն ունի եւ անպայման կանի իշխանափոխություն:
– Դեռեւս ՀԱԿ-ի մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության մաս կազմող միավորման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նախորդ օրը հայտարարել էր, որ ընտրությունների շեմին ՀԱԿ-ը կքանդվի, քանզի այնտեղ էլ նյութապաշտներ եւ անձնական շահը գերադասողները քիչ չեն:
– Մեկնաբանություններ անել չեմ ուզում, բայց եթե մարդիկ հայտարարություններ են անում, պետք է պատասխանատու լինեն իրենց խոսքերի համար, եւ եթե քաղաքականությամբ են զբաղվում, պետք է հասկանան, որ էմոցիոնալ հայտարարություններ անել պետք չէ եւ լուրջ չէ: Քաղաքականությունն ամեն մարդու բան չէ: Քաղաքականությունը խորքային գործընթաց է, պահի տակ հայտարարություն չէ, քաղաքականությունն ակնթարթ չէ, գործընթաց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել