Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ երկրի կարեւորագույն այցեքարտը

Սեպտեմբեր 14,2011 00:00

Հայկական դրամը՝ հայի վրձնով

\"\" \"\"

Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման օրինական միջոց ճանաչվեցին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արտադրված 10, 25, 50, 100, 200 եւ 500 անվանական արժեքներով թղթադրամները: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը միակն էր հետսովետական երկրների շարքում, ուր սովետական ռուբլին մնացել էր դրամաշրջանառության մեջ, ինչը նորանկախ երկրի տնտեսությունը դնում էր ծանր վիճակի մեջ: Հասունացել էր սեփական դրամական միավոր ունենալու անհրաժեշտությունը: 1992թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հայկական թղթադրամների նմուշների ձեւավորման մրցույթ: Մրցութային հանձնաժողովը պետք է նաեւ որոշեր ազգային արժույթի անվանումը: Քննարկման առաջադրված մի քանի անվանումներից՝ դրամ, ստակ, իբար, դահեկամ, ընտրվեց դրամը: Մրցույթին մասնակցեց 13 հոգի, արդյունքում մրցութային հանձնաժողովի միահամուռ որոշմամբ ընտրվեցին ՀՀ նկարիչների միության անդամներ Աշոտ Մանուկյանի եւ Հրաչյա Ասլանյանի ներկայացրած համատեղ վեց աշխատանքները, որին հաջորդեց 10, 25, 50, 100, 200 եւ 500 անվանական արժեքներով թղթադրամների առաջին շարքի թողարկումը: Թղթադրամների տպագրությունն իրականացվեց Մյունխենում: Հայկական թղթադրամների ձեւավորման համահեղինակ, նկարիչ-դիզայներ Աշոտ Մանուկյանը պատմում է, որ դրամի ձեւավորման աշխատանքներն ավարտելու համար հատկացված ժամանակը շատ սուղ էր՝ մեկ ամիս, իսկ համակարգչային տեխնիկայի բացակայության պատճառով ստիպված էր աշխատել մատիտով ու ներկերով: «Երբ դրամները տարանք Գերմանիա տպագրության, այնտեղ արդեն օգնության հասավ տեխնիկան: Առաջին շարք թղթադրամները զգալիորեն զիջում են այժմյան դրամներին թե պաշտպանական հատկություններով, թե գեղարվեստական առումով: Եթե առաջ դրամներն ունեին 5-7 պաշտպանական հատկանիշ, ապա այժմ դրանք մոտ 17-ն են: Պատճառը ժամանակի սղությունն էր»,- ասում է Աշոտ Մանուկյանը:
1994թ., երբ շրջանառության մեջ պետք է ավելանար նաեւ 1000 դրամանոցը, ՀՀ ֆինանսների նախարարությունը թղթադրամի ձեւավորումը պատվիրում է Աշոտ Մանուկյանին: «1996 թվականին, երբ մասնակցում էի երկրորդ շարքի թողարկման 50, 100, 500 անվանական արժեքներով թղթադրամների ձեւավորման մրցույթին, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտն առաջարկեց, որ հայկական դրամի վրա պատկերվեն 19-20-րդ դարերի հայ մշակույթի եւ գիտության նշանավոր գործիչների դիմանկարները: Ես նախընտրեցի Արամ Խաչատրյանի, Վիկտոր Համբարձումյանի եւ Օրբելի եղբայրների դիմանկարները: Իմ ներկայացրած երեք էսքիզներն էլ լավագույնը ճանաչվեցին, սակայն Օրբելի եղբայրների փոխարեն հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի դիմանկարով ներկայացվածը»,- պատմում է նկարիչ-դիզայները:
Հետագայում, որպես մրցույթի հաղթող, Կենտրոնական բանկը Աշոտ Մանուկյանի հետ կնքում է պայմանագիր՝ աշխատելու նաեւ մյուս դրամանիշերի էսքիզների ձեւավորման վրա: 1998-2003թթ. նկարչի էսքիզներով թողարկվում են երկրորդ շարքի թղթադրամները՝ 1998թ. 50 դրամանոցը (Արամ Խաչատրյանի դիմանկարով) եւ 100 դրամանոցը (Վիկտոր Համբարձումյանի դիմանկարով), 1999թ. 500 դրամանոցը (Ալեքսանդր Թամանյանի դիմանկարով), 20 000 դրամանոցը (Մարտիրոս Սարյանի դիմանկարով), 2001թ. 1000 դրամանոցը (Եղիշե Չարենցի դիմանկարով), 2003թ. 5000 դրամանոցը (Հովհաննես Թումանյանի դիմանկարով) եւ 10000 դրամանոցը (Ավետիք Իսահակյանի դիմանկարով):
«Առաջարկված թեմաները բավականին հետաքրքիր էին ինձ համար, քանի որ ամեն անգամ ուսումնասիրում էի մեր արվեստի ու գիտության գործիչների կենսագրությունն ու թողած ժառանգությունը: Ամեն դրամանիշ ստեղծելուց առաջ մեծ աշխատանք է տարվել՝ մի դեպքում աշխատել եմ մեկ, մյուս դեպքում՝ հինգ-վեց ամիս: Բացի այդ, ուսումնասիրել եմ նաեւ այլ երկրների թղթադրամները, հաշվի առել թղթադրամի պաշտպանիչ հատկանիշները ու տպագրական ընկերության հնարավորությունները: Շատ պատասխանատու աշխատանք էր, քանի որ ինձնից առաջ Հայաստանում այդ գործը ոչ ոք դեռ չէր արել, սակայն այն զգացողությունը, որ քո ստեղծածը մարդկանց երկար տարիներ է ծառայելու, արդեն իսկ ոգեշնչող է»,- հավելեց Ա. Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930