«Առավոտի» նախորդ համարներից մեկում գրել էինք միջազգային մրցաշարերում հայաստանցի թենիսիստուհի Անի Ամիրաղյանի հաջող մրցելույթների եւ շնորհալի մարզուհու համարձակ նպատակների մասին:
Երեկ Անին եւ հանրապետության ազգային հավաքականում իր թիմակից Օֆելյա Պողոսյանը Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկեցին «Tbilisi Open» մրցաշարում: Ցավոք, Օֆելյան մենախաղերի հենց առաջին շրջանում 4:6, 3:6 հաշվով պարտվեց կորտի տերերից Մաճաիձեին: Դրա փոխարեն Անի Ամիրաղյանը, չնայած մեկնելուց առաջ ուսի հետ կապված խնդիրներին, պարտության մատնեց բելառուսցի Վիկտորիա Յեմյալանավային՝ 6:2, 7:5, եւ այսօր հանդիպելու է Դարյա Բերեժնայայի (Ղազախստան) հետ:
Անին խմբագրությունում ասել էր, թե նպատակ ունի այս տարի տեղ զբաղեցնել աշխարհի առաջին 400 թենիսիստուհիների մեջ: Արդեն հրապարակվել է WTA-ի այս շաբաթվա ցանկը, որում նա 52 կետով վեր է բարձրացել եւ 715-րդից տեղափոխվել 663-րդ հորիզոնական: