Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկը՝ առանց մեդալի եւ ուղեգրի

Սեպտեմբեր 14,2011 00:00

\"\"Ստամբուլում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի մասնակիցները, մեդալներից զատ, պայքարում են նաեւ եկող տարվա ամռանը Լոնդոնում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգրեր շնորհվում են ըստ քաշային կարգերի 1-5-րդ տեղերը զբաղեցնող ըմբիշներին:
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականից վարկանիշային այս անդրանիկ մրցաշարում, անկեղծ ասած, ակնկալիքները բավականին մեծ են ոչ միայն ուղեգրերի քանակի, այլեւ մեդալներ նվաճելու առումով: Սակայն հայ մարզասերների սպասելիքները մեկնարկային օրը չիրականացան: Երեք քաշային կարգերում մրցագորգ մտած մեր ըմբիշները, որոնք միջազգային ասպարեզում բավականին բարձր հեղինակություն ունեն, ոչ միայն որեւէ մեդալ չկարողացան նվաճել, այլեւ առաջին հնգյակում տեղ չզբաղեցրին: Արդեն ասել ենք, որ Ստամբուլում, գուցե, մեդալներից ավելի կարեւոր են ուղեգրեր նվաճելը: Դա իրոք այդպես է: Սակայն հավասարապես չի տարածվում հավաքականի բոլոր անդամների վրա, մասնավորապես՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանի, որի մրցելույթներից յուրաքանչյուրում մարզասերը միայն ու միայն մեդալ է ակնկալում: Բայց այս անգամ չստացվեց: Ռոմանը շահեց երկու գոտեմարտ, սակայն երրորդում սայթաքեց ու դուրս մնաց մեդալների համար հետագա պայքարից: Իսկ ինչ վերաբերում է լավագույն հնգյակ մտնելուն, դա էլ չեղավ. հայ ըմբիշը հանգրվանեց իր եւ մարզասերների համար անսովոր՝ 9-րդ հորիզոնականում:
Ընդամենը մեկ արգելք հաղթահարեց 66 կգ քաշային Արման Ադիկյանը, ինչը նրան, ի վերջո, ետ մղեց 16-րդ հորիզոնական:
Մեկնարկային օրվա մեր ամենահաջողակ մասնակիցը դարձավ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որն իր քաշային կարգում դարձավ յոթերորդը:
Այսպիսով, Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանին ոչ մեդալ բերեց, ոչ էլ՝ օլիմպիական ուղեգիր: Երեկ պայքարի մեջ ներգրավվելու էին Վահան Ջուհարյանը (60 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ) եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել