Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական տարին՝ աթոռակներով

Սեպտեմբեր 14,2011 00:00

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կողմ է երիտասարդներին եւ նորարարական մոտեցումներին:

\"\"
Երվանդ Ղազանչյանը ներկայացնում է թատրոնի նոր դահլիճը:

Դեռեւս անցյալ դարի 70-ական թվականներից հայաստանյան որոշ թատրոններում, բացի հիմնական բեմից, գործում էին փոքր բեմեր եւ սրահներ: Այսպես. Սունդուկյանի անվան թատրոնում 1970-ականներին գործում էր փոքր բեմ, Ազգային օպերային թատրոնում՝ Հայելապատ սրահ, Երեւանի եւ Գյումրիի տիկնիկային թատրոններում 90-ականներից մինչ օրս՝ եւս մեկական բեմեր, 4-5 տարի առաջ էլ հիմնադրվեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմը:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը իր հոբելյանին՝ 70-ամյակին ընդառաջ, ձեռնամուխ է եղել փոքր բեմի կամ, ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է ասում՝ փոքր դահլիճի ստեղծմանը: «Առավոտի» հետ զրույցում եւս մեկ բեմ ունենալու անհրաժեշտությունը պարոն Ղազանչյանը  բացատրեց երիտասարդ կադրերին թատրոնի ստեղծագործական աշխատանքներում ներգրավելով: «Եկող տարվա սկզբից գործող փոքր դահլիճում հանդիսատեսը կհանդիպի բացառապես երիտասարդ բեմադրիչների աշխատանքների, Կոմեդիայի թատրոնի եւ հրավիրված, դարձյալ երիտասարդ արտիստների մասնակցությամբ: Օրինակ, բեմադրիչ Գոռը պատրաստվում է Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» դրաման, Սուրենը կիրականացնի Պուշկինի «Պիկովայա դաման»՝ շնորհալի նկարիչ Թենի Վարդանյանի հետ, Շուշանը՝ Ռոտերդամցի «Գովք հիմարության» եւ  Խոդիկյանի «Երեւանյան սիրավեպ» ներկայացումները եւ այլն»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ Կոմեդիայի թատրոնի դերասանները ողջունել են նոր դահլիճի ստեղծման գաղափարը, քանի որ այստեղ, բացի կոմեդիայի ժանրից, բեմադրվելու են դրամա, ողբերգություն եւ այլն: Մի ուշագրավ փաստ. բացվելիք դահլիճի ներկայացումները շուրջ 70 հանդիսատեսը կդիտի աթոռակներին նստած, իսկ ընդմիջմանը, իր ցանկությամբ, կարող է դրանցով շարժվել, ընտրելով իրեն հարմար տեղը: Հարցին՝ գուցե այդ դահլիճը պետք է հետագայում անվանվի մեծանուն Կարպ Խաչվանքյանի անունո՞վ, Ե. Ղազանչյանն ասաց, որ կատակերգակի անունով  փորձասենյակ կա, կեսկատակ-կեսլուրջ էլ ավելացրեց. «Քանի որ այս դահլիճը գտնվում է թատրոնի շենքի 9-րդ հարկում, գուցե այդպես էլ հենց անվանենք՝ 9-րդ հարկ»:
Մինչ շահագործումը քիչ աշխատանք է մնացել: Ամենադժվարը տեխնիկայի խնդիրն է, որը բերվելու է Ավստրիայից: Հետաքրքրությանը, թե այս ամենն ո՞ւմ հովանավորությամբ է արվում, մեր զրուցակիցը նշեց միայն «Բարձրարվեստ կերպարվեստի կենտրոնի» անունը, ասելով, որ հովանավորը խնդրել է իր անունը չբարձրաձայնել:
Զրուցեցինք նաեւ գալիք թատերաշրջանի մասին: Պարոն Ղազանչյանը հայտնեց, որ 69-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 15-ին՝  Պարոնյան-Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացմամբ: Ասաց նաեւ, որ «տանջալից» բանակցություններ են ընթանում Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրության առիթով: Խնդրանքին՝ ասածը մանրամասնել, Ե. Ղազանչյանը հավելեց. «Եկող տարի մեր թատրոնի 70-ամյակն է, Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը: Կարծում եմ, աջակիցներ կգտնվեն «Կարինեի» համար: Մի կողմից էլ սա թասիբի խնդիր է: Թուրքերն իրենց օպերետի թատրոնի ճեմասրահում տեղադրելով Չուխաջյանի դիմանկարը, մակագրել են՝ օսմանական օպերետի հիմնադիր: Ի վերջո, սպասելով աջակցության, անցել ենք աշխատանքի: Ռոբերտ Էլիբեկյանը կոստյումների եւ դեկորների խենթանալու էսքիզներ է արել… Այս  թատերաշրջանում, ավելի կոնկրետ՝ մինչեւ հունվար, կոմեդիայի երկրպագուները, հուսով եմ, ոգեւորությամբ կընդունեն երիտասարդ բեմադրիչներ Շուշանի «Ոսկի քաղաքը»՝ ըստ Թումանյանի եւ Հենրիի «Զգուշացեք, կանայք են» աշխատանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930