Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԵՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆԻՑ

Սեպտեմբեր 14,2011 00:00

Կամ Պլովդիվի հին դպրոցի նոր հոգսերը

\"\"
Դպրոցի մուտքի մոտ «դիմավորում» են  Թյությունճյան ամուսինները:

\"\"
Ստեփան Շահումյանը այլեւս հանգրվանել է դպրոցի բակում:

\"\"Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում գործող «Վիկտորիա եւ Գրիգոր Թյությունճյան» հայկական դպրոցը 177 տարեկան է: Շենքը գտնվում է հայկական սուրբ Գեւորգ եկեղեցու բակում: Տնօրեն Սիմոն Թյութելյանի պատմելով, այն տեղի հնագույն կրթական հաստատություններից է: Դպրոցի շենքը 1942-1944 թթ. հիմնովին վերանորոգվել է Վիկտորիա Թյությունճյանի եւ նրա որդու միջոցներով՝ ի հիշատակ ամուսնու՝ Գրիգոր Թյությունճյանի, որը ծխախոտի մագնատ է եղել, բարերար եւ ազգասեր անձնավորություն: Ինչպես նշեց Ս. Թյութելյանը, Բուլղարիայում համայնավարության շրջանում դպրոցը վերանվանել են Ստեփան Շահումյանի անունով, իսկ 1976-ին՝ վերջնականապես փակել: Կրթօջախը վերաբացվել է 1990-ից: «Կհիշեմ այն ժամանակը, որ չնայած Ստեփան Շահումյան անունով դպրոց էր, հայերը մեծամասնություն էին, օրինակ՝ մեր դասարանը 22 \"\"աշակերտ էր, որոնցմե 3-4 հոգի բուլգար էին, 2-3 հոգին խառն ամուսնության զավակ եւ բոլոր մնացյալը՝ հայ ծագումով եւ հայ գիտցող, սորվող հայ աշակերտներ: Հիմա կրնամ ըսել, որ 180 աստիճանը դարձված է կացությունը: Ավելի քան 400 աշակերտ է, որից 1/4-ը հայ է, բայց այդ 100 աշակերտից հազիվ 20-ը հայերեն իմանան պետք եղածին չափ»,- ցավով փաստում է դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ ընտանիքներում հայ ծնողները զավակների հետ բուլղարերեն են խոսում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ երեխաների մեծամասնության հայերենը այնքան տկար է, որ ստիպված են հայերեն ուսուցանելիս մակարդակը իջեցնել: Պատահում է՝ մինչեւ 6-րդ դասարան նույնիսկ մեսրոպյան այբուբենի տառերը ավարտած չեն լինում: Հայերեն իմացող երեխաներին եւ չխոսողներին չեն կարող խմբավորել, քանի որ հայ երեխաները մեկ դասարանում չեն սովորում, այլ սփռված են տարբեր դասարաններում:
Այս ուսումնական տարում «Վիկտորիա եւ Գրիգոր Թյությունճյան» դպրոցը 3 առաջին դասարան է ընդունել, ընդ որում՝ մեկ դասարանն ամբողջովին հայերից է բաղկացած, ինչը, տնօրենի համոզմամբ, կհեշտացնի մայրենին ուսուցանելու աշխատանքը: Ս. Թյութելյանը շեշտեց, որ իր աջ ձեռքն է համարում մայրենիի ուսուցիչներ Էլիզաբեթ Վարդանյանին ու Անուշ Թահմիզյանին:
Դպրոցը մայրենիի դասագրքերի խնդիր ունի, ըստ Թյութելյանի, լավ կլիներ, որ դրանք ավելի պարզ լեզվով լինեին, շատ նկարներով ու մատչելի: Մյուս կողմից էլ, նրա խոսքով. «Արեւելահայերենը, նույնիսկ Արցախի կամ Ախալքալաքի հայերենը նախընտրելի է բուլգարերենից»:
Դպրոցի տնօրենը մտահոգված է նրանով, որ բուլղարանալու վտանգը մեծ է հատկապես նախկին հայաստանցիների շրջանում. Բուլղարիայում կայանալու համար հայաստանցիները ձգտում են ամուսնանալ բուլղարացիների հետ, խոսում են միայն այդ երկրի պետական լեզվով. «Տեղացի հայերս ավելի կջանանք ինքզինքնիս պահել, մինչդեռ հայաստանցիները կուգան, խառնամուսնություն կընեն, որ մնան այս տեղը եւ այնուհետեւ կկորսընվեն շատ շուտ…»:
Դպրոցում հայերենը ամրապնդելու համար կից վոկալ խմբակ են բացել, առաջիկայում այլ խմբակներ եւս կգործեն: Ս. Թյութելյանի ասելով, Պլովդիվի եկեղեցական վարչությունը ոչնչով չի օգնում իրենց նման ձեռնարկներում կամ ուսուցիչների վերապատրաստման հետ կապված ծախսերի «մասով»: Պատճառն այն է, որ ինքը եկեղեցական վարչության նախընտրելի թեկնածուն չէ: «Մեր եկեղեցական վարչությունը կարծես թե ուրիշ աստված կպաշտե, իրենց աստվածը դրամն է եւ անձնական շահը: Դժբախտաբար, անոնք շատ հեռու են այն հին եկեղեցական թաղականներեն, որոնք դպրոց ստեղծած եւ բոլոր ծախսերն ու հոգսերը քաշած էին իրենց վրա»,- նշում է տնօրենը: Ս. Թյութելյանը մեկ տարի առաջ է մրցույթով տնօրեն ընտրվել, ասում է՝ այդ մեկ տարվա ընթացքում զանազան բողոքների արդյունքում կրթության տարածքային տեսչությունից 20 եւ ավելի անգամ ստուգումների են եկել ու արձանագրություններում քանիցս փաստվել է իր ազնիվ լինելը: Այժմ որոշ խնդիրներ կան դպրոցի գույքի հետ կապված. Թյութելյանի խոսքով, դրա մի մասը եկեղեցական վարչության ատենապետի մոտ է, մյուսը՝ մինչեւ վերջերս տնօրինում էր նախկին տնօրեն Վերժինիա Կարապետյանը, որոշ իրերի մասին «պատմությունը լռում է»: Ս. Թյութելյանի ցանկությունը մեկն է՝ չխանգարեն իրեն աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930