Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարի խաղատան գործով

Սեպտեմբեր 14,2011 00:00

\"\"Գլխավոր դատախազության շենքի դիմաց Գոհար Չիֆլիկյանը  սեպտեմբերի 7-ին հայտարարել էր հացադուլ:

Նա բողոքում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությունից, որը կապված էր որդու՝ մասնագիտությամբ խոհարար Հայկ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի հետ:
Հացադուլի օրը՝ ժ.10-ին Գ. Չիֆլիկյանը մեզ հետ զրույցում ցույց տվեց իր մոտ գտնվող բենզինի տարան, եւ հայտնեց, որ սպասում է որդու դատավճռին, որից հետո կդիմի ինքնահրկիզման: Երբ կինը դատախազության աշխատակցի հետ մտավ շենք, նա հանձնեց ցուցապաստառներն ու բենզինի տարան, ինչի մասին մենք տեղեկացրել ենք «Առավոտի» սեպտեմբերի 8-ի համարում:
Հայկ Հարությունյանին դատավոր Վահե Խալաթյանը դատապարտեց 1 ամիս ժամկետով կալանքի: Բայց միաժամանակ նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը, եւ Հայկն ըստ էության ազատվեց պատժի կրումից: Դատարանն արձանագրեց, որ քրեական գործով իրեղեն ապացույցներ չկան, դատական ծախսեր որպես այդպիսին չեն արվել, չկար քաղաքացիական հայց: Նշենք, որ Հայկ Հարությունյանը իրավաբանական օգնության չի դիմել՝ կապված գումարի հետ, իսկ մայրը «Առավոտից» է տեղեկացել, որ կարող է ստանալ անվճար իրավաբանական օգնություն՝ իրավապաշտպան կառույցների միջոցով:
Հայկ Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ կապված 2010թ. սեպտեմբերի 10-ի միջադեպի հետ:
Ըստ մեղադրանք առաջադրած ոստիկանության, Հայկն իր փեսայի՝ Արթուր Միքայելյանի հետ գնում է Արմավիրի մարզի Փարաքարի «Ջոյ Բինգո» խաղատուն, ուր, ըստ գործի նյութերի, մի քանի շիշ գարեջուր են խմում: Ըստ նախաքննության մարմնի, խաղատան անվտանգության աշխատակիցները դիտողություն են արել Հայկին, ինչը նա չի ընդունել: Խաղատան «ախրանան»՝ Ռաֆայել Մկրտչյանը եւ Արմեն Հովհաննիսյանը նրանց դուրս են հրավիրել ու ծեծել: Ըստ գործի նյութերի, ծեծից հետո Հայկը հեռացել է: Սակայն իրականում, ինչպես Հայկի մայրն էր ասում, նրանց գցել են մոտակա ջրատարը: Բարեբախտաբար, ջրից դիակ չի հանվել՝ «դժբախտ պատահար» չի գրանցվել, ու տղաները ողջ են մնացել:
Այդ իսկ պատճառով, երբ Հայկի դեմ քրգործ են հարուցել, նա չի ընդունել խուլիգանության մեղադրանքը եւ ցուցմունք չի տվել: Իսկ դատարանում Հայկը ցուցմունք տվեց, որ աշխատանքից հետո գնացել են կահույքի համար նյութեր գնելու: Դրանից հետո գնացել են խաղատուն: Այնտեղ սթափ վիճակում շահել են մոտ 26 000 դրամ: Շահումից հետո գարեջուր են պատվիրել: Ու երբ ձեռքի շարժումով հասկացրել են մատուցողին, իրենց է մոտեցել խաղատան աշխատակիցը, որն ասել է՝ նորմալ կանչի եւ, ըստ Հայկի ցուցմունքի՝ սպառնացել է: «Դրսի դրվագը», որը նախաքննության մարմինը չի էլ արձանագրել՝ հետեւյալն է. երկու անվտանգության աշխատակիցների մոտեցել են եւս 5-ը եւ ծեծել Հայկին ու փեսային, որից հետո տղաները փախել են, իսկ անվտանգության աշխատակիցները նրանց բռնել են, եւ դրսում գցել են ջրատարը, որից նրանց հանել է մի անծանոթ: Ջրից դուրս գալուց հետո Հայկը փեսայի հետ գնացել է խաղատան տնօրենի՝ Սուրենի մոտ, որը խոստացել է լուծել հարցը:
Հայկը լսողությունը կորցնելու պատճառով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Խաղատան աշխատակիցները եղել են նաեւ հիվանդանոցում, հորդորել, որ Հայկը դուրս գրվի, որպեսզի քրեական գործ չհարուցվի…
Դատարանում Հայկն ասել է, որ խաղատան աշխատակիցները տարան իրեն Արմավիրի ոստիկանության պետ Գ. Խաչատրյանի մոտ, որն ասել է. «21 վկա կա, մի բողոքիր, իսկ եթե բողոքում ես, մինչեւ վերջ պիտի գնաս»: Հայկը դատարանում ասաց, որ իրենք 2-ով խմել են մեկ շիշ գարեջուր, եւ հարբած չեն եղել:
Հայկի մայրը երեկ մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ ընդհանրապես համաձայն չէ որդու դեմ սարքած գործին. նաեւ այն 1 ամիս կալանքին, ինչը համաներման արդյունքում կիրառվել է:
Հ. Գ. Ոստիկանությունը երեկ արձագանքեց Գ. Չիֆլիկյանին բաժին տանելուն: Ոստիկանության ՏՎ պատասխանատու Աշոտ Ահարոնյանն ասաց, որ կինը, որը բենզինով է եղել եւ իրենք ահազանգ են ստացել դատախազությունից, չի ցանկացել բաժին տարվել: Նկարում՝ բաժնից դուրս գալուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել