Լրահոս
Օրվա լրահոսը

«Բ»-Ն ԱՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ «Ա»-Ն ԷԼ ԱՍԵՔ

Սեպտեմբեր 14,2011 00:00

«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Սահմանադրական դատարանն է ավազակապետության գլխավոր երաշխավորը, որովհետեւ նա՛ է օրհնել 1998, 2003 եւ 2008 թվականների բոլոր կեղծված ընտրությունները»,- սեպտեմբերի 9-ի հանրահավաքում փոքր-ինչ շեղվելով իր նախապես պատրաստած գրավոր ելույթից՝ մատը թափահարելով ասաց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անգամ տեսագրության մեջ (https://www.
youtube.com/watch?v=x-chKLbEeoo) լսվում են կանանց «այո՜» բացականչություններն ու ծափերը:
Մի լրացում անենք թվարկված տարեթվերի մեջ: Սահմանադրական դատարանն «օրհնել էր» նաեւ 1996 թվականի կեղծված ընտրությունը: Ընդ որում՝ այն ժամանակ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմնակիցները դատարան էին ներկայացել շատ ավելի ամուր եւ հարուստ փաստական նյութով, քան հետագայում եղավ: Ներկայացրել էին ընտրական տեղամասերի արձանագրություններ, որոնք հաստատում էին այն, ինչ հետո՝ 1999-ին, պետք է հայտարարեր անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Վանո Սիրադեղյանը. «Համենայնդեպս՝ Վազգեն Մանուկյանն էլ չէր ընտրվել», փաստորեն հաստատելով, թե 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես չէր ընտրվել, ու պիտի լիներ երկրորդ փուլ:
Ուստի համաձայնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հայտարարությանը՝ վերապահում անենք, որ միայն 1998-ի, 2003-ի եւ 2008 թվականների նախագահական ընտրությունների պարագայում չէր, որ ՍԴ-ն ապացուցեց «իր լիակատար կախվածությունը գործող իշխանություններից»: Անցյալի մասին հիշեցումներին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները միշտ արձագանքում են հակափաստարկներով, թե չարժե անընդհատ անցյալը փորփրել, այդ ժամանակներից շատ ջրեր են հոսել եւ այլն: Սակայն ՀԱԿ առաջնորդի վերոնշյալ հայտարարությունը նույնպես վերաբերում է անցյալին, եւ այն, որ նա «բ»-ն ասելուց առաջ չի ասել նաեւ «ա»-ն՝ մեղմ ասած, հուսադրող չէ, քանի որ չի վկայում այն մասին, թե իրական էին սեփական սխալների մասին հանրահավաքում արտասանված զղջման խոսքերը:
Այս պատմությունը նաեւ վերստին հաստատում է մի իրողություն, որը ժամանակին փաստել էր գործընկերներիցս մեկը, թե մեր յուրաքանչյուր նախկին պաշտոնյայի թվում է, թե մեր պետությունը շեղվել է հունից միայն այն բանից հետո, երբ ինքը դադարել է պաշտոնավարել, իսկ մինչ այդ ամեն ինչ կարգին էր:
Վերջում եւս մի դիտարկում. Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես ապացույց, թե ինչ ճնշման տակ է ՍԴ-ն կայացրել 2008թ. նախագահական ընտրություններին վերաբերող իր որոշումը՝ վկայաբերեց «Wikileaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Դրանք իրոք հաստատեցին այն, ինչ շատերիս համար աներկբա էր՝ որ 2008 թվականին էլ պետք է լիներ երկրորդ փուլ: Սակայն դարձյալ ցանկալի կլիներ, որ «Wikileaks»-ը մեջբերվեր էլի ոչ ընտրողաբար, ու մեկնաբանվեին նաեւ այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են հենց ՀԱԿ առաջնորդին ու գուցե նաեւ այս շարժման կողմնակիցների նոսրացող շարքերի մասին թվական տվյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել