Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննությունն ավարտվել է

Սեպտեմբեր 14,2011 00:00

\"\"Փաստաբանին զարմացնում է քննչական  մարմնի շտապողականությունը

Դեռեւս կալանքի տակ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, ինչպես նաեւ ստորագրությամբ ազատ արձակված նրա երկու ընկերների՝ Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի գործով վերսկսված նախաքննությունը երեքշաբթի օրն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է վերսկսված նախաքննության պաշտոնական ավարտի մասին: Այս գործի նախաքննությունն, ըստ էության, ավարտվել էր դեռ օգոստոսի վերջին, սակայն փաստաբանների միջնորդությամբ այն սեպտեմբերի 6-ին վերսկսվեց եւ շարունակվեց եւս մի քանի օր: Երեկ այս առիթով «Առավոտի» հետ զրույցում փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կբացատրի նման շտապողականությունը, ասաց, որ քննչական մարմինների «ակնհայտ շտապողականությունն» իրեն նույնպես զարմացրել է: Փաստաբանը մեկնաբանություններ չգտավ. «Տրամաբանական չէ: 18 օրում գործ անջատեցին: Երեւի մեկ շաբաթ տեւեց… մեր միջնորդությունից հետո՝ հաջորդ օրը հարցաքննվել է Արտակ Կարապետյանը, հետագայում՝ նաեւ Սարգիս Գեւորգյանը։ Կատարվել են երկու առերեսումներ, առաջարկվել է ցուցմունք տալ Տիգրան Առաքելյանին՝ նա հրաժարվել է, բայց մենք բավական ծավալուն ցուցմունք ենք տվել, համենայնդեպս՝ Արտակ Կարապետյանը: Գոնե դա պետք է ստուգվեր, օրենքի պահանջն է: Թե ինչ արագությամբ, օպերատիվությամբ են կարողացել դա անել, ինձ համար, ճիշտն ասած, տարօրինակ է: Չեմ կարող ասել, ոչ մի քայլը ինձ համար կանխատեսելի չէ: Կանխատեսելի չէր 18 օրում նախաքննությունը ավարտելը, կանխատեսելի չէր վերսկսելը եւ նորից ավարտելը: Այսինքն՝ մեկ ամիս 5 օրվա ընթացքում բավականին մեծ գործ ենք ավարտում»: Քննչական մարմնի որոշումը դեռեւս փաստաբանը չէր ստացել՝ իր իսկ զբաղվածության պատճառով, հետեւաբար գործի այլ մանրամասներ չկարողացավ ներկայացնել: Դրանք պարզ կլինեն այսօր: «Առավոտի» հարցին՝ կարո՞ղ է գործի նման ընթացքը կապ ունենալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հետ, Վարդուհի Էլբակյանն ասաց, որ նման զարգացումները քիչ տրամաբանական է համարում, քանի որ ինքն այսօր էլ, առանց դատարանի որոշման, պատճառ չի տեսնում Տիգրանի խափանման միջոցը փոխելու համար:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում օգոստոսի 9-ից գտնվում է բանտում՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Այս միջադեպը դարձավ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախման առիթ: ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ բանակցությունները կշարունակի Առաքելյանի ազատ արձակումից հետո: Ուրբաթ օրը կայացած հանրահավաքում այս մոտեցումը վերահաստատեց նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել