Լրահոս
Օրվա լրահոսը

«Wikileaks»-ՈՒՄ ՆՈՐ ԲԱՆ ՉԿԱՐ

Սեպտեմբեր 14,2011 00:00

\"\"«Բայց կային ուշագրավ մանրամասներ»,- ասում է «Ժառանգություն»  կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, «Wikileaks»-ի հրապարակած նյութերում քիչ բան կար, որի մասին մեր հանրությունը կամ առնվազն քաղաքական եւ լրագրողական դաշտը չգիտեր, եւ, այդուհանդերձ,  արձագանքը դրանց շատ բուռն ստացվեց:
– Կիսում եմ այն կարծիքը, որ այդ հրապարակումներում որեւէ նոր բան չկա, բայց  նաեւ կան որոշ մանրամասնություններ, որոնք ամբողջացնում են այսօրվա պետական եւ քաղաքական  կարեւոր դիրքերում հայտնված մարդկանց կերպարը: Ծիծաղելի է, երբ ՀԱԿ-ի լրատվամիջոցները հրապարակում են  հատկապես այն նյութերը, որտեղ վարկաբեկվում են իշխանության ներկայացուցիչները, իսկ իշխանամետ մամուլն էլ, նույնպես ոչ առանց հրճվանքի, ներկայացնում է ՀԱԿ-ին եւ նրա առաջնորդին վերաբերող հրապարակումները: Առանձին-առանձին սրանք կիսաճշմարտություններ են, բայց սա այն դեպքն է, երբ երկու կիսաճշմարտությունների համադրումից ճշմարտությունն ամբողջական է դառնում, եւ դրա հետ դժվար է չհամաձայնել:
Շատ ավելի ծրագրավորված եւ, իմ կարծիքով, վտանգավոր է ՀԱԿ    
առաջնորդի քաղաքական կեցվածքը: Գաղտնազերծված նյութերից հետեւում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն,  ինքը նույնպես համոզված է եղել, որ 2008-ին չէր ընտրվելու: Եվ ինչպես նշում է բարձրաստիճան դիվանագետը, Տեր-Պետրոսյանն իր հիմնական մարտավարությունը փորձել է կառուցել հետընտրական զարգացումների վրա, որը պետության մեջ պիտի տեւական քաոս առաջացներ: Նա բավականին  խորամանկ քայլ է անում՝  հայտարարելով 67 տոկոս ձայն հավաքելու մասին: Դրանով երկու հարց էր լուծում. առաջին՝ ընդդիմադիր մյուս թեկնածուներին հասկացնել, որ  վերջ, ինքն ընտրված է, եւ վերջիններս պարտավոր են լսել ի՛ր խոսքը,  եւ ինչ-որ տեղ  հասկացնել, որ նրանց ստացած ձայներն այնքան էլ իրական չեն, իր հաշվից են: Մյուս կողմից՝ դրանով նա հրապարակում հավաքված մարդկանց այլընտրանք չէր թողնում՝ շնորհակալ եմ, որ ինձ ընտրել եք, դե, հիմա պետք է այնպես անեք, որ ես հայտնվեմ Բաղրամյան 26-ում: Կարծում եմ՝ առաջին նախագահը, լինելով բավականին բազմափորձ,  պետք է որ հասկանար, որ այդ պահի պրկված մթնոլորտը, ժողովրդի արդարացի զայրույթը կարող էր հանգեցնել բախումների, արյան հեղման, ինչը, ցավոք, տեղի ունեցավ:
– Այսինքն՝ Դուք հանգեցնում եք նրան, որ «Մարտի 1»-ի համար նաեւ ընդդիմությո՞ւնն էր մեղավոր կամ պատասխանատու:
– Ես ասացի այն, ինչ ասացի: Այս փաստը հայկական հերոստրատիզմի մեր ժամանակների դասական դրսեւորում կարելի է համարել: Միաժամանակ ուզում եմ շեշտել՝ աներկբա է, որ «Մարտի 1»-ի հիմնական պատասխանատվությունը  կրում են իշխանությունները, բայց այդ պահի ծնունդը պետք է փնտրել նաեւ հենց այդ քաոս ստեղծելու, շիկացած մթնոլորտն օգտագործելու մեջ:
Բավականին խոսուն է նաեւ ՀԱԿ-ի առաջնորդի պահվածքը ռուսական ռազմաբազաների վերաբերյալ. մի կողմից՝ միտինգներում խրախուսում է ռուսական զինուժի ներկայությունը մեզանում, մյուս կողմից՝ իր ներկայացուցիչները երդվում են ամերիկյան դիվանագետին, որ Ս. Սարգսյանի կողքին կկանգնեն, եթե նա մաքրի Հայաստանը ռուսական ներկայությունից: Բայց պետության համար շատ ավելի վտանգավոր է գաղտնազերծված փաստաթղթերում ՀԱԿ առաջնորդի մեկ այլ կեցվածք:  2008-ի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը սուր քննադատության է ենթարկում ԱՄՆ-ին, Սերժ Սարգսյանին՝ Ցեղասպանության ուրացման, ԼՂ հարցում վարած քաղաքականության համար, բայց մյուս կողմից՝ ԱՄՆ դեսպանի մոտ արդարանում է, թե՝ այո, դուք արեք այն, ինչ անում եք, պաշտպանում է Ս. Սարգսյանի մոտեցումները, իսկ միտինգային երեսպաշտությունը բացատրում է համակիրներին իր կողքը պահելու, նրանց զայրույթը իշխանությունների նկատմամբ չթուլացնելու պատճառաբանությամբ: Նույնիսկ դեսպանի միջոցով փորձում է հորդորել Բուշին, որ նա իր պաշտոնավարության ավարտից առաջ ստիպի երկու երկրների նախագահներին ստորագրել փաստաթուղթը, որի բովանդակությունը հիմնահատակ ջախջախել էր հանրահավաքի ժամանակ:  Սա իսկապես որեւէ մեկնաբանության տեղ չի թողնում, եւ դժվար է չհամաձայնել  դեսպանի այն եզրակացության հետ, թե Տեր-Պետրոսյանը խորամանկ է եւ իր անձնական քաղաքական նկրտումներն իրականացնելու համար կարող է արհամարհել պետական եւ ազգային շահը:
Հ. Գ. ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին Ռ. Հակոբյանի տեսակետը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել