Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԴՈՒԲՐՈՎՆԻԿՈՒՄ

Սեպտեմբեր 14,2011 00:00

\"\"Տեղեկացրեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը

– Շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ հոկտեմբերի 8-ին Դուբրովնիկում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը:
– Ձեր տեղեկությունները ճիշտ են. երկուշաբթի ես ստացել եմ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էնթիլիուի նամակը, որը գրվել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, Հարավային Կովկասի հարցերով, այդ թվում եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով զեկուցող Ժուաո Սուարեշի կողմից այն մասին, որ ելնելով Բելգրադում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից՝ երկխոսության մեջ են մտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (ԱՄՆ եւ ՌԴ համանախագահողները տվել են իրենց համաձայնությունը) մասնակցելու աշնանային նստաշրջանին, որը կկայանա Դուբրովնիկում՝ այս տարվա հոկտեմբերին: Պարոն Էնթիլիուն իր նամակով (ուղղված ինձ՝ որպես հայաստանյան պատվիրակութան ղեկավարի, եւ Բահար Մուրադովային՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ եւ ադրբեջանական պատվիրակության ղեկավար) առաջարկել է հոկտեմբերի 8-ի մեկ նիստը նվիրել ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքին: Քննարկման ընթացքում կլսենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու՝ ՌԴ եւ ԱՄՆ համանախագահներին, դեսպան Անջեյ Կասպրչիկին, որը նաեւ ԵԱՀԿ դաշտային առաքելության ղեկավարն է այս երկար տարիների ընթացքում, այնուհետեւ, մինչեւ 12-ական րոպե, մեկնաբանության համար ձայն կտրվի ինձ եւ տիկին Մուրադովային՝ ներկայացնելու բանակցությունների ներկա վիճակը:
– Նման ուրիշ քննարկում եղե՞լ է ԵԱՀԿ ԽՎ-ում անցած տարիների ընթացքում, եթե ճիշտ եմ հիշում՝ եւս մի անգամ միայն նման բան եղել է:
– Այո, մեկ անգամ, դեռ 2005-ին, երբ ԵԱՀԿ ԽՎ նախկին զեկուցող, նախկին պատվո նախագահ շվեդ Գորան Լենմարկերը ներկայացրեց իր «ոսկե հնարավորության» առաջարկությունների փաթեթը: Դրանից հետո նման քննարկում Խորհրդարանական վեհաժողովում չի եղել:
– Ձեր նշած նամակում որպես այս քննարկումների մասնակից եւ ելույթ ունեցող նշված են միայն Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համանախագահողների անունները, ինչո՞ւ չկա Ֆրանսիայի համանախագահի անունը, արդյոք որոշակի տարաձայնություն կա՞ այս երկրի ներկայացուցչի հետ:
– Միայն մեկ ենթադրություն կարող եմ անել, այն է՝ գուցե ժամանակային առումով ֆրանսիացի համանախագահին հարմար չի եղել մասնակցելու Դուբրովնիկի քննարկումներին. սա իմ անձնական կարծիքն է: Հայտնի է նաեւ, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահողներն աշխատում են կոնսենսուսի սկզբունքով եւ համաձայնեցված, մշտական կապ պահպանելով ԵԱՀԿ գործող մարմինների հետ: Ենթադրում եմ, որ ՌԴ-ն ներկայացնող պարոն Պոպովը եւ ԱՄՆ-ը ներկայացնող պարոն Բրադկեն խոսելու են ամբողջ խմբի անունից:
– Չե՞ք կարծում, որ այդ քննարկման լուսաբանումը եւս պետք է լավ կազմակերպվի:
– Համաձայն եմ, քանի որ ինքս էլ զարմացել եմ. ամեն անգամ, երբ որեւէ տեղում հայտնվում է ադրբեջանական պատվիրակությունը, այդտեղ գալիս-հավաքվում են այդ երկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ իրենց ձայնագրիչներով եւ տեսախցիկներով, եւ միշտ այնպիսի տպավորություն է, թե իրենց պատվիրակները աշխատում են քափ ու քրտինք մտած: Իսկ մենք լավագույն դեպքում զանգահարում ենք կամ ձեզ, կամ դուք եք զանգահարում, եւ տեղեկություններ ենք տալիս: Սա լուրջ հարց է, եւ կարծում եմ, նույնիսկ արդեն միայն փողի հարց չէ, որովհետեւ եթե միջազգային հանրությունը իսկապես ուզում է նորից աշխուժացնել բանակցային գործընթացը եւ ունի լուրջ, գործնական ակնկալիք, ապա մենք մեր երկրի ներսում դրան համարժեք վերաբերմունք պիտի ցույց տանք, այդ թվում՝ լրատվական դաշտում մեր աշխուժությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել