Լրահոս
Օրվա լրահոսը

Գետնին թավալվելու «խորհուրդը»

Սեպտեմբեր 13,2011 00:00

Ըստ «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդի՝ գետնին ընկնելը եւ ուշագնաց լինելը «Սուրբ ոգով կքնվելու» նշան է:

«Կյանքի խոսք» եկեղեցին, ըստ իր հետեւորդների, ոչ թե աղանդ է, այլ բողոքական եկեղեցու ճյուղավորումներից մեկը: Հայաստանում այն ունի մոտ 80-100 հազար հետեւորդ: Իրենց քարոզչությունը նրանք իրականացնում են մասնավորապես ինտերնետային կայքի միջոցով, որտեղ տեղադրված է եկեղեցու դավանաբանությունը, սոցիալական հայեցակարգը: Ամեն կիրակի օր ինտերնետային տարբերակով ուղիղ հեռարձակվում են իրենց հավաքույթները: Այս ամենի մասին իմացանք «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդներից մեկից, ով չցանկացավ ներկայանալ: Ըստ նրա, եթե տեսել եք «Կյանքի խոսք»-ի հավաքույթներից ընդամենը մի հատված, ապա չեք կարող լիարժեք կարծիք կազմել իրենց մասին. «Դուք ապրում եք աշխարհիկ կյանքով ու չեք հասկանում, թե ինչու են մարդիկ ընկնում գետնին, ուշագնաց լինում: Սովորական մարդը, որ դիտում է, մտածում է՝ մենք գիժ ենք, բայց ամենեւին էլ այդպես չէ, մենք ուղղակի կնքված ենք Սուրբ հոգով, այդ ամենը Սուրբ հոգու առկայությունից է լինում, մենք զգում ենք Աստծո ուժը մեզ վրա»:
Արդյոք «Կյանքի խոսք» եկեղեցու դավանաբանությունը ազդո՞ւմ է Քրիստոնեական ուսմունքի վրա՝ սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ասաց. «Իրենք մեր եկեղեցուն դեմ չեն, արտասովոր ու հակաքրիստոնեական բաներ չունեն, բայց ես դեմ եմ նրան, որ խումբ-խումբ հավաքվում են ու իրենց համար եկեղեցի ստեղծում»: Իսկ «մեղավորը մեր պետությունն է, որ չի արգելում նման բաները: Ինչքան էլ որ ասում են՝ ազատ երկիր է, մարդիկ պետք է ազատ լինեն իրենց հավատքի մեջ, միեւնույն է՝ միաբան եկեղեցին է ազգի ուժը: Իսկ Առաքելական եկեղեցին էլ պետք է պայքարի, պետք է ներգրավի շատ երիտասարդների, ավելի շատ շփվեն հասարակության հետ»:
Դպրոցական՝ 15-ամյա Նվերը նույնպես ունի իր կարծիքը այս հարցի վերաբերյալ. «Մենք ունենք Քրիստոնեական ուսմունք, դա Առաքելական եկեղեցին է ու վերջ, դրա կանոններից դուրս էլ ոչինչ մերը չէ: Ոչ ոք չպետք է Քրիստոսի խոսքերը փորձի օգտագործել այն ենթատեքստերով, որն իրեն է հարմար»: Իսկ «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդը Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքը մեկնաբանեց այսպես. «Առաքելական եկեղեցին շեղում է Աստվածաշունչը, նրանք միգուցե ընդունում են Սուրբ հոգու գոյությունը, բայց իրենց մարմնի վրա չեն ընդունում, եթե ընդունեն, հասկանան ու զգան, թե դա ինչ է, ամեն ինչ այսպես չէր լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930