Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԿՐԿԻՆ ՍԱՅԹԱՔԵՑ

Սեպտեմբեր 13,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում Կապանի «Գանձասարը» հերթական սայթաքումը թույլ տվեց: Այս անգամ կապանցիներին միավորներից զրկեց առաջնության երրորդ շրջանում անսպասելի արդյունավետ ֆուտբոլ ցույց տվող «Բանանցը»՝ 1:0 նվազագույն հաշվով հաղթելով եւ ավելի ու ավելի պոկվելով ետնապահներից: Ռաֆայել Նազարյանի թիմը միայն երրրոդ շրջանում վաստակել է 16 միավոր, ինչը 4- ով ավելի է առաջին երկու շրջաններում փոխչեմպիոնի ցուցադրած արդյունքից: Ի դեպ, նույնքան է նաեւ առաջատար «Ուլիսի» արդյունավետությունը. Սեւադա Արզումանյանի թիմը 21-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Իմպուլսին»՝ հասցնելով իր առավելությունը «Գանձասարի» նկատմամբ 5 միավորի: Իսկ 3-րդ հորիզոնականում ընթացող «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ օգտվել կապանցիների սայթաքումից: «Միկայի» հետ խաղում հաղթանակը Վարդան Մինասյանի սաներին թույլ կտար շրջանցել «Գանձասարին», սակայն չեմպիոնը արագ խփված գոլից հետո չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը. նախ Կոնստանտին Մանդրիչենկոն հավասարեցրեց հաշիվը, ապա՝ Նարեկ Բեգլարյանը օգնեց «Միկային» 3 միավոր վաստակել ու թողնել «Փյունիկին» նույն՝ երրորդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է տուրի կենտրոնական խաղին, այն, որքան էլ զարմանալի է, ետնապահների միջեւ էր: «Շիրակը» Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընդունեց իրենից 3 միավորով ետ մնացող «Արարատին»: Այս խաղում յուրաքանչյուր սայթաքում նրա համար վերջին հորիզոնականի գին կարող էր ունենալ, բայց գյումրեցիներին վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ պարտությունների շարքը ու երրորդ շրջանի վերջին խաղում առաջին հաղթանակը տոնել: Ավելին, այս առաջնությունում գյումրեցիներն առաջին անգամ պարտության մատնեցին «Արարատին»՝ եղած միավորների առավելությունը վերջիններիս հանդեպ կրկնապատկելով:
Արդեն առաջիկա հանգստյան օրերին 22-րդ տուրով կմեկնարկի չորրորդ՝ վճռորոշ շրջանը: «Գանձասարին» իրական փորձություն է սպասվելու «Հրազդան» մարզադաշտում՝ ի դեմս «Ուլիսի»: Տուրի մյուս խաղերում «Արարատին» սպասելու է «Բանանցը», «Իմպուլսին»՝ «Փյունիկը», իսկ «Միկային»՝ «Շիրակը»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել