Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռանը դրվագված Միքայել հրեշտակապետի ձախ ձեռքի փայտյա սուրը մոտ երկու շաբաթ առաջ պոկել-գողացել են: Այդ սուրը խորհրդանշում է արդարություն, բարության պայքարը չարիքի դեմ: Սրբապղծությունը կատարվել է գիշերով: Եկեղեցին ֆինանսական սուղ հնարավորությունների պատճառով պահակ չունի: Տավուշի թեմն էլ ֆինանսների պակասի պատճառով առաջնորդարանի շենք չունի՝ մասնավոր մի սեփականատիրոջից տարածք է վարձակալում: Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու քահանա տեր Սիմեոն Առաքելյանը հայտնեց, որ դեպքի կապակցությամբ իրենք ոստիկանություն չեն դիմել; Քահանան չգիտի, թե դա ինչ-որ չարաճճի երեխայի՞, թե՞ որեւէ աղանդավորի ձեռքի գործն է: Մի իջեւանցի հանձն է առել փայտե նոր սուր պատրաստել եւ տեղադրել եկեղեցու մուտքին:
Գետը դարձել է աղբատար
հոսանք
«Հայտնի դեպք է. խորհրդային սպան ծխախոտի դատարկ տուփը նետեց Օդեր գետը, գերմանացի ձկնորսները այն գետից հանեցին եւ սպայի դեմ բողոքեցին տեղի ոստիկանություն»,- վերհիշեց Իջեւան քաղաքում, Աղստեւ գետի կամրջի վրա բանջարեղեն վաճառող իջեւանցին՝ ցույց տալով կամրջի տակ, Աղստեւի երկու ափերին կուտակված աղբի մեծ կույտերը: Աղստեւը դարձել է աղբատար հոսանք: Միայն վարարումների ժամանակ է, որ գետը քշում-տանում է ափերին կուտակված աղբը: Սակայն տուրիստական համարվող քաղաքի կենտրոնում, գետի երկու ափերին «բուսնած» առեւտրի կետերից տարատեսակ աղբը նորից լցվում է գետ:
Գյուղատնտեսական մարզը գյուղմթերքների շուկա կունենա՞
Տավուշի մարզի ֆերմերները մշտապես մասնակցում են Երեւանում կազմակերպվող գյուղատնտեսական տոնավաճառին: Տավուշի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանն ասաց, որ տոնավաճառ է մեկնում Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների ընդհանուր թվով 6-7 ֆերմեր: Նրանք մայրաքաղաքի տոնավաճառում իրացնում են դեղձ, եգիպտացորենի կողր, հոն, թուզ, կանաչ լոբի, սալոր: Արտադրողները Տավուշի ԳԱՄԿ-ից տեղեկանք են վերցնում, որ իրացվելիք մթերքն իրենք են արտադրել, տեղի եւ կշեռքի համար վարձ չմուծելով՝ առանց միջնորդի առեւտուր կատարում Երեւանի տոնավաճառում: Մայրաքաղաքում ապրում է Հայաստանի բնակչության կեսը, ու այստեղ ապրանքը իրացնելու հնարավորությունները մեծ են: Սակայն հասկանալի չէ, թե ինչու է ուշադրության կենտրոնում միայն մայրաքաղաքը: Անկախության 20-ամյակն ենք նշում, սակայն Տավուշում գյուղատնտեսական շուկա չի ստեղծվել: