Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդին ունեցավ նոր քաղաքապետ

Սեպտեմբեր 13,2011 00:00

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարի ընտրություններն անցան առանց լարվածության ու միջադեպերի: Բայց այս դեպքում չկա բարիք՝ առանց չարիքի. ալավերդցիների հավաստմամբ՝ երկու թեկնածուների մեջ կար նախնական պայմանավորվածություն:
2005 թվականից Ալավերդին ղեկավարած Արթուր Նալբանդյանը այս տարվա հուլիսի 28-ին նշանակվեց Լոռու մարզպետ, ու քաղաքը կանգնեց նոր քաղաքապետ ընտրելու անհրաժեշտության առջեւ: Կիրակի ընտրեց երկուսից մեկին: Երկուսից մեկը՝ քաղաքապետ Արթուր Նալբանդյանի տեղակալ, հանրապետական Արտավազդ Վարոսյանն էր, մյուսը՝ «Քարափտրանս» ՍՊԸ տնօրեն, կոմունիստ Կամո Բաբայանը:
Հանրապետականը հաղթեց կոմունիստին, սակայն, Ալավերդիում ասում էին, որ Կամո Բաբայանը թեկնածությունն առաջադրել է ձեւականորեն, որպեսզի Վարոսյանը միայնակ չլինի ու զուտ հայկական «մեկ թեկնածուով ընտրության» պատկեր Ալավերդիում չլինի: Բաբայանի ձեւական առաջադրված լինելու մասին էր վկայում այն իրողությունը, որ նա առանձնապես քարոզարշավ չէր տանում:
«Առավոտը» փորձեց անձամբ Բաբայանից պարզաբանում լսել, բայց թեկնածուն համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ փոխքաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Վարոսյանն ասաց, որ կոռեկտ չի լինի հակառակորդի առաջադրման ձեւական լինել-չլինելը մեկնաբանելը:
Վարոսյանի համար այլ բան է կարեւոր. ընտրությունն անցնի առանց խոչընդոտների, որ քաղաքը ժամանակին մտնի կանոնավոր հունի եւ աշխատանքային ռիթմի մեջ:
Ալավերդցիները, առհասարակ, անտարբեր էին իրենց քաղաքում անցկացվող ընտրությունների նկատմամբ: Կային ընտրությունից անտեղյակներ, կային տեղյակներ ու մարդիկ, որ գոհ էին մարզպետ դարձած քաղաքապետից եւ հույս էին հայտնում, որ Նալբանդյանի տեղակալը կշարունակի նրա ոճով ղեկավարել Ալավերդին:
Ալավերդու 16520 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 4027-ը, կոմունիստ թեկնածուն ստացել էր 386 քվե, հանրապետականը` 3484: Անվավեր քվեաթերթիկների թիվը 155 է: Ընտրությունների արդյունքների եւ ընթացքի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որեւէ բողոք չի ստացել:
Նորընտիր քաղաքապետը կարեւորում է քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծումը, քանի որ դրանով կլուծվեն քաղաքի սոցիալական խնդիրները: Ալավերդին աշխատանքով ապահովող հիմնական հաստատությունը պղնձամոլիբդենային կոմբինատն է, ու քաղաքապետը կարծում է, որ կոմբինատի հետ շարունակական աշխատանք եւ համագործակցություն պետք է լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել