Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻ ԶԱՐՄԻԿԻ ՕԳՏԻՆ

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"Հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ, մեղադրող Ա. Ստեփանյանը դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Մեղադրող բողոքը դեռ չի քննվել:
Այն առնչվում է դատապարտյալ Սիրակ Սաքանյանի դատավճռի հետ: Նշենք, որ Ս. Սաքանյանը եղել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության աշխատակից, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի զարմիկը:
ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Սաքանյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ Տիգրան Մեծ փողոցի 35 հասցեում գտնվող սրճարանում հարբած «դեբոշներ» սարքելու, սպասքը կոտրելու եւ երկու աշխատակիցներին՝ Գագիկ Սաֆարյանին եւ Գագիկ Խեչումյանին դանակահարելու համար:
Վերջիններս ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ:
Չնայած մեղադրողը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն զորեղ բարեկամների շնորհիվ այս ոստիկանին բաժին հասավ 3 տարվա ազատազրկումը, որից հետո էլ՝ բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու «դժվարությունը»: Դա նշանակում էր, որ ողջ օրը նա լինելու էր դրսում, ապա գրանցվելու էր «քնելու» համար:
Առանց քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվության՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար Ս. Սաքանյանը գնում է Տավուշի մարզի Բերդ քաղաք: Երեկոյան վերադառնում է քրեակատարողական հիմնարկ, որտեղ դատապարտյալ ընկերները ցավակցում են նրան, նստում ընթրիքի: Հենց այդ ժամանակ էլ նրա ու դատապարտյալ Հ. Նարգիզյանի միջեւ վեճ է սկսվում: Վեճն ավարտվում է դանակահարությամբ՝ Ս. Սաքանյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով հարվածում է Նարգիզյանի որովայնին՝ նրան պատճառելով ծանր վնասվածք:
Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ: Քրեական գործի դատաքննության ժամանակ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքի դատավոր Վոլոդյա Գրիգորյանը (նախկին դատախազ) պատիժ է նշանակել տուգանք՝ 150 000 դրամի չափով, այն դեպքում, երբ դատախազը միջնորդել է 6 տարվա ազատազրկում: Նա նախկին ոստիկանի արարքը վերաորակել է:
Այս գործով հետաքրքիր զարգացումները շարունակվել են, երբ մեղադրողը բողոք է բերել տուգանքի հետ կապված: Բողոքի քննությունն ավարտվել է նրանով, որ դատարանը տուգանքի չափն է հիմա էլ իջեցրել, այն դարձնելով… 100 000 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել