Նախօրեին լուրեր էին շրջանառվում, որ Մաշտոցի պողոտայում գործող «փակ շուկան», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, գնել է Սամվել Ալեքսանյանը, որի տեղում որոշել է սուպերամարկետ կառուցել: Ըստ այդ լուրերի, շուկայի տեղում կառուցվող «Երեւան-սիթին» իր չափսերով ամենամեծն է լինելու: Քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, ԱԺ պատգամավորներից չհաջողվեց այս թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ:
Նկատենք, որ արդեն իսկ մայրաքաղաքում գործող տասնյակ խոշոր սուպերմարկետները «նեղն են գցել» մանր ու միջին բիզնեսին: Շատ տնտեսվարողներ չկարողանալով մրցակցել հարեւանությամբ գործող հսկայական սուպերմարկետի հետ, ստիպված են եղել թողնել իրենց փոքրիկ խանութը: Եվ եթե այդ հատվածում էլ իսկապես «փակ շուկան» վերածվի խոշորագույն «Երեւան-սիթիի», ապա մոտակայքում գործող սննդի եւ կենցաղային իրերի բոլոր խանութներին կարելի է «կործանված» համարել:
Բացի այդ, քաղաքապետարանը վերջերս արգելեց փողոցային առեւտուրը եւ գյուղմթերքներ վաճառողներին հորդորեց շուկաներում առեւտուր կազմակերպել: Փաստորեն, մի կողմից գյուղացիներին ուղարկում են շուկա, մյուս կողմից էլ՝ շուկաները վերացնում: