«Երբ չկա տեղաշարժման ազատություն, մարդիկ ավելի հաճախ են ցանկանում դուրս գալ երկրից, եւ երբ դա հաջողվում է, արդեն չեն ուզում վերադառնալ: Իսկապես այդպիսին էր իրավիճակը Լեհաստանում: 10 տարի առաջ լեհերը զանգվածաբար արտագաղթում էին Մեծ Բրիտանիա եւ մնում այնտեղ, քանի որ նրանք այնտեղ ապօրինի էին, վերադառնալ, նորից գնալ չէին կարող: Այսօր լեհերը գնում են, բայց նաեւ վերադառնում են ու բերում են նոր գիտելիքներ, նոր տեղեկատվություն, նոր փորձ եւ ներդնում Լեհաստանում: Կարծում եմ, այդպես կլինի նաեւ Հայաստանի համար»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ստեֆան Բատորի» հիմնադրամի ներկայացուցիչ, լեհ փորձագետ Ջոանա Ֆոմինան՝ «Եվրոպա մայրցամաքում վիզային խոչընդոտների հաղթահարման կոալիցիայի ներկայացում» խորագրով համաժողովի ժամանակ: Քննարկումը նախաձեռնել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Ամենամտահոգիչ խնդիրը ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմի անցնող երկրների համար՝ զանգվածային արտագաղթը դեպի Եվրոպա, լուծվում է հենց սահմանները բացելով՝ Լեհաստանի օրինակը բերելով համոզմունք է հայտնում տիկին Ֆոմինան: Այս նկատառման հետ համամիտ է նաեւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ողջ աշխարհամասում բաց սահմանները որքան ձեռնտու են Արեւելյան գործընկերության երկրներին, նույնքան էլ ԵՄ երկրներին: Ուսումնասիրությունները վկայում են, որ հնարավոր չէ խոսել տնտեսական համագործակցության, զբոսաշրջության մասին, երբ փակ են սահմանները: Նաեւ՝ ազատ գոտի ունենալու նկատառումով երկրները ստիպված են լինում զգալի բարեփոխումներ իրականացնել, ինչը բերում է ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի նվազմանը: Այսպիսով՝ վիզային ռեժիմի պարզեցումը տրամաբանորեն հանգեցնում է երաշխիքի, որ ԵՄ երկրները շրջապատված կլինեն ավելի կանխատեսելի ու վստահություն ներշնչող հարեւաններով. «Մի ժամանակ, ինչպես հիշում եք, նույն Լեհաստանը Արեւելյան հատվածի բաղադրիչ էր, այսօր այն արդեն Արեւմտյան Եվրոպայում է: Մեզ համար կարեւոր է հարեւանությունը, այս պատճառով լավ հիշում ենք մեր անցյալը եւ փորձում ենք օգնել նաեւ Արեւելյան գործընկերության երկրներին հասնելու մեր երկրի կարգավիճակին»,- ասում է լեհ փորձագետը: