Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ջուր տվեցին, ոչ ներողություն խնդրեցին

Սեպտեմբեր 13,2011 00:00

Հեռուստատեսությամբ նախապես հայտարարվել է, որ «Երեւան Ջուր» ընկերությունը սեպտեմբերի 6-ի ժամը 22-ից մինչեւ 8-ի ժամը 10-ը ջրազրկելու է Դավիթաշեն եւ հարակից թաղամասերը՝ վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով: Այսինքն՝ ըստ հայտարարության, բնակիչները ջրազրկվելու էին 36 ժամով: Սեպտեմբերի 8-ին, ժամը 10-ին պարզ դարձավ, որ ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 22-ից ոչ շուտ: Այսինքն՝ հայտարարվածից 12 ժամ ուշացումով:
ՀՀ կառավարության եւ «Երեւան Ջուր» ընկերության միջեւ կնքված պայմանագրի 6-րդ հավելվածի համաձայն, եթե նախապես հայտարարվում է եւ ասվում, որ բնակիչը 36 ժամից ջուր կունենա, բայց ինչ-ինչ պատճառներով չի տեղավորվում այդ ժամանակի մեջ, ապա ընկերությունը պարտավոր է բնակչությանը ցիստեռններով ջուր բաժանել, սակայն դա ոչ Դավիթաշենի, ոչ էլ մեկ այլ թաղամասի ջրազրկվելու դեպքում տեղի չի ունենում: Որոշ աղբյուրներից ինձ պարզ դարձավ, որ «Երեւան Ջուր» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ սանէպիդկայանն արգելել է ջրատար մեքենաներով բնակչությանը ջուր մատակարարել, սակայն վերոնշյալ ծառայության պատասխանատուներից ճշտեցինք, որ իրենք նման արգելք չեն դրել:
Մեր այս դիտարկմանն ի պատասխան, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Անահիտ Ղուկասյանը հայտարարեց, որ իրենց կողմից ջուր չի մատակարարվել եւ դժգոհության դեպքում կարող ենք դիմել դատարան: Ընկերության մեկ այլ պատասխանատու, որը ներկայացավ Մարտիրոսյան ազգանունով, ասաց, որ  իրենք այդպիսի մեքենաներ չունեն: Այսինքն՝ ստացվում է, որ պայմանագրով նման ծառայություն սահմանված է, սակայն գործնականում ընկերությունն այդ պարտավորությունը չի կատարում, հետեւաբար ոտնահարվում են ազգաբնակչության իրավունքները: Ընկերությունը չբարեհաճեց անգամ հեռուստատեսությամբ հայտնել, որ ջրամատակարարումը ուշացվում է 12 ժամով եւ գոնե ներողություն խնդրեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել