Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ՝ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"Նախարարությունը պնդում է, որ հուսահատ ծնողներն իրենց համար «քավության նոխազ» են գտել

«Էշի, ձիու արյուն, նապաստակի ուղեղ, շան ու կապիկի երիկամ, աբորտ արած պտղից ու կովի օրգաններից պատրաստված նյութեր, ֆենոկսիէթանոլ, որը ավտոմեքենայի անտիֆրիզի մեջ է օգտագործվում, ֆորմալինի լուծույթ, որով դիահերձարաններում կոնսերվացնում են դիակները, մի խումբ անտիբիոտիկներ եւ նույնիսկ՝ «ՑՌՎպՐՏրՈս ՐՑցՑՌ», որը առաջացնում է երեխաների մոտ նյարդային համակարգի խաթարում»: Առաջին հայացքից սարսափ առաջացնող այս բաղադրամասերը օգտագործվում են տարբեր պատվաստանյութերի մեջ: Ինտերնետային բազմաթիվ կայքերում պատվաստանյութերի մասին այս եւ նմանատիպ այնպիսի ահավոր տեղեկատվություն կա՝ «The truth about vaccination» վերնագրով, որ ցանկացած ծնող կարդալով՝ կհրաժարվի իր երեխային «մահվան դուռը» հասցնել: Այդ տեղեկատվության հեղինակները հիմնականում մահացած կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների հարազատներն են, որոնք վստահ են, որ իրենց բալիկը մինչ պատվաստվելը լիովին առողջ է եղել: Տուժած երեխաների ծնողները վստահեցնում են, որ պատվաստանյութերի բիզնեսը օրինական մաֆիա է, որ պատվաստանյութը մաքուր թույն է եւ ստեղծված է ոչնչացնելու բնության, Աստծո կողմից տրված իմունիտետը, որ դրանից է առաջանում քաղցկեղը եւ մի շարք այլ հիվանդություններ: Բացի այդ, հրապարակված են բազմաթիվ ցուցանիշներ, թե որ երկրում պատվաստված երեխաներն ինչ խնդիրներ են ունեցել, քանիսն են մահացել, քանիսն են աուտիզմ ձեռք բերել, հորմոնային դիսբալանս ստացել կամ դարձել էպիլեպսիկ:
Պատվաստումների դեմ այս ամբողջ քարոզարշավի մեջ մի ուշագրավ տեղեկատվություն կա, որը լուրջ պարզաբանման կարիք ունի, եւ մենք դիմեցինք առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին՝ դրանց պատասխանները ստանալու եւ ծնողների մտահոգությունները փարատելու համար: Բանն այն է, որ պատվաստանյութերի մասին նյութերում հիմնականում պնդում են, որ այդ բիզնեսը ԱՀԿ-ի՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության ձեռքում է, որ ԱՀԿ-ն ինքն է պատվաստանյութը պատրաստում ու պարտադրում երկրներին, որ անպայման այն գնեն: Ինքնին տրամաբանական է, որ այս դեպքում, երբ խոսքը խոշոր եկամուտների մասին է, հնարավոր է, որ աշխարհի միլիոնավոր մանուկների առողջությունը թիրախ դառնա այդ «հրեշավոր դեպոպուլյացիայի ծրագրի իրականացմանը», ինչպես նշված է կայքերում: Հրապարակումներից մեկի համաձայն՝ «Պատվաստանյութեր կան, որ պատրաստվում են մարդու կղանքից: Այսինքն, այն թունավոր նյութերը, բջիջները, որ բնական ճանապարհով դուրս են գալիս մեր օրգանիզմից, մարդիկ նորից իրենց բիզնեսի համար մշակում են ու ծախում մեզ՝ որպես պատվաստանյութ: Իրականում այն կենսաբանական զենք է, եւ եթե բոլոր փաստերը կան, որ երեխադ մահացել է հենց պատվաստումից, միեւնույն է, քեզ համոզում են, որ պատահական զուգադիպություն է, որ այդ հիվանդությունը գեներիդ մեջ եղել է, պարզապես հիմա է գլուխ բարձրացրել»: Սակայն Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այդ ամենը հեռու է իրականությունից. «Ինտերնետային ֆորումներում սովորական հուսահատված մարդկանց կարծիքներ են, որոնք ապացուցված չեն: Շատ անգամ, երբ երեխան տարբեր հիվանդագին իրավիճակներում է հայտնվում եւ դա համընկնում է պատվաստման հետ, որպես քավության նոխազ՝ պատվաստումներն են հիշում: Իրականում ԱՀԿ-ն ո՛չ պատվաստանյութ մատակարարողն է, ո՛չ էլ պատրաստողը, նա առաջարկում է, եւ երկիրը ինքն է որոշում՝ ընդունե՞լ այն, թե՞ ոչ: Եթե որեւէ պատվաստանյութ մեր երկիրը չվերցնի՝ ԱՀԿ-ն մեզ վատ աչքով չի նայի: ԱՀԿ-ն ասում է՝ սա կարող է նվազեցնել այսինչ հիվանդությունը այսքան տոկոսով, մենք էլ տեսնում ենք՝ եթե այդ հիվանդությունը մեզ մոտ խնդիր է՝ բերում ենք»: Ինտերնետային նյութերի համաձայն, պատվաստանյութն իջեցնում է երեխայի՝ բնությունից տրված իմունիտետը եւ մի շարք հետազոտություններ են ներկայացվում, որ պատվաստված երեխաները  շուտ-շուտ են հիվանդանում ու ավելի թույլ են, քան չպատվաստվածները: Այս մասին, Գ. Սահակյանի խոսքերով՝ «Պատվաստանյութը դեղորայք է ու կապված օրգանիզմից, կարող է առաջացնել խնդիրներ, մեկի մոտ ոչինչ չի լինի, մյուսը ջերմություն կունենա: Դրա համար կա վիճակագրություն. 1-ը՝ 1 մլն-ից: Նույն ասպիրինը, անալգինը, ամենասովորական դեղն էլ կարող է օրգանիզմում խնդիրներ առաջացնել: Բայց պատվաստանյութի օգուտներն ավելի շատ են, քան վնասները: Եթե ընդունենք, որ պատվաստանյութը բնական իմունիտետն իջեցնում է, ապա ինչպե՞ս է կանխվում հարուցիչների շրջանառությունը, փաստ է, որ մենք այսօր փայտացում, կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, պոլիոմիելիտ չունենք: Ինչ վերաբերում է բաղադրությանը, այո, հնարավոր է նաեւ լինեն կոնսերվանտներ: Պահպանիչները նրա համար են, որ միկրոբը չմեռնի, բայց կշռված է օգուտն ու վնասը: Վնասակար նյութեր կան, բայց պատվաստման օգուտն ավելի մեծ է: Ծնողը պետք է հասկանա՝ ո՞րն է լավ, որ երեխան հաշմանդա՞մ դառնա, թե՞ մի քիչ ոչ օգտակար նյութեր ընդունի: Հասարակ լոլիկի մեջ էլ կարող են նույն վնասակար նյութերը լինել: Բայց չէ՞ որ մենք այն ամեն օր գնում ու ուտում ենք»:
Պատվաստման թեմայով նյութերում նաեւ վարկածներ կան, որ թռչնագրիպը, խոզագրիպը ու նման այլ հիվանդություններ իրականում հորինել են՝ պատվաստանյութ ծախելու համար: Ըստ Գայանե Սահակյանի՝ «Չեմ կարող հաստատ ասել, թե ով է հորինում վիրուսը, բայց կարող ենք արդյունքները համեմատել: 2007-ին մենք ԿԿԽ-ի զանգվածային պատվաստում ունեցանք: Այսօր ԿԿԽ-ն մեր երկրում 0-ական է, դեպք չունենք, այն պարագայում, երբ 30-ից ավելի հզոր երկրներ՝ Անգլիան, Իսպանիան, Նիդերլանդները դրա մեջ են: Ասեմ, որ հիմա սեզոնային վիրուսների ակտիվ շրջան է, եւ հաշվի առնելով, որ մեզ մոտ պատվաստումների ընդգրկվածությունը 96 տոկոս է, ցանկացած վիճակ ծնողները կկապեն պատվաստման հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել