Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ՉԻ ՇՐՋԱՆՑԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 13,2011 00:00

Ուրբաթ օրը հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնելով 2008-ի հետընտրական իրադարձությունները, ակնարկ-առաջարկ հնչեցրեց ՍԴ-ին՝ ասելով. «Ի՞նչն է խանգարում ՀՀ ՍԴ-ին ընդվզել այս ճչացող երեւույթի դեմ, ինչպես, ասենք, 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծման առիթով քաջաբար վարվեցին ՀՀ 9 ազնիվ դիվանագետներ եւ գլխավոր դատախազի տեղակալներից մեկը»: Նաեւ նկատեց, որ «այդ խորհրդանշական քայլը իրավական պետության կայացման եւ իրավագիտակցության արմատավորման տեսակետից շատ ավելի մեծ օգտակարություն կունենար, քան ՍԴ-ի ողջ նախորդ գործունեությունը»: Երեկ «Առավոտը» ՀՀ ՍԴ մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, ՍԴ անդամները նախագահի գլխավորությամբ արձագանքել առաջին նախագահի հայտարարությանը: Հովհաննես Պապիկյանը վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, ասաց, որ ՍԴ անդամներն իրավասու չեն մեկնաբանել քաղաքական հայտարարությունները: Ի դեպ, ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը նույնպես հրաժարվել է մեկնաբանել «Վիկիլիքս» կայքի հրապարակած հայտնի փաստաթուղթը, համաձայն որի՝ 2008-ի մարտի 6-ին ամերիկացի դիվանագետներին նա պատմել է, որ 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը մերժելու նպատակով իր նկատմամբ նախագահական նստավայրից ճնշումների փորձեր են եղել, իսկ իր կոլեգաներից երեքը պատասխանել են նախագահականից ստացած զանգերին եւ գնացել են այնտեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել