Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԸՆՏՐԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿ

Սեպտեմբեր 13,2011 00:00

«ՀԱԿ-ի՝ ուրբաթ օրը կայացած հանրահավաքով արդեն տրվեց նոր ընտրաշրջանի մեկնարկը»,- երեկ «Առավոտին» իր վստահությունը հայտնեց ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, թե ընտրությունները կլինեն հերթական կամ արտահերթ՝ դրանից առանձնապես բան չի փոխվի: Նա գտնում է, որ Հայաստանում այսօր արդեն բավականին կոնկրետ իրավիճակ է, եւ նախընտրական շրջանին ընդառաջ քաղաքական ուժերը պետք է մտածեն իրենց դրսեւորելու ձեւերի շուրջ: Դոմինանտ ուժեր նա այսօր համարում է ՀԱԿ-ին եւ ՀՀԿ-ին՝ «երկրորդ պլանի» ուժերին խորհուրդ տալով արագորեն վերանայել, հստակեցնել դիրքորոշումներն ու հետագա անելիքները: «Եթե պայքարը գնա ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ, հանրապետականներին բավականին լուրջ խնդիրներ են սպասվում: Թող որեւէ մեկը տվայտանքներ, խաբուսիկ հույսեր չունենա, որ կարող են կրկնել նախորդ տարիների՝ մեծամասնություն ապահովելու իրենց փորձը»,- ասում է Շահվերդյանը: «Առավոտի» տարակուսանքին էլ՝ իսկ ի՞նչն է փոխվել, ասաց. «Շատ բան է փոխվել, թեեւ շատերը չեն ցանկանում դա նկատել: Նախեւառաջ փոխվել է քաղաքական դաշտի մթնոլորտը, ինչպես նաեւ դերակատար ուժերը»: Եթե վերջին տասը տարիներին ՀՀ-ում ընտրություններից հետո առաջացած հեղափոխական իրավիճակը հեղափոխության չի վերածվել, ապա այժմ նա հակառակումն է համոզված: «Ես երբեք չեմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, բայց չտեսնել Տեր-Պետրոսյանի փորձը, հմտությունները եւ նրա՝ առաջնորդելու ունակությունները՝ անհնար է»,- ասում է մեր զրուցակիցը: Դիտարկմանն էլ՝ հիմա Տեր-Պետրոսյանն ավելի՞ վճռական է, քան 2008-ին էր, հակադարձեց, որ այժմ իրավիճակն է այլ, եւ այն, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում, լուրջ գործընթացներ են, որոնք տեղի են ունենում եւ ներքին, եւ արտաքին ազդակների ազդեցության տակ, եւ որ Տեր-Պետրոսյանը լավագույնս տիրապետում է իրավիճակին: «Եվ ՀՀԿ-ն, եւ ՀԱԿ-ն այսօր «վա-բանկ» են խաղում, երկուսն էլ գիտեն, որ իրենց համար վճռական ժամանակահատված է սկսվում, եւ երկուսն էլ անելու են ամեն ինչ՝ հաջողության հասնելու համար: Հաջողության հասած ուժը կունենա ամեն ինչ, մյուսը կկորցնի ամեն ինչ»,- կանխատեսում է ՀԱՍԿ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել