«500 ձայն» հասարակական հետազոտությունների խմբի անցկացրած մի ուսումնասիրության համաձայն՝ 2012 թվականին ամենասպասվող իրադարձությունը հայաստանցիների 35 տոկոսը համարել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, 23 տոկոսը՝ Լոնդոնի օլիմպիական խաղերը, 15 տոկոսը՝ ՌԴ նախագահի ընտրությունները, եւ միայն 10 տոկոսը՝ ՀՀ ԱԺ ընտրությունները:
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 72 տոկոս, անտարբեր է իշխանություն-ՀԱԿ երկխոսության հանդեպ: Եվ միայն 12 տոկոսն է դրական վերաբերվում:
«Երկրի տնտեսական խնդիրների շուրջ ո՞ր քաղաքական ուժի դիրքորոշումներն են Ձեզ ավելի հոգեհարազատ» հարցին ստացվել է հետեւյալ պատկերը. ԲՀԿ՝ 35 տոկոս, ՀԱԿ՝ 22, ԺԿ՝ 7:
Հարցվողների 22 տոկոսը համարում է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրներն առաջնահերթ են «Ժառանգության» ծրագրերում, երկրորդ տեղում է ՀԱԿ-ը՝ 20 տոկոս:
«Ո՞ր քաղաքական ուժն է հիմնական այլընտրանքը այսօրվա իշխանություններին» հարցին 24 տոկոսը պատասխանել է ՀԱԿ, «Ժառանգություն»՝ 12 տոկոսը, ՀՅԴ՝ 7 տոկոսը: Իսկ 25 տոկոսը համարում է մեկ այլ, նոր ուժ:
«Ո՞ր քաղաքական ուժն է ավելի մեծ տեղ տալիս սոցիալական ոլորտին» հարցին մասնակիցների 34 տոկոսը պատասխանել է ԲՀԿ, այնուհետեւ՝ ՀԱԿ՝ 18, ՀՅԴ՝ 15:
Ըստ հետազոտության՝ կոալիցիոն կառավարության մաս կազմող ԲՀԿ-ին վատացող տնտեսության ֆոնին հաջողվել է մեծացնել իր սոցիալական բազան:
Հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հարցվողների համակրանքը ՀՅԴ-ի կողմն է՝ 28 տոկոս, որին հաջորդում է ՀԱԿ-ը: Արձանագրությունների սառեցման եւ բարեկեցության անկման ֆոնին նկատվում է ազգայնական տրամադրությունների աճ:
«Հետազոտության ավելի դետալային վերլուծությունը հուշում է, որ հասարակության լայն շերտերի բարեկեցության մակարդակը նկատելիորեն իջել է, եւ, հետեւաբար, մեծացել է դժգոհ ընտրազանգվածի ծավալը: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում են տնտեսական, սոցիալական խնդիրները, ինչն էլ հավանորեն դառնալու է հիմնական գործոնը այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ ընտրություն կատարելու հարցում»,- ասում է խմբի համակարգող Բ. Մաթեւոսյանը: