Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարակա՞ն, թե՞ «ջենտլմենական ձեռքսեղմում»

Սեպտեմբեր 13,2011 00:00

Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան

ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար, 1995-ից ԱԺ պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, կարճ ժամանակով նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի՝ անցած շաբաթվա վերջում ներկայացրած հրաժարականը գրեթե բոլոր քաղաքական ուժերը որակեցին որպես «անսպասելի»: Ըստ էության, դատելով վերջին օրերի տեղեկություններից, Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել միմիայն իր զբաղեցրած պաշտոնից՝ շարունակելով մնալ ՀՀԿ խորհրդի անդամ, եւ, ըստ հավաստի տեղեկությունների, չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից եւ ակտիվ քաղաքականությունից: Այս օրերին բազմաթիվ մեկնաբանություններ, վարկածներ եւ ենթադրություններ գրվեցին: Մենք այդ բոլորին չենք անդրադառնա, քանի որ ինքներս ներկա չենք եղել ՀՀ նախագահի եւ նրա աշխատակազմի ղեկավարի զրույցին եւ դռան տակ էլ թաքնված չենք եղել՝ այդ զրույցը լսելու համար: Երեկ քաղաքական ուժերը գերադասում էին չխոսել եւ մեկնաբանություններ չանել այս հրաժարականի մասին՝ իրենց չխոսկանությունը բացատրելով նրանով, որ ինֆորմացիա չունեն, թե ինչ է կատարվել:
«Առավոտի» հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե այս հրաժարականը «կարծես թե առաջին նման դեպքն է, եւ ես միայն մեկ մեկնաբանություն կարող եմ անել՝ որ այս անսպասելի հրաժարականը բացառապես կապված է ներիշխանական հարաբերությունների հետ: Գուցե ներսում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, որի արդյունքում եւ եղավ այս հրաժարականը: Իշխանությունների քաղաքականությունը հրապարակային չէ նույնիսկ իրենց ներսում, եւ որոշումների ընդունման մեխանիզմը այսպես ասած՝ շատ անհասկանալի է, ուստի, քանի որ այս հրաժարականը որեւէ հրապարակային պահանջ չէ, ընդդիմության կամ հասարակության ճնշման արդյունք չէ, մնում է մեկ ենթադրություն անել, որ այս հրաժարականը տեղի է ունեցել ներիշխանական ինչ-ինչ խնդիրների արդյունքում»:
Ի պատասխան մեր հարցի՝ կիսո՞ւմ է այն վերլուծությունների տրամաբանությունը, թե այս հրաժարականը կազդի որոշակի ներքաղաքական զարգացումների վրա, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե որքանով կազդի ներքաղաքական զարգացումների վրա, կարծում եմ՝ դա կախված է Կարեն Կարապետյանի հետագա քայլերից եւ որոշումներից: Եթե որեւէ քայլ չանի, այսինքն՝ ընդամենը հրաժարական տա եւ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի, բնականաբար՝ չի ազդի, իսկ եթե փորձի որոշակի ռեսուրսներ հավաքել, կուսակցություն ստեղծել կամ որեւէ կուսակցության անդամագրվելով՝ հզորացնել տվյալ կուսակցությունը, ապա, հաշվի առնելով իր՝ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար լինելը, ֆինանսական լայն հնարավորությունները եւ մարդկային ռեսուրսին տիրապետելը, ապա ինքը, բնականաբար, կարող է որոշակի ազդեցություն ունենալ քաղաքական դաշտում, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ արդեն նախընտրական փուլ է»: Միաժամանակ, Արմեն Մարտիրոսյանը չբացառեց հետեւյալը. «Հնարավոր է, որ հրաժարականի ժամանակ ինչ-ինչ պայմանավորվածություններ եղած լինեն, եւ սա ընդամենը ջենտլմենական ձեռքսեղմում կարող է լինել: Ուստի, էլի եմ կրկնում, քանի որ այդ ամենը հրապարակային չէ, շատ դժվար է կանխատեսել, թե ինչ է եղել եւ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել