Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆ ԱՍՈՒՄ Է՝ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"Ոստիկանությունը հակված է «դիտավորության» վարկածին, բայց դրա համար ապացույցներ են պետք

Անցած շաբաթավերջին «Առավոտը» Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից մտահոգիչ ահազանգ ստացավ: Մեզ զանգահարած քաղաքացին փոխանցեց, թե ուրբաթ օրը քաղաքում գործող «Խրճիթ» ռեստորանի սեփականատիրոջ տղան խանդի հողի վրա նույն ռեստորանի սպասուհու վրա բենզին է լցրել եւ այրել, եւ որ ոստիկանությունը դեպքի առնչությամբ ոչ միայն քրգործ չի հարուցել, այլեւ ցրել է քաղաքի հիվանդանոցի մոտ (տուժած աղջկան տեղափոխել էին Մարտունիի քաղաքային հիվանդանոց) հավաքվածներին՝ հայտարարելով, թե աղջիկն այրվածքներ է ստացել ոչ թե իր վրա բենզին լցնելու, այլ «դեզոդոր» փչելու պատճառով:
Շաբաթ օրը մենք ահազանգի հետքերով մեկնեցինք Մարտունի: Մեր առաջին հանդիպումը Մարտունիի ոստիկանապետ Գուրգեն Գինոյանի հետ էր: Վերջինս բացի այն, որ հերքեց մեզ հասած տեղեկությունը, նաեւ հրահանգեց բերել դեպքերի գրանցամատյանը, որտեղ հիշյալ օրը՝ սեպտեմբերի 9-ին, դեպքից կես ժամ անց արված գրառման համաձայն, ս.թ. սեպտեմբերի 9-ին, ժ. 20:00-ին, Մարտունիի բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին, ժ. 19:00-ի սահմաններում, Մ. Թումանյան փ. 7-րդ շենքից թերմիկ այրվածքով, դեմքի աջ մասում, կրծքավանդակի առաջնային պատի պարանոցի շրջանում, վերջին 3-րդականում, կրծքավանդակի թիկնային մասում այրվածքային ախտորոշմամբ, այրվածքային շոկի 2-3 աստիճանով իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված, վերոհիշյալ հասցեում վարձով բնակվող, Սեւան քաղաքի բնակիչ Սիրուն Հ. Ղազարյանը: Ահազանգը ստանալուց հետո ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել եւ հարցաքննվել էր 1986թ. ծնված, ոչ մի տեղ չաշխատող Գարիկ Արմենի Հրաչյանը՝ «Խրճիթի» սեփականատիրոջ տղան: Վերջինս ոստիկանությունում հավաստիացրել էր, թե դեպքը, իբր, պատահաբար է տեղի ունեցել: Նրա ասելով, Սիրուն Ղազարյանի այրվածքները իր կողմից աղջկա վրա օդ թարմացնող դեզոդորանտ փչելու եւ կրակայրիչը վառելու արդյունքում է եղել: Դեպքի առնչությամբ Մարտունիի ոստիկանության քննչական բաժնում նախաքննություն է ընթանում: Ոստիկանապետի ասելով, Գ. Հրաչյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել, եւ նրա նկատմամբ խափանման այլ միջոց կիրառելու հարցը քննարկման առարկա կդառնա միայն տուժողի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո՝ կախված այն բանից, թե աղջկա ստացած վերքերը ծանրության ինչ աստիճանի են: Առայժմ գործի նախաքննությունն ընթանում է «մարմնական վնասվածքներ հասցնելը» մեղադրանքի շրջանակներում, որն, իհարկե, լայն հասկացություն է, բայց ոստիկանապետի ասելով՝ կարող է կոնկրետացվել դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո:
Եղանք նաեւ Մարտունիի բժշկական կենտրոնում, հանդիպեցինք տուժող, գեղեցկադեմ աղջկա հետ: Առաջինը, ինչ նա ասաց մեզ՝ բժշկական անձնակազմից գոհունակություն հայտնելն էր (ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, նրան, որ ոչ ոք չունի, հիվանդանոցում, իբր, «անտերության» են մատնել): Հակառակ այս պնդումների, Ս. Ղազարյանն ասաց, թե իր նկատմամբ բուժանձնակազմի հոգատարությունն առանձնահատուկ է, որին ինքը չէր էլ սպասում: Աղջկան բուժող բժիշկը՝ Լեւոն Գասպարյանը, որի հետ հանդիպեցինք հիվանդանոցի գլխավոր բժշկի ուղեկցությամբ, ասաց, թե աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծանր, շոկային վիճակում, եւ սկզբնական շրջանում նրա կյանքին իսկապես վտանգ էր սպառնում: Նաեւ հավելեց, թե հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի հիվանդը լրիվ ապաքինված դուրս գրվի, բայց դժվարացավ ասել, թե արդյոք այրվածքները կարո՞ղ են նկատելի սպիներ թողնել:
Ինչ վերաբերում է միջադեպին, ապա Ս. Ղազարյանի հետ մեր զրույցից հստակ դարձավ, որ տուժողը մտադիր չէ բողոքել իրեն աշխատանք տված Արմեն Հրաչյանի (նրան Մարտունիում «Լիսա Արմեն» մականունով գիտեն- խմբ.) որդու դեմ, որովհետեւ «դրա կարիքը չկա»: Ու թեեւ ոստիկանությունում հակված են կարծելու, որ միջադեպը դիտավորության արդյունք է, այդուհանդերձ, տուժող աղջիկը մեզ հավաստիացնում էր, թե միջադեպը պատահաբար է տեղի ունեցել, իրենք Գարիկի հետ վիճած չեն եղել ո՛չ մինչեւ միջադեպը, ո՛չ էլ միջադեպի պահին. «Ուղղակի խաղում էինք, կատակ էինք անում: Ինքը էդ դեզոդորանտը փչեց, սիգարետ կպցրեց… Չգիտեմ՝ ոնց եղավ»: Ավելին, տուժող Ս. Ղազարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե ապաքինվելուց հետո մտադիր է էլի «Խրճիթում» աշխատել:
Արդյոք տուժողի եւ օբյեկտի տիրոջ որդու պնդումները՝ տեղի ունեցածի մասին, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ դրանք փոխհամաձայնության արդյունք են՝ պարզ չէ, եւ մնում է հենց իրենց խղճին ու պատասխանատվությանը: Սա այն դեպքն է, երբ միջադեպի գուցե իրական պատճառն ու զարգացումները կոծկում է ոչ թե ոստիկանությունը, այլ տուժողը: Բոլոր դեպքերում, ՀՀ Քրեական օրենսգրքով՝ անզգուշությամբ անձի առողջությանը ծանր կամ միջին ծանրության, նույնիսկ թեթեւ վնաս պատճառելու համար սահմանված առավելագույն պատիժը երկամսյա կալանքն է, նվազագույնը՝ տուգանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել