Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ»

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"Ասում է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի
Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը:

– Եվրոպական Միության տարբեր մարմինների ուշադրությունը Հայաստանի նկատմամբ կարծես ավելացել է՝ մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անընդհատ հարցադրումներ են ներկայացնում, քննարկումներ կազմակերպում մեր տարածաշրջանի վերաբերյալ: Ինչո՞վ եք բացատրում սա՝ այն պայմաններում, երբ Հայաստանն ուղղակիորեն ԵՄ հետաքրքրությունների շրջանակում չէ:
– Համաձայն եմ, որ էականորեն բարձրացել է հետաքրքրության մակարդակը: Եվրոպական Միության գործնական հետաքրքրվածությունն աճել է մի պարզ պատճառով՝ ԵՄ հետ մեր համագործակցությունը, եթե համեմատենք 2-3 տարի առաջվա հետ՝ անհամեմատ ավելացել է: Սա առաջին հերթին համագործակցության նոր ձեւաչափերի շնորհիվ է՝ մասնավորապես Արեւելյան գործընկերության: ԱԼԳ առաջնայնություններից են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ասոցիացման համաձայնագրի ստորագրումը, որի անբաժանելի մասն է ազատ առեւտրի գոտու ստեղծումը ԵՄ հետ, մարդկանց միջեւ հարաբերությունների ակտիվացումը, քաղաքացիական հասարակությունների միջեւ փոխգործակցության մակարդակի բարձրացումը եւ այլն: Այս ամենը ստիպում է ԵՄ-ին, որ աճի հետաքրքրության մակարդակը: Այլընտրանք չկա՝ հնարավոր չէ այս ամենի շուրջ բանակցել ու իրականացնել՝ չհետեւելով ներքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացներին: Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին: Նույնպիսի ուշադրության ներքո են նաեւ ԱԼԳ գործընկեր բոլոր 6 երկրները:
– Վերջերս հրապարակվեց, որ Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով ենթակոմիտեի նախագահը հարցադրում է ուղարկել 2010 թվականի նոյեմբերի 9-ին «Արդար դատաքննություն ու դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան համաժողովի ընթացքում «Երեւան» հյուրանոցի առջեւ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախման մասին: Ինքս ներկա եմ եղել այդ միջադեպին, եւ մամուլից ծանոթանալով, թե ինչ պատասխան եք Դուք տվել այդ հարցադրմանը, կարող եմ նշել, որ ներկայացրել եք բացառապես ոստիկանության վարկածը կատարվածի վերաբերյալ: Արդյոք միտում չկա՞ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ապատեղեկատվություն մատուցել եվրոպական կառույցներին մեր ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
– Հարցն ինքնին արդեն միակողմանի է: Եվ ես վստահ չեմ, որ թե՛ դուք, թե՛ հրապարակողը տեղյակ է՝ ինչպես է արձագանքել տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այդ հարցադրմանը Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչությունը: Մի բան կարող եմ միանշանակ հաստատել, որ ընդամենը մի քանի տողով ներկայացվել է այն, ինչ տեղի է ունեցել: Որեւէ գնահատական չի տրվել կամ որեւէ մեկին նույնիսկ փորձ էլ չի կատարվել ներկայացնել իբրեւ ազգի թշնամի:
– Այնուամենայնիվ, տեղի ունեցածի մասին Ձեր ներկայացրած տեքստը՝ ցուցարարների հրահրած քաշքշուկի եւ սադրանքի վերաբերյալ, դատելով հրապարակումից՝ ակնհայտորեն տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանների շարադրանքն էր, եւ ոչ այն, ինչ արձանագրել էին ականատես լրագրողները:
– Ավելի քան վստահ եմ, որ այն, ինչ հրապարակվել է՝ նույնիսկ փորձ էլ չի արվել ստուգել: Ես պնդում եմ, որ չեն փորձել գոնե ստուգել, թե ինչպես է արձագանքել Հայաստանի ԱԳՆ-ն եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը Եվրոպական խորհրդարանի հարցմանը:
– Փորձենք ստուգել մեկ այլ հրապարակում, որ վերաբերում է Ձեր գործունեության վերաբերյալ Բելգիայում Հայաստանի դեսպանատան նախկին երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանի մեղադրանքներին, թե Պետական երիտասարդական նվագախմբի համերգի տոմսերի իրացմամբ եք զբաղված ու յուրացրել եք ավտոմեքենաների լվացման փողը։ Արդյոք այս ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
– Ես չեմ պատրաստվում արձագանքել հիվանդագին երեւակայության այդ դրսեւորումներին, որոնց հիմքում ընկած են բացարձակ սուտը, չարը եւ զրպարտությունը: Երկրորդ պատճառը, թե ինչու չեմ ցանկանում արձագանքել՝ հետեւյալն է. այդ հրապարակման մեջ ակնհայտ փորձ էր արվում քաղաքականացնել այս ամենը: Ես 2 տարի է, ինչ վերադարձել եմ դիվանագիտական ծառայության եւ պարզապես իրավունք չունեմ որեւէ կերպ մասնակցել ներքին քաղաքական գործընթացներին. սա բոլորին հայտնի դիվանագիտական կանոն է:
Սակայն մի հարց կա, որի վերաբերյալ համբերությունս չի հերիքում լռելու: Ինչպե՞ս կարող է ԶԼՄ-ն, նույնիսկ չփորձելով ստուգել ներկայացված «փաստերը», հրապարակել դրանք եւ մատուցել հանրությանը: Սա կարծեմ թե բավական լուրջ հարց է, որ արժանի է քննարկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել