Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԱՅՍ ԹԻՄԻ ՊՈՏԵՆՑԻԱԼՆ ԱՎԵԼԻՆ Է»

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"\"«Հիմա ամենակարեւորն այն է, որ չընկնենք էյֆորիայի մեջ, հանգիստ տանենք թե հաղթանակները, թե սայթաքումները, որովհետեւ մենք դեռ կայացման ճանապարհին ենք: Իհարկե, դժվար է ասել՝ որ հատվածում, սակայն ընթացքում ենք»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո «Առավոտի» հետ զրույցում ասում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ անդրադառնալով խոշոր հաշվով արտագնա երկու հանդիպումների արձագանքին հանրապետությունում:
Եվ իսկապես, վերջին օրերի թիվ մեկ թեման, որի քննարկմանն ականատես ես լինում բոլոր այն վայրերում՝ իրական թե վիրտուալ, որտեղ մեկից ավելի մարդ կա, մեր տղաների «հեղինակած» սենսացիան է: «Որ ասում եմ՝ հայերը ֆուտբոլ խաղալ չգիտեն»-ը այժմ փոխարինվել է «Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք» կարգախոսով ու արդեն շատ-շատերը Լեհաստանի եւ Ուկրաինայի տոմսերի հարցն են քննարկում… Բայց հիմա ամենակարեւորը էյֆորիայի, ինքնաբավության մեջ չընկնել է, չնայած երեկ կայացած մամուլի ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հարցին, թե այս կազմով այս թիմին տեսնո՞ւմ է, արդյոք, ԵՎՐՈ-2012-ում, անկեղծորեն պատասխանեց. «Իհարկե՝ տեսնում եմ, բայց առաջ ընկնել չեմ ուզում… Այս թիմի պոտենցիալն ավելին է»: Ու բնական է. չէ՞ որ կայացումն ու զարգացումը բնականոն պիտի լինեն: Իսկապես, կա թիմի կորիզ, կայունացած խաղ, ինչպես նշեց գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ընթացքում, ու բոլոր խաղերում մեր թիմը դիտարժան ֆուտբոլ է ցույց տվել, խաղի որակից բացի, նաեւ լավ արդյունքներ է գրանցում: Սակայն սա ընդամենը հերթական քայլ է կայացման դժվարին ճանապարհին: Իսկ առջեւում շատ կարեւոր փորձություն է դեռ սպասում՝ Մակեդոնիայի ու Իռլանդիայի հավաքականների հետ խաղերի տեսքով: Եվ Վարդան Մինասյանը սկզբունքորեն չի պատասխանում մեզ համար դրանցից թերեւս ամենակարեւոր՝ Իռլանդիայի հավաքականի հետ հոկտեմբերյան խաղի վերաբերյալ հարցերին թե մասնավոր հարցազրույցի ու թե մամուլի ասուլիսի ընթացքում: «Այժմ ինձ հետաքրքրում է միայն Մակեդոնիայի հետ խաղը, տղաների վնասվածքներն ու ֆունկցիոնալ վիճակը»,- ասում է մարզիչը: Մամուլի ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանը, խոսելով Մակեդոնիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլի մասին, նշեց, որ հեշտ խաղ չի սպասվում: «Մակեդոնիայի զբաղեցրած տեղը մրցաշարային աղյուսակում զարմանալի է: Նրանք միշտ խաղային առավելություն են ունեցել նույնիսկ Իռլանդիայի հետ խաղում: Այնպես որ, հեշտ չի լինելու… Անգամ Անդորրայի հետ հեշտ չէր»…
Մեր ներկա ու ապագա մրցակիցների մասին Վարդան Մինասյանը խոսեց միայն մեզ հետ հանդիպումների համատեքստում: Լրագրողների հարցին, թե Սլովակիա-Ռուսաստան խաղում թիմերից ո՞ր մեկն ավելի լավ հնարավորություն ունի, Մինասյանն ասաց. «Այդ մասին թող Ադվոկատը մտածի: Դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Մենք մեր խաղի մասին պիտի մտածենք»: Իսկ մեր ֆուտբոլը մեր կազմն է, որին նույնպես անդրադարձավ մարզիչը: Խոսելով Սլովակիայի հետ խաղում վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին՝ Մինասյանը տեղեկացրեց, որ Յուրա Մովսիսյանն արդեն առաջիկա տուրում «Կրասնոդարի» կազմում կարող է դաշտ դուրս գալ, իսկ Հրայր Մկոյանի վնասվածքը ավելի լուրջ է: Դենիս Թումասյանին մարզչական շտաբը հրավեր ուղարկել էր, որը, անհասկանալի պատճառներով, մերժվել է, իսկ ինչ վերաբերում է Արազ Օզբիլիսին, նա շարունակում է գտնվել մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում: Վարդան Մինասյանի տեսադաշտում է նաեւ «Փյունիկի» ու ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ապուլա Բետեն, սակայն նրա գործողություններում մարզիչն անվստահություն է տեսնում ու, որպես հետեւանք, առանձնապես ոգեւորված չէ վերջինիս հավաքական հրավիրելու հեռանկարով: Այս ամենով հանդերձ, մարզիչը արդեն ոգեւորվելու մեծ առիթ ունի, ինչին հպանցիկ անդրադարձ կատարվեց մամուլի ասուլիսի ընթացքում: Խոսքը վերաբերում է մեր թիմի գրանցած ցուցանիշներին՝ աննախադեպ գոլերի քանակին, գնդակների տարբերությանը, արդյունավետությանը. «Որքան էլ խաղաս, ֆուտբոլը գոլով է գեղեցիկ: Եթե նայենք վիճակագրությանը, մենք ունենք կայուն գոլ խփող չորս ֆուտբոլիստ, ովքեր յուրաքանչյուր պահի կարող են գոլ խփել: Մինչդեռ, լավ է համարվում այն թիմը, որտեղ կա երկու գոլահար»: Ու իսկապես, գոլ խփել չկարողանալու ախտը արդեն անցյալում է…… Մնում է՝ էյֆորիայի մեջ չընկնել: Այ, այդ ժամանակ հաղթանակները ոչ թե սենսացիա կորակվեն, այլ՝ հաճելի ու սպասված իրականություն:
Չէ՞ որ այս թիմի պոտենցիալն ավելին է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել