Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹԵԺ ՈԼՈՐՏ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Հայաստանն ու Լիտվան Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում կխորացնեն երկկողմ հարաբերությունները կրթության եւ գիտության ոլորտում: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Լիտվայի ԿԳ նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը: Ա. Աշոտյանի հավաստմամբ, երկկողմ բանակցությունների արդյունքում հայկական կողմը եկել է այն համոզմունքի, որ կրթության ոլորտում կատարված բարեփոխումները համընկնում են եվրոպական երկրների կրթության չափանիշներին:
Լիտվայի ԿԳ նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը շեշտեց. «Լիտվայի եւ Հայաստանի համար կրթությունն ու գիտությունը թեժ ոլորտներ են, որի համար կարելի է բանակցել: Այս համակարգը կյանքի ռիթմին զուգընթաց փոխվում է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ստեղծել պայմաններ հասարակության պահանջները բավարարելու համար»:
Ա. Աշոտյանի խոսքով. «Կրթության որակը բարձրացնելու համար կարեւոր է այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի փորձը, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի շրջանակներում ուսանողների եւ ոլորտի մասնագետների միջեւ մասնագիտական կարողությունների փոխանակումը: Ձեռք է բերվել պայմանագիր, որը քննարկվում է Լիտվայի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Վերջինիս հաստատումից հետո հայ մասնագետների խումբը կմեկնի Լիտվա՝ տեղում ծանոթանալու այդ երկրի կրթական համակարգին: Սա հնարավորություն կտա ամրապնդել միջբուհական կապերի հաստատումը»: Գ. Ստեպոնավիչիուսը գործընկերոջը հավելեց, որ երկու երկրների Ագրարային համալսարանների միջեւ արդեն կան փոխգործակցության համաձայնագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել