Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ՞ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի եւ «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ շուտով Հայաստանը կունենա Ազգային կինոյի մրցանակաբաշխություն: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ «Orange Արմենիա» ընկերության մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ըստ բանախոսների, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը մեկնարկելու է 2012թ. փետրվարին:
«Այն կնպաստի հայկական կինոյի տարածմանը, կինոարվեստի զարգացմանը, հայկական կինոյի միջազգային ճանաչմանը»,- ասաց Գ. Գեւորգյանը: Նա նաեւ նշեց, որ մրցանակաբաշխությանը պետական հովանավորություն չունի:
Ինչ վերաբերում է ֆիլմերի անվանակարգերին եւ քվեարկությանը, Գ. Գեւորգյանի փոխանցմամբ, յուրաքաչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխությանը ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը. «Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրությունը: Ֆիլմերը կգնահատի կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին, իսկ մրցանակները կշնորհվեն 2 քվեարկության արդյունքում: Լինելու է 12 անվանակարգ, այդ թվում՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ եւ այլն, ներառվելու են նաեւ վավերագրական, անիմացիոն, կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգեր: Հատուկ մրցանակ է լինելու հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար»: Ի դեպ, մրցանակաբաշխությունը դեռեւս չունի ոչ լոգո, ոչ մրցանակը խորհրդանշող արձանիկ: Գ. Գեւորգյանը հավելեց, որ վերջինների համար կհայտարարվի մրցույթ, որի հաղթողը կստանա գումարային մրցանակ:
Ա. Մկրտչյանն իր խոսքում նշեց. «Պետք է ստեղծել մի անաչառ կառույց, որը կգնահատի, թե ինչն է լավ հայկական կինոյում, ինչը՝ վատը եւ կշեշտադրվի մեր կինոյի զարգացումը»: Իսկ մրցանակաբաշխության անաչառությունը, ըստ բանախոսների, ապահովված է, ելնելով ժյուրիի կազմից. նախագահ՝ Սոս Սարգսյան, անդամներ՝ Հենրիկ Հովհաննիսյան, Կարինե Խոդիկյան, Զավեն Բոյաջյան, Ռոբերտ Ամիրխանյան եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել