Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ վարձը տաս

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"\"Կրթավճարը շարունակում է մնալ ուսանողի թիվ մեկ խնդիրը

«Ուզում էի ստացիոնար սովորել, բայց համալսարան դիմեցի հեռակա համակարգում սովորելու համար. պատճառը՝ գիտելիքների պակասը չէր, այլ՝ գումարը»,- «Առավոտին» ասաց 18-ամյա Լիլիթ Ստեփանյանը: Նա «կարմիր» դիպլոմով է ավարտել Արարատի պետական քոլեջը: «Հնարավորություն ստացա սովորելու մի շարք համալսարանների 2-րդ կուրսերում: Ցանկությունս մեծ էր, բայց հնարավորությունը՝ քիչ: Իմ նախընտրած ֆակուլտետում սովորելու համար պետք է տարեկան 450.000-ից ավելի գումար վճարեի… Հիմա Երեւանում տուն եմ վարձել, աշխատանք եմ փնտրում: Մտածում եմ՝ այս ընթացքում գումար կհավաքեմ եւ մյուս տարի կփոխադրվեմ ստացիոնար համակարգ: Մտահոգվում եմ՝ արդյո՞ք ես կդառնամ այն մասնագետը, որի մասին երազել եմ՝ հեռակա համակարգում սովորելու դեպքում»,- ասում է Լիլիթը:
Ագրարային համալսարանի ուսանողուհի Արաքսյա Թադեւոսյանն էլ, որը չնշեց բնակության վայրը, «պատմության մեջ է ընկել» ուսման վարձը վճարելիս: «Մտածում էի ուսանողական վարկ վերցնել: Բայց իմացա, որ մեր քաղաքում չկա նման բանկի մասնաճյուղ: Վարձը վճարելու վերջին օրերն էին, ասել էին՝ պետք է վճարեք, որ կարողանաք միջանկյալ քննությանը մասնակցել»,- պատմում է Արաքսյան եւ զայրանում՝ ուսանողին վարձով ճնշում են, ասում է, թե համոզված է, որ չի կարեւորվում ուսանողի գիտելիքը: «Կարեւորը՝ վարձը տված լինես: Լարված օրեր անցկացնելով՝ վերջին օրով լուծեցի բոլոր հարցերը եւ ձեւակերպեցի ուսանողական վարկ»,- շարունակում է մեր զրուցակիցը:
Հրանտ Անդրեասյանը, ով սովորում է երեւանյան բուհերից մեկում, երբեք չի մտահոգվել կրթության վարձավճարի մասին: Նա ասում է. «Մերոնք տվել են գումարը, ես էլ գնում եմ դասի, գալիս: Դե, ի՞նչ պարտադիր ա լավ սովորես: Դիպլոմն ունենաս, մի լավ աշխատանք, ամեն ինչ իրա հունով կգնա, էլի՜… Պարզ է՝ շատերի համար է կրթությունը թանկ հաճույք, բայց դիպլոմ ես վերցնում, որ աշխատես, պիտի դրա համար գումար էլ վճարես»:  
Բարձրագույն կրթության ֆինանսավորման հարցը, պարզվում է՝ մտահոգում է նաեւ պետական այրերին: Երեկ «Առավոտը» անդրադարձավ Երեւանում այս խնդրին վերաբերող օրերս ընթացող միջազգային գիտաժողովին, որը կազմակերպված էր Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ներկայիս կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ բարձրագույն կրթությունը դարձել է ոչ միայն մասսայական, այլ նաեւ՝ բավական թանկ. «Որակյալ բարձրագույն կրթությունը հասարակական բարիք է, կրթական ծառայություն է, բիզնես: Խնդրի լուծման համար համաշխարհային բանկի եւ միջազգային մի շարք փորձագետների աջակցությամբ վերջերս ընդունվեց բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր ռազմավարություն, որը 3 տարվա գործողությունների ծրագիր է նախատեսում»:
Բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդրի լուծման մեկ այլ ուղի էլ նախարարը տեսնում է գործարար ոլորտի ներգրավումը: Այս առիթով մեր հարցին ի պատասխան՝ «Orange Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանն ասաց. «Եթե կարողանանք այդ նախաձեռնությունը դիտարկել մեր իսկ հիմնադրամի գործունեության ոլորտում, սիրով կհամագործակցենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել