Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԵԼ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱԶԱՏՎԵԼ ՄԵԾԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"\"Սա է «Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարին Հովհաննիսյանի գերնպատակը:

«Առավոտը» օրերս տեղեկացրել էր Կարին Հովհաննիսյանի առաջին՝ «Գերդաստան ստվերաց» (Family of Shadows) գրքի հայերեն հրատարակության մասին: Հեղինակը, փաստորեն, այս գրքում հանդես է եկել իբրեւ Հովհաննիսյան գերդաստանի մենագիր: Ե. Չարենցի տուն-թանգարանում սեպտեմբերի 6-ին կայացած շնորհանդեսին հեղինակը խոստացավ այդ առիթով առաջինը հարցազրույց տալ մեր օրաթերթին: Խոստումը կատարեց, սակայն նրա պատասխանները ժլատ են:
– Ձեր պապը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը հայ քաղաքագիտության եւ պատմագիտության նշանավոր դեմքերից է: Արդյո՞ք կրտսեր Հովհաննիսյանը ուզում է քայլել պապի ճանապարհով:
– Ինչպես հարգել եւ ազատվել մեր մեծերի ստվերներից՝ դա է իմ կյանքի հիմնարար եւ հավերժ հարցը:
– Ըտանիքում, բացի Ձեր հորից, ոչ ոք քաղաքականությամբ չի զբաղվում: Գուցե այս գիրքը առաջին քայլն է, որ անում ես՝ նրա կողքին մշտապես լինելու համար:
– Ոչ:
– Գրքում խտացված է նաեւ ցեղասպանություն ապրած մեր ժողովրդի ճակատագիրը: Ի՞նչ աղերսներ կան այս թեմային:
-Գիրքը նվիրված է լուսաբանելու ցեղասպանության ոչ միայն պատմական, այլեւ հոգեբանական եւ մետաֆիզիկական հետեւանքները սերունդների վրա:
Ներկայացնում ենք ԱՄՆ-ում լույս տեսած «Գերդաստան ստվերաց» գրքի անգլերեն տարբերակի արձագանքներից:
Դեյվիգ Իգնաթիուս, «Washington Post»-ի սյունակագիր. «Կարին Հովհաննիսյանը բացում է ժամանակակից պատմության չուսումնասիրված մեծ էջերից մեկը: Անկախ նրանից՝ դուք ինձ պես ամերիկահայ եք, թե նոր եք ծանոթանում այս պատմությանը, գիրքը ձեզ կհուզի  մանրամասների անկեղծությամբ եւ զորությամբ: Հովհաննիսյան ընտանիքն ապրեց հայոց ազգի բնաջնջման եւ հարության պատմությունը, եւ մենք բախտավոր ենք, որ Կարին Հովհաննիսյանն այդ ամենը հանձնել է թղթին, որպեսզի աշխա՛րհը կարողանա հասկանալ…»:
Քրիսթոֆեր Հիթչենս, «Ինչու է Օրուելը կարեւոր» գրքի հեղինակ. «Նախեւառաջ արվեստագետի հմտությամբ, այլ կերպ չես ասի, Կարին Հովհաննիսյանն իր անկոտրում գերդաստանի միկրոպատմությունը միահյուսում է հայոց ցեղասպանության մակրո պատմությանը: Այստեղ մենք անմիջապես սովորում ենք գնահատել «անկործանելի» բառի ճշմարիտ իմաստը…»:
Սեմուել Գ. Ֆրիդման, «Ժառանգություն» գրքի հեղինակ. «Կարին Հովհաննիսյանը իր յուրահատուկ գրքին տալիս է պատմաբանի խստություն, բանաստեղծի քնարականություն ու հայ որդու կիրք: Մտերմիկ՝ ինչպես ուշադրություն, բայց եւ էպոսի պես ընդգրկուն «Գերդաստան ստվերացը» հայկական փորձառությունն իր բովանդակ որբերգությամբ եւ հաղթանակով վերարտադրում է հիշարժան ու մարդկային լեզվով…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել