Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՍԻԱՆՆ ԱՅՍՕՐ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Անջուր, անասֆալտ, անհույս իրականությունը շարունակվում է

Մայիսի 20-ին «Անջուր, անասֆալտ, անհույս» հրապարակմամբ (յոթ լուսանկարով) ներկայացրել էինք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի վիճակը: Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները, այլեւ պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին կառուցված աղբյուրներն էին ցամաքել, քաղաքի փողոցները քարուքանդ էին՝ ջրամատակարարման ցանցը փոխելու համար, սակայն աշխատանքները համառորեն չեն ավարտվում, ոռոգման ջրի բացակայության պայմաններում շատ սիսիանցիներ այս տարի հրաժարվել են իրենց այգիները մշակել:
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը անցած տարվա նոյեմբերին «Առավոտին» ասել էր, որ շինարարական աշխատանքները ավարտվելու են դեկտեմբերին (20.11.2010՝ «Սիսիանը դեռ քարուքանդ է»): 2011-ի մայիսին աշխատանքները դեռ չէին վերջացել:
«Անջուր, անասֆալտ, անհույս» հրապարակումից մեկ շաբաթ անց ստացանք «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի արձագանքը: Մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանը ապառնի ժամանակով ներկայացված նամակում գրում էր, որ աշխատանքները կավարտվեն 2011-ի հունիսի 1-ին: Մենք էլ խոստացել էինք այս ժամկետի ավարտից հետո Սիսիանի ջրի խնդրի վերաբերյալ եւս մեկ լուսանկարային ռեպորտաժ հրապարակել: Հիմա արդեն սեպտեմբերն է, հունիսի 1-ից անցել է ավելի քան երեք ամիս: Վիճակը՝ ըստ լուսանկարների:

\"\"

\"\"

Իսկ սա քաղաքի կենտրոնն է՝ իր ցեխ ու փոսերով: Հետաքրքիր է, որ ցամաք աղբյուրների քաղաքում կա ջուր, որ անտեղի հոսում է, քանդում առանց այն էլ քարուքանդ փողոցները, ջրափոսեր եւ հակասանիտարական վիճակ ստեղծում:

\"\"
Քաղաքի կրթօջախների մատույցներում գտնվող Թումանյան փողոցում ամեն վայրկյան կարող ես հայտնվել դիտահորում:

\"\"

\"\"
Սիսիանի «էլիտար» փողոցն է: Քաղաքային իշխանությունը քաղցր աչքով է մտիկ անում փողոցին ու դրա բնակիչներին: Բնակիչներից մեկն էլ քաղաքապետն է, ում տունը աչքի է ընկնում ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Այս փողոցում ասֆալտը նոր ու որակով է: Փոսեր ու ցեխ չկան: Քաղաքապետը կարող է տնից քաղաքապետարան հասնել ասֆալտապատ փողոցներով: Ի տարբերություն քաղաքի մյուս բնակիչների, որ փոսառատ ու փոշոտ փողոցներով են երթեւեկում: Մարդկանց համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է ասֆալտապատվել ոչ այնքան ծանրաբեռնված ու պակաս օգտագործելի փողոցը, իսկ քաղաքի կենտրոնը մնացել է անասֆալտ:

\"\"

\"\"
Քաղաքի օժանդակ եւ թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհները դեռ այսպիսի քարուքանդ
վիճակում են:

\"\"
Մայիսին գրել էինք, որ քաղաքի աղբյուրները ցամաքել են: Հիմա աղբյուրներից մի քանիսը կարկաչում են, բայց դեռ ցամաք են քաղաքի այլ հուշակողոթներ՝ մասնավորաբար՝ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի աղբյուրը:

\"\"
Թիվ 4 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, որն ամբողջովին ասֆալտապատվել էր Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի ղեկավարման վերջին տարում, այսօր այսպիսի վիճակում է, «Հայջրմուղկոյուղու»՝ քաղաքում ներքին ցանցի «բարելավումից» հետո:

«Առավոտի» տեղեկություններով՝ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ձեռամբ էլիտար դարձած Հովհան Որոտնեցու փողոցի ասֆալտապատման հետ կապված Սիսիանի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում՝ ճշտելու, թե ասֆալտապատման աշխատանքների համար հատկացված գումարը տեղի՞ն է օգտագործվել եւ կատարված աշխատանքը իր ծավալով համապատասխանո՞ւմ է կատարողական ակտերում նշված ծավալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել