Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉՆՉՈՎ ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Այս մոտեցումը առնվազն չի բխում Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության հիմնադրույթներից, հակասում է միջազգային փորձին ու միջազգային իրավական չափանիշներին:

\"\"

\"\"«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակման արդյունքում փոփոխվել են հայեցակարգային մի շարք հիմնադրույթներ, որոշ դեպքերում ներառելով այնպիսի դրույթներ, որոնք նախկին Նախագծի շուրջ ծավալած քննարկումների ժամանակ անընդունելի էին համարվել եւ չէին ընդգրկվել: Նախագծում առկա են նաեւ բազմաթիվ այլ խնդրահարույց եւ չկանոնակարգված հարցեր, որոնց շարքում առավել վիճելի են ակադեմիայի ռեկտորի, արդարադատության նախարարի եւ ակադեմիայի կառավարման խորհրդի գործառույթների տարանջատումը:
 Տրամաբանական կլիներ, եթե Ազգային ժողովից վերադարձված նախագծում, ի վերջո, հաշվի առնվեին նշված խնդիրները եւ շրջանառության մեջ դրվեր կատարյալ նախագիծ, մինչդեռ՝ արդարադատության նախարարությունը իր գերխնդիրն է համարել բացառապես օրինագծով նախատեսված կառույցներում իր ներկայացուցիչներն ունենալն ու արդարադատության նախարարին լրացուցիչ վարչարարական լիազորություններ ապահովելը: Հընթացս աղճատվել եւ տեքստից հանվել են բոլոր այն դրույթները, որոնք հանդիսանում էին կարեւոր իրավական երաշխիք՝ նաեւ դատավորների նշանակման, ուսուցման եւ վերապատրաստման տեսանկյունից, եւ ուժեղացվել է գործադիր իշխանության ներազդեցությունը ակադեմիայի վրա: Արդարադատության նախարարին վերապահել են այնպիսի լիազորություններ, որոնք համարում ենք սկզբունքորեն անընդունելի եւ անհիմն, քանզի նա ակտիվորեն մասնակցում է դատական եւ դատախազության համակարգերի ձեւավորման եւ հետագա կրթական միջոցառումների իրականացմանը, եւ փաստորեն ուղղակիորեն միջամտում է ուսումնական գործընթացին:
Այս մոտեցումը առնվազն չի բխում Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության հիմնադրույթներից, հակասում է միջազգային փորձին ու միջազգային իրավական չափանիշներին, ինչպես նաեւ՝ «Արեւելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ» կիեւյան հանձնարարականներին, ըստ որի՝ նման դպրոցները պետք է անկախ լինեն գործադիր իշխանությունից, խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունն ու դատախազությունը զրկվում են Սահմանադրությամբ երաշխավորված անկախությունից:
Ստորեւ անդրադառնանք նախ առավել արմատական եւ բովանդակային հարցադրումների:
1. Արդարադատության ակադեմիայի հիմնադրման լիազորությունը որեւէ կերպ հիմնավորված չէ վերապահել գործադիր իշխանությանը (Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մաս): Դրանով, փաստորեն, գործադիր իշխանությունը, ի դեմս արդարադատության նախարարի, որն ակտիվորեն մասնակցում է դատական եւ դատախազության համակարգերի ձեւավորման եւ հետագա կրթական միջոցառումների իրականացմանը, մասնակցում է մեկ այլ՝ անկախ մարմնի կազմի ձեւավորմանը, որն անընդունելի է իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի տեսանկյունից:
Այսպիսով, հիմնավորված կարող է համարվել այն տարբերակը, ըստ որի՝ հիմնադրումը վերապահվում է այդ երկու մարմիններին՝ դատախազությանն ու վճռաբեկ դատարանին միաժամանակ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ըստ «Արեւելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ» կիեւյան հանձնարարականի՝ նման դպրոցները պետք է անկախ լինեն գործադիր իշխանությունից եւ այս մոտեցումը համահունչ է նաեւ միջազգային փորձին: Ընդ որում, նման բացառություն արդեն իսկ նախատեսված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով:
Ուստի հիշյալ հիմնախնդիրները լուծելու նկատառումով, մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի ինչպես դատախազությանը, այնպես էլ՝ դատարանների նախագահների խորհրդին օժտել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ հիմնադրելու լիազորությամբ: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ համատեղ իրավական ակտ ընդունելու իրավասություն սահմանելով վերոնշյալ մարմիններին:
2. Բացառել գործադիր իշխանության ներկայացուցչի ցանկացած եղանակով ներգրավվածությունն ուսումնական կառույցներում: Ընդ որում, այս տեսանկյունից խոցելի ու վիճահարույց էր նաեւ նախկին օրինագիծը, որում եւս առկա էին գործադիր իշխանության, հատկապես՝ արդարադատության նախարարության ներկայացուցչությունը ներմուծելու փորձեր: Արդարադատության նախարարությունը որեւէ գործառույթ չունի՝ կապված դատական եւ դատախազության համակարգերի հետ եւ որը կարող էր հարիր լինել նրա ներգրավվածությանը այս կառույցում, եւ ավելին՝ ի տարբերություն նախագծի հիմնավորման մեջ ներկայացված եվրոպական երկրների փորձի, Հայաստանի Հանրապետությունում դատախազությունը հանդիսանում է ինքնուրույն համակարգ, որը չի հանդիսանում ո՛չ դատական, ո՛չ գործադիր իշխանության, մասնավորապես՝ արդարադատության նախարարության մաս, դրանով է պայմանավորված այլ երկրներում արդարադատության նախարարի լայն լիազորությունների շրջանակը նման կառույցներում, իսկ մեր համակարգի պայմաններում վերջինիս մասնակցությունը ոչնչով արդարացված չէ: Իսկ այն լիազորությունները, որը վերապահված է Նախագծով արդարադատության նախարարին, պետք է վերապահել Խորհրդին, օրինակ՝ Խորհուրդը միջնորդություն է ներկայացնում ՀՀ վարչապետին ռեկտորի նկատմամբ զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ, առանց նախարարի միջնորդության, հետեւաբար, առանց նախարարի միջնորդության կարող է եւ ՀՀ վարչապետին ներկայացնել իր կողմից ընտրված ռեկտորի թեկնածուին, ինչպես նաեւ ներկայացնել կառավարության հաստատմանը ակադեմիայի կանոնադրությունը (Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), առաջարկություններ ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի վերաբերյալ (Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ) եւ այլն:
Կարծում ենք, Արդարադատության ակադեմիայի կառավարումը հարկ է վերապահել բացառապես խորհրդին, որի կազմում որոշակի համամասնությամբ կլինեն ոչ միայն դատավորներ, դատախազներ, այլեւ՝ իրավաբաններ, որոնց նշանակելու իրավունքը նպատակահարմար է վերապահել հանրապետության նախագահին: Իրավաբանների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի ռեկտորի ընտրության ժամանակ ձայների հավասարապես բաշխման դեպքում գոնե իրավաբանների ձայնը լինի վճռորոշ: Մասնավորապես, Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Խորհուրդը բաղկացած է տասնմեկ անդամից, այդ թվում՝ երեք իրավաբաններ, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից. դատախազության համակարգից՝ չորս դատախազ, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետեւ՝ գլխավոր դատախազ) կողմից. դատական համակարգից՝ չորս դատավոր, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետեւ՝ Դատարանների նախագահների խորհուրդ) կողմից՝ ըստ քաղաքացիական, քրեական եւ վարչական մասնագիտացման»:
Կարծում ենք, վերոհիշյալ առաջարկության դեպքում կպահպանվի ձայների հավասարակշռությունը, եւ այն մտավախությունը, որը կար նախկին Նախագծի շուրջ ռեկտորի ընտրության հարցում, այս մոտեցման դեպքում այլեւս արդարացված չէ:
Առաջարկվում է վերահաստատել ու լրամշակել Նախագիծն այն հաշվով, որպեսզի վերականգնվեն ու առավելապես ընդլայնվեն դատավորների եւ դատախազների թեկնածուների իրավական երաշխիքները, որպեսզի վերջիններիս ցուցակներում ընդգրկվելը չվերածվի կոռուպցիոն երեւույթների: Մասնավորապես, Նախագծով լուծված չէ այն հարցը, առ այն, եթե դատախազը, մինչեւ դատախազ նշանակվելը սույն Նախագծով սահմանված կարգով անցել է ուսումնառություն ակադեմիայում, եւ ցանկանում է դառնալ դատավոր, կրկին պե՞տք է ուսումնառության ծրագիր անցնի ակադեմիայում, այն դեպքում, երբ նա արդեն համարվում է ակադեմիան ավարտած: Կրկին ակադեմիայում ուսումնառություն անցնելը այս պարագայում պետք է բացառել, եւ պետք է հստակ կարգավորել ուսումնական գործընթացը, հակառակ պարագայում, նման միասնական կառույցի ստեղծման անհրաժեշտությունը դրվում է խիստ կասկածի տակ:

Հ. Գ. ՀՀ գլխավոր դատախազության կարծիքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Քննարկումներ» բաժնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել