Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ՁԵՌՔԵՐՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Սեպտեմբեր 10,2011 00:00

«Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ՝ սպիտակ ձեռքերով, եւ մեծ ներդրում ունեմ Երեւանի կառուցման գործում»,- երեկ իր պաշտոնավարման 100 օրվա առիթով տված ասուլիսում այսպես է ասել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նա մեկ առ մեկ թվել է իր առաջարկած նախագծերը, որոնց Ճարտարապետների միությունը տարիներ շարունակ դեմ է եղել: Tert.am-ի փոխանցմամբ, Նարեկ Սարգսյանն անձնական հաշիվների, չարության, նախանձի բաղադրիչ է տեսնում այդ ամենի տակ. «Ստացվում է այնպես, որ երբ ես ինչ-որ բան եմ ասում, Միության դիրքորոշումը հակառակն է: Շատ հետաքրքիր կլինի մի օր լսել, թե իրենք ինչ են ասում, ինչպիսին են տեսնում Երեւանը: Իսկ իրենք ասում են՝ Երեւանում քարը քարի վրա չդնել: Ինչպե՞ս կարելի է ապրել այս քաղաքում ու չկառուցել: Ես դա համարում եմ անձնավորված, պատճառները՝ խորքային»: Խոսելով իր ընդդիմադիրների մասին՝ գլխավոր ճարտարապետն ասաց. «Հանրային խորհրդի նախագահի փեսայի կարգավիճակը թույլ է տալիս կեղծիքներով ապրել: Երբ նրան հրավիրում են կոլեգաները, ասում է՝ ես գիտեմ, որ ես սուտ եմ գրում, թող ինձ դատի տան: Իսկ ես չեմ կարող մտնել նմանատիպ գործերի մեջ»: Հանրային խորհրդի նախագահի փեսա ասելով գլխավոր ճարտարապետը, ըստ երեւույթին, նկատի ունի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին:
Նշենք նաեւ, որ պատրաստվում է ժամանակացույց, որով կսկսվեն Աբովյան փողոցի բարեկարգման աշխատանքները, կապամոնտաժվեն մայթերի կապիտալ կառույցները: 3 մետր հետ կտարվի «Մարկո Պոլո» սրճարանը, որը զբաղեցնում է մայթի մի հատվածը: Ծրագրված է Դավիթաշեն-Աշտարակ-Եղվարդի խճուղի միացնող ճանապարհի, Նորագավիթն Արտաշատի մայրուղուն միացնող հատվածի կառուցում, կիրականացվեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մեծ այգու բարեկարգման աշխատանքները: Բարեկարգվելու է Գարեգին Նժդեհի փողոցը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել