Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾԸ ԼՐԱԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԵՆ

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"\"Այս քաղաքի բնակիչներին գործազրկության ճիրաններից չի փրկում անգամ աշխատանքի տոնավաճառը

Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը «Գտիր, ինչ փնտրում ես» խորագրով Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում այս տարի եւս կազմակերպել էր տոնավաճառ՝ փորձելով կապ ստեղծել քաղաքի փոքրաթիվ գործատուների ու գործազուրկ գյումրեցիների միջեւ: Մասնակցելով այս միջոցառմանը՝ կարելի էր տեսնել, թե ինչքան անտեր ու անհեռանկարային քաղաք է Գյումրին. այստեղի ջահելությունը պարապուրդի է մատնված, ու առհասարակ ողջ քաղաքը, անկախ տարիքից, աշխատանք փնտրող է: Մասնակիցների մեծ մասը բավարարված չէր առաջարկվող գործատեղերի ցանկով, գտնում էր, որ դրանք աղքատիկ են, անհամապատասխան: Ցանկում մեծ տեղ էին զբաղեցնում բանվորները, ծեփագործները, հավաքարարները, մեխանիկները, հացթուխները, խոհարարները ու նաեւ լրագրողները: Աշխատանք փնտրող կանանցից մեկը, որը մասնագիտությամբ մեխանիկ էր՝ բարձրագույն կրթությամբ, 23 տարվա աշխատանքային ստաժ ուներ, հիասթափված ասաց, որ տոնավաճառներն իր համար չեն, շատ է ուշացել, քանի որ իր մասնագիտության համար տրված հայտարարության մեջ 40 տարեկաններին անգամ արգելվում է դիմել: «Սա հավերժ գործազուրկների քաղաք է, 14 տարի աշխատանք եմ փնտրում, այդպես էլ չեմ գտնում, անիմաստ ապրում ես, էստեղ միակ գործը ծերանալն է»,- ձեռքը թափ տալով հեռացավ մեր զրուցակիցը:
Մենք գործատուներից մեկից՝ «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ կադրերի հավաքագրման մասնագետից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ տարիք նշելով չե՞ն խախտում արդյոք աշխատանք փնտրող մարդու իրավունքները: «Մենք սահմանափակումներ չենք դնում, աշխատանքն ինքն է սահմանափակումներ դնողը, կոնկրետ շուկայի զարգացման պատասխանատուի աշխատանքը բավականին ծանր է, եւ բացի մտավորից, նաեւ ֆիզիկական աշխատանք էլ կա էստեղ, եւ մի տարիքից բարձր մարդիկ պարզապես չեն կարողանա աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը:
Քանի որ պահանջվող մասնագիտությունների մեջ բավականին մեծ թիվ էին կազմում լրագրողները, մենք տոնավաճառին մասնակցող «ՑԱՅԳ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է լրագրողներ չունենալու պատճառը, գյումրեցու մենթալիտե՞տը, թե՞ ցածր վարձատրությունը: «Մեր քաղաքում չեն հրաժարվում լրագրող աշխատելուց, մի ամիս առաջ քաստինգի միջոցով մենք ընտրել ենք 15 հոգու, ու առաջին փուլի ուսուցումից հետո պարզվեց, որ ընդունակ չեն աշխատել լրագրող: Պարզապես սովորել-ավարտել ժուռնալիստիկայի ֆակուլտետ ունեցող բուհերը՝ դեռ չի նշանակում, որ նրանք կարող են աշխատել ժուռնալիստ, սա գրագիտություն ու աշխատանքային պրոյեկտ պահանջող մասնագիտություն է, դպրոցների շրջանավարտները, դիմելով ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, չեն պատկերացնում՝ ի՞նչ է ժուռնալիստիկան»,- ասում է Մարգարիտա Մինասյանը: Նա կադրերի պակասն ինչ-որ տեղ կապում է նաեւ քաղաքի բնակչության մենթալիտետի հետ. նրա պատմելով՝ եղել են դեպքեր, երբ եկել են իրենց ստուդիա ու ասել՝ մենք ուզում ենք նստած ժուռնալիստ աշխատել: «Չեն պատկերացնում, որ սա ակտիվ աշխատանք է, իսկ աշխատավարձի ցածր լինելը հարաբերական է, սա փոքր քաղաք է, ճիշտ է՝ սպառողական զամբյուղը նույնն է, նույն պետության մեջ ենք ապրում, բայց ծախսային հոդվածը փոքր քաղաքներում ավելի քիչ է, քան մայրաքաղաքում, եթե վերցնենք աշխարհագրական չափերը, տրանսպորտային ծախսերն են ավելի քիչ, չեմ կարող ասել, որ Գյումրիում էն աշխատավարձը, որը վճարում են լրագրողներին, շատ ավելի քիչ է, քան մայրաքաղաքի լրագրողներին, եթե համեմատենք նրանց ու մեր ծախսերը»,- ասում է «ՑԱՅԳ»-ի գործադիր տնօրենը: Ի դեպ, բացի «ՑԱՅԳ»-ից, Գյումրիի մյուս լրատվամիջոցները եւս լրագրողների փնտրտուքի մեջ են, այնպես որ, սա ամենապահանջված ու ամենադժվար ճարվող մասնագիտությունն է այս քաղաքում:
Ի՞նչ մակարդակի վրա է գործազրկությունը հանրապետությունում ու կոնկրետ Շիրակի մարզում. ՀՀ զբաղվածության պետական ծառայություն գործակալության ղեկավար Սոնա Հարությունյանի տեղեկացմամբ, հանրապետությունում տարեսկզբի համեմատ գործազրկության մակարդակը 0,4%-ով իջել է՝ կազմելով 6,4%, Շիրակի մարզում եւս համեմատաբար իջել է, սակայն, ըստ պաշտոնյայի, դեռեւս բարձր է հանրապետության միջինից. կազմում է 10,1%: Պաշտոնական տվյալներով, Շիրակի մարզում հաշվառված է 10 հազար 700 աշխատանք փնտրող, թեեւ այս ոլորտի բոլոր պաշտոնյաներն էլ հոյակապ գիտեն, որ իրական պատկերը խիստ տարբեր է պաշտոնականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել