ՀՅԴ մամլո դիվանի տարածած հաղորդագրության համաձայն, երեկ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված՝ Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, աննախադեպ հայտարարություն է արել:
«Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը՝ պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել է նախարարը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացնում է ՀՀ խորհրդարանը, այս հայտարարությունն աննախադեպ է որակել. «Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար մի երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, եւ այս հայտարարությունը դեռեւս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»: