Լրահոս
Օրվա լրահոսը

Բանա՞կն է հասարակության հայելին

Սեպտեմբեր 10,2011 00:00

Թե՞ հասարակությունը՝ իշխանությունների ու բանակի

Արդեն մեկ տարուց քիչ ավելի է, ինչ մեր հասարակության ուշադրությունը բեւեռված է ՀՀ բանակում տեղի ունեցող միջադեպերի՝ սպանությունների եւ «ինքնասպանությունների» վրա: Վերջին երկու շաբաթներին հասարակական տարբեր խմբերի եւ բանակում մահացած զինծառայողների հարազատների համատեղ բողոքի ակցիաներն ուղղակի սպառնում են վերածվել ավելի լայնածավալ եւ իշխանությունների համար անկառավարելի բողոքի ալիքի: Հենց այդ մտահոգությունն ու գիտակցումն են, որ ստիպում են իշխանություններին՝ ի դեմս պաշտպանության նախարարի, զինդատախազի, ՊՆ ներկայացուցիչների եւ պատգամավորների, ավելի հաճախ հանդես գալ հրապարակային ելույթներով եւ նախաձեռնություններով:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում առավել քան մտահոգիչ համարեց բանակում տեղի ունեցող եւ վերջին շրջանում հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը: Մեզ հետ զրույցում անդրադառնալով, կարծես թե, ձեւավորված այն ավանդույթին, որով բանակում մահվան ելքով տեղի ունեցած որեւէ միջադեպ ՊՆ-ն եւ պատկան մարմինները մատուցում են նախեւառաջ զինվորի «ինքնասպանության» սոուսով կամ փորձում են կատարվածի համար սեփական պատասխանատվության համատեքստում իրենց համար «մեղմացուցիչ հանգամանքներ» մատնանշել, Լ. Ալավերդյանն ասաց. «Պետական մարմինները պետք է հասկանան, որ սպանության, ինքնասպանության կամ դրան դրդելու միջեւ նախեւառաջ՝ պատժելիության սկզբունքի առումով, որեւէ տարբերություն չկա: Բոլոր այս դեպքերում էլ պատասխանատվություն պետք է կրեն բանակի պատկան օղակների սպայական կազմի ներկայացուցիչները՝ իրենց մեղքին համարժեք չափով: Բայց երբ մեզ մոտ հայտարարում են, թե դեպքը ինքնասպանություն է, իրենց թվում է, թե դրանով պետական մարմնի պատասխանատվությունը վերանում է: Այստեղ է շփոթը: Այդ կրկնվող վարկածները շատ վատ բանի մասին են վկայում, որովհետեւ ինքնասպանությունը, ինչպես Մարինա Ցվետաեւան է ասում, հենց այնպես չի լինում: Ուրեմն՝ հասցնում են դրան, եւ հենց դրա համար է, որ կա ինքնասպանության հասցնելու հոդվածը»:
Հնարավո՞ր է մեր բանակում արմատախիլ անել այդ արատավոր երեւույթները՝ ոչ կանոնադրական, ինչպես շատերն են որակում՝ գողական եւ թաղային հարաբերությունները: Ի պատասխան մեր այս հարցին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Համոզված եմ՝ այո: Ե՛վ հասարակությունը, ե՛ւ բանակն այդ ներուժն ունեն: Պարզապես հասարակություն-բանակ համագործակցության շտեմարանը չի օգտագործվում, նրանց միջեւ կա անվստահություն, շատ անգամ այդ միջադեպերի մասին խոսելու լեզուն եւ ոճը բանակը, կարծես թե, վիրավորական է ընդունում: Այն, որ հասարակություն-հասարակական կազմակերպություններ-բանակ համագործակցության ճանապարհով մենք առայժմ դժվար ենք առաջ շարժվում՝ խոսում է այն մասին, որ բանակը դրան դեռ պատրաստ չէ: Ես համոզված եմ նաեւ, որ այսօր ՀՀ-ում անօրինականության աղբյուրն իշխանությունն է, այլ ոչ թե հասարակությունը, ինչպես փորձում են ներկայացնել բանակի որոշ ներկայացուցիչներ, որոնք շատ հաճախ շեշտադրում են, թե՝ զինծառայողները բանակ գալիս են ընտանիքից, հասարակությունից եւ հասարակության ներսում տիրող բարքերն ու մթնոլորտը տեղափոխում բանակ, որ բանակը հասարակության հայելին է եւ այլն: Մինչդեռ իշխանությունը, բանակի հրամանատարությունը պետք է հասկանա՝ ինքը նրա համար է, որ կարողանա կամ փորձի, օգտվելով այն պատեհությունից, որ մեր երիտասարդները տեւական ժամանակ են անցկացնում բանակում, թեկուզ ոչ սոցիալացված անձին երկու տարվա ընթացքում հասարակություն վերադարձնի որպես քաղաքացի: Այնինչ մենք՝ հասարակությունը, բանակից ստանում ենք ամենատարբեր բարդույթներով եւ բավականին ծանր փորձ ունեցած մարդիկ, մասնավորապես՝ նաեւ պարտադրաբար կեղծ ցուցմունք գրած, խեղված հոգեբանությամբ զինվորներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել