Երեկ հանրահավաքի ավարտին հայտարարեց առաջին նախագահը, իսկ մինչ այդ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը խոստացավ քաղաքական «բերքառատ աշուն»:
Երկխոսության «թայմ-աուտին», ապա առկախված երկխոսությանը հաջորդած Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը, ի հեճուկս Կոնգրեսի տարբեր ներկայացուցիչների խոստումների, սկսվեց ոչ այնքան բազմամարդ հրապարակում: Հանրահավաքի ավարտին՝ ՀՀ առաջին նախագահի ելույթի ընթացքում, Ազատության հրապարակն առավել բազմամարդ էր: Հանրահավաքը նաեւ հուժկու չէր: Շրջադարձային, թերեւս, կարելի է համարել այն առումով, որ ՀԱԿ-ականները հավաքվածներին սուրճ կամ թեյ ըմպելու չուղարկեցին, այլ հայտարարեցին հանրահավաքային պայքարի հերթական փուլի մեկնարկի մասին: Հաջորդ հանրահավաքն էլ տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով կոչ արեց պատրաստվել «սահմանադրական հեղափոխության»: Այդ հեղափոխության իրականություն դառնալու ալգորիթմը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է. «500 հազար մարդ՝ Ազատության հրապարակին եւ 24 ժամ՝ սերժանտական հանցագործ խմբավորմանը՝ հեռանալու համար: Մենք ունենք թեկուզ երեք հոգուց կազմված խումբը 500 հազարանոց բազմություն դարձնելու բանաձեւ՝ 1+1+1+1… Այսօր, ուրեմն, հեռացիր Ազատության հրապարակից եւ հաջորդ անգամ վերադարձիր որպես հեղափոխության առաջնորդ, արի այստեղ քո խմբով եւ հենց այստեղ ազդարարիր հայկական հեղափոխության հաղթական փուլի մեկնարկը»: Այս առաջարկը ոգեւորեց հավաքվածներին, ու 2008-ի արդիական՝ «հի-մա, հի-մա» կարգախոսը դարձյալ «գրավեց» Ազատության հրապարակը: «3,5 տարի անց մենք այստեղ ենք ուժեղացած եւ հաղթանակած, կիսատ թողած գործը մինչեւ վերջ տանելու մեր պատմական պարտավորության գիտակցմամբ, բարձրաձայնելու մեր վճռականությունը՝ ՀՀ-ն հանցագործ վարչախմբից ազատելու հարցում, մեր հեղափոխությունն անկասելի է, հաղթանակը՝ անխուսափելի»,- անցած տարիների իրադարձությունների վերլուծությունն այսպես ավարտեց Փաշինյանը: Նա նաեւ անդրադարձավ նախորդ օրը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված բանաձեւին, համաձայն որի՝ փակված է համարվում 2008-ի մարտի 1-ի էջը՝ նկատի ունենալով վերջին համաներումը, այն անվանելով «Դավիթ Հարությունյանի եւ Պրեսկոտի գրած թուղթ»: «Ինչ-որ մարդիկ են հայտնվել, որ անընդհատ երազախաբություններ են ունենում, թե իրենք կարող են մարտի 1-ի էջը բացել-փակել: Մարտի 1-ի էջը փակելու որոշումը կարող է կայացվել միայն այստեղ, այն էլ միայն այն դեպքում, երբ բոլոր ոճրագործները, առանց բացառության, կկանգնեն ժողովրդի արդարադատության առաջ, իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակային ցուցմունքներ կտան, որոնց հիման վրա կճշտվի նրանց կարգավիճակը, եւ ՀՀ արդար դատարանի կողմից կարժանանան համարժեք պատժի»:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց սեպտեմբեր-հոկտեմբերին Ազատության հրապարակ վերադարձնել 2008-ի փետրվարը եւ փրկել մեր երկիրը վերահաս աղետից: Նա մանրամասն անդրադարձավ «մարտի 1-ը» բացահայտելու Սերժ Սարգսյանի հանձնարարականին հաջորդած՝ պատկան մարմինների գործողություններին, որոնց արդյունքում ցայսօր որեւէ սպանություն բացահայտված չէ՝ արձանագրելով, որ հայտարարություններ հնչում են, բայց բացահայտելու քաղաքական հրահանգ իջեցված չէ: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ շարժմանը միացել է «Հայաստան՝ հայոց հայրենիք» երիտասարդական հասարակական նախաձեռնությունը, որը իր համախոհների եւ համակիրների բանակն արդեն ունի սոցիալական ցանցերում: Հայտարարեց նաեւ, որ երեկ հանրահավաքում ելույթ ունենալու ցանկություն են հայտնել նախորդ օրը կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած «Սեւազգեստ ակցիայի» մասնակիցները: Հիշեցնենք, որ ակցիան բանակում բռնությունների եւ խաղաղ պայմաններում զոհեր ունենալու իրողության դեմ էր: Սակայն վերջին պահին պարզվել է, որ նրանց հրավիրել են «տարբեր հիմնարկներ՝ զրույցների»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իրենց ելույթներում հանգամանալից անդրադարձան «Վիկիլիքսի» հրապարակած տարբեր փաստաթղթերի, բանակում տեղի ունեցող դեպքերին, առկախված երկխոսությանը, «երկիրը բռնազավթած» իշխանության պարագայում անկախության 20-ամյակին՝ կոչ անելով հետեւողական լինել պայքարում, խոստանալով, որ անկախության 21-րդ տարում Հայաստանն իսկապես ազատ եւ անկախ է լինելու:
«Վիկիլիքսի» հրապարակումներին, մասնավորաբար՝ 2008-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության գնահատականների կայացման վերաբերյալ հրապարակումներին, ԱԺ-ի օլիգարխիկ վիճակին եւ 2008-ին տեղի ունեցած ՀՀ օրենքների բազմաթիվ խախտումներին իր ծավալուն ելույթում անդրադարձավ առաջին նախագահը՝ փաստելով, որ 2007-ից ի վեր ԱԺ-ի ընդունած օրենքները պետք է չեղյալ հայտարարվեն: Գործադիրին եւ օրենսդրին ոչ իրավական որակելուց բացի՝ նա նաեւ մեծ հարցականի տակ առավ դատական իշխանության օրինակարգությունը, քանի որ խախտված է Սահմանադրությամբ ամրագրված նրա անկախության գլխավոր սկզբունքը: Այս ամենը, ըստ առաջին նախագահի, անառարկելի է դարձնում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման անհրաժեշտությունը: Նա հատկապես աղաղակող է որակում, ըստ «Վիկիլիքսի», ԱՄՆ-ի այն գնահատականները, որ 2008-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ: Իսկ թե ինչո՞ւ է այդ ամենն իմանալով ԱՄՆ-ը սատար կանգնել Ս. Սարգսյանին եւ Հայաստանին ժողովրդավարության դասեր տվել՝ Տեր-Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել: «ԱՄՆ-ն իմացել է, որ ՀՀ նախագահ գոյություն չունի: Մենք դեռեւս չենք հասկանում այս փաստի նշանակությունը, բայց հավատացած եմ, որ սա իրավիճակ փոխող փաստ է»,- ասաց նա: Անդրադառնալով առկախված երկխոսությանն էլ՝ առաջին նախագահը ասաց. «Երկխոսության եւ քաղբանտարկյալների առկայության փաստը մեզ համար, իսկ ինչպես վերջերս պարզվեց՝ նաեւ նախագահ Օբամայի համար, սկզբունքի հարց է, որից մենք երբեք չենք կարող հրաժարվել: Կան քաղբանտարկյալներ՝ չկա երկխոսություն եւ երբեք չի լինի, թող ուրիշ հարիֆ գտնեն»: Եթե իշխանությունը շուտափույթ չփոխի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը, ապա ՀԱԿ-ը ստիպված է լինելու մտածել՝ հայտնի միջադեպը դիտմամբ է հրահրվել կամ առնվազն օգտագործվել է՝ երկխոսությունը վիժեցնելու համար, քանի որ իշխանության համար ոչ նպաստավոր ընթացք էր ստանում: Առաքելյանի՝ մոտակա օրերին ազատ արձակման դեպքում ՀԱԿ-ը կվերադառնա երկխոսության սեղանի շուրջ, հակառակ պարագայում, առայժմ առկախված թողնելով երկխոսությունը, կշարունակի պահանջել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ զանգվածային միջոցառումների ճնշման տակ: «Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի, պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորությունները օգտագործելու սառը գիտակցությամբ: Եթե մնացյալ ուժերը եւս, երկրորդական բաները թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր, այլ պետություն»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքն ավարտվեց երթով: