Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻ ԽՈՍԵՔ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Այս կոչն են արել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն իրենց զեկույցում

\"\"

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստում քննարկված «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» 18 էջանոց զեկույցից ակնհայտ է, թե ինչ հսկայական աշխատանք են կատարել համազեկուցողները 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ազատ արձակելու համար: Մասնավորապես հիշատակվում է, որ երբ 2010-ի հոկտեմբերին Ջոն Պրեսկոտն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին, կոչ է արել իշխանություններին վաղաժամկետ ազատ արձակել այդ բանտարկյալներին: Նաեւ 2011-ի մարտի այցի ընթացքում են ընդգծել, որ ընդդիմության աջակիցների բանտարկությունը «թունավորում է երկրի քաղաքական միջավայրը» եւ այլն:
Զեկույցի բացատրական հուշագրում համազեկուցողները քննադատել են ինչպես «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովին («Բեւեռացված քաղաքական մթնոլորտի պատասխանատվությունը դրված է միայն ընդդիմադիր ուժերի՝ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների վրա, ինչը ցավալի է, քանի որ ականապատում է զեկույցի արժանահավատությունը»), այնպես էլ Փաստահավաք խմբին («Ցավոք, նրանց հայտնաբերումներն ընդգծում են խմբի աշխատանքի քաղաքականացումը, քանի որ կարծես կենտրոնացել էին քննչական մարմինների ընթացակարգային սխալների վրա, փոխանակ պարզեցնեին այդ 10 զոհերի մահվան հանգամանքները»): Նաեւ նշել են, թե Հայաստան իրենց վերջին այցի ընթացքում «նախագահ Սարգսյանը հստակ ցուցադրեց իր անձնական պարտավորվածությունը՝ պատասխանատվության կանչել 10 զոհերի համար»:
Համազեկուցողները հուշագրում բավական հանգամանալից անդրադարձել են բարեփոխումների փաթեթին՝ նախապես ընդգծելով, որ ինքնին օրենսդրական փոփոխությունները չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքների, եւ հարկ է կենտրոնանալ «առկա պրակտիկան եւ մտածողությունը փոխելու» վրա:
Ընտրական բարեփոխումների ենթաբաժնում մի բավական թափանցիկ ակնարկ է արված. «Ցավոք, ընտրական գործընթացի արդարության վիճարկումը եւ ընտրակեղծիքների մասին պնդումները կամ առնվազն ակնարկները անցյալում մի քանի կուսակցությունների ընտրական ռազմավարության մասն էին: Սա չի նպաստել հասարակության վստահությանը ընտրական գործընթացների հանդեպ եւ վնասակար էր: Մենք, հետեւաբար, կոչ ենք անում բոլոր կողմերին չքայքայել հանրային վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ՝ անհարկի վիճարկելով ընտրական գործընթացը կամ պնդելով ընտրակեղծիքների մասին մինչեւ ընտրությունների կայացումը»:
ԶԼՄ-ների բազմակարծության վերաբերյալ ենթաբաժնում նշված է. «Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար էական պայմանը իրապես բազմակարծ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է, որն առայժմ դեռ բացակայում է երկրում»: Եվ այստեղ անդրադարձ է կատարված 2010-ի դեկտեմբերին իրականացված մրցութային գործընթացին, ու «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելն անվանված է «վիճահարույց որոշում»: Մեջբերելով կողմերի փաստարկները՝ համազեկուցողները նշում են. «Մենք ցավում ենք, որ իշխանությունները, այս դեպքում՝ ՀՌԱՀ-ը, մերժել են «Ա1+»-ի հայտը՝ լիովին տեղյակ լինելով նրա նշանակությանը, կարծես զուտ տեխնիկական/վարչական փաստարկներով, առանց թույլ տալու «Մելտեքսին» ուղղել կամ պարզաբանել այն հիմնավորող տեղեկատվությունը, որը ներկայացրել էին ի նպաստ իրենց հայտի»: Մեջբերվում է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը՝ «Ա1+»-ի գործով ՄԻԵԴ վճռի կատարման հսկողությունը դադարեցնելու վերաբերյալ, ու հիշատակվում, որ այս որոշումը խորապես քննադատվել է Հայաստանի ընդդիմության եւ լրագրողական կազմակերպությունների կողմից: Համազեկուցողները կարեւորել են տարբերակել այս հարցի վերաբերյալ ՄԻԵԴ եւ ԵԽԽՎ մոտեցումները. «Մինչ ՄԻԵԴ որոշումը պահանջում էր, որ ՀՀ իշխանությունները կազմակերպեն հեռարձակման բաց ու թափանցիկ մրցույթ, Վեհաժողովը միշտ խնդրել է, որ դրանից բացի՝ նման մրցութային գործընթացը պետք է հանգեցնի ավելի բազմազան եւ բազմակարծ ԶԼՄ-ների համար նպաստավոր միջավայրի»:
Եզրափակիչ դիտողություններում համազեկուցողները նշում են իրենց հետագա մոնիթորինգի առաջնահերթությունները՝ «իրապես ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացում, որի արդյունքը կլինի ԱԺ, որն իրապես կարտացոլի հայ հասարակությունը», «իրապես ժողովրդավարական եւ բազմակարծ քաղաքական միջավայրի ստեղծում», ԶԼՄ-ների համար բաց եւ բազմակարծ միջավայրի ստեղծում, ոստիկանության եւ արդարադատության բարեփոխումներ: Այս ամենի վերաբերյալ հաջորդ զեկույցը նախանշվում է, թե ԵԽԽՎ-ն կքննարկի 2013-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել