Սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում անցկացվելու է հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը նաեւ այս մարզաձեւում առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է լինելու:
Աշխարհի ուժեղագույն ըմբիշները պայքարելու են ինչպես մեդալների, այնպես էլ ըստ քաշային կարգերի՝ առնվազն առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու եւ եկող տարի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերին արժանանալու համար: Այնպես որ, Թուրքիայի մրցագորգերում յոթ օր անչափ լարված գոտեմարտեր են սպասվում: Կարծիք կա, որ կարող են լինել քաշային կարգեր, որոնցում հանդես կգա մինչեւ 40 ըմբիշ:
Երկու ոճերի Հայաստանի ազգային հավաքականներն ամենայն պատասխանատվությամբ են նախապատրաստվում աշխարհի առաջնությանը եւ, գլխավոր մարզիչների խոսքերով, անելու են հնարավոր ամեն բան՝ նախ եւ առաջ հենց անդրանիկ վարկանիշային մրցումում առավելագույն քանակով ուղեգրեր ձեռք բերելու համար: Նրանք արդեն հայտարարել են աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընտրել է 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, Վահան Ջուհարյանին՝ 60 կգ, Արման Ադիկյանին՝ 66 կգ, Արսեն Ջուլֆալակյանին՝ 74 կգ, Արթուր Շահինյանին՝ 84 կգ, Արթուր Ալեքսանյանին՝ 96 կգ եւ գերծանր քաշային (120 կգ) Յուրի Պատրիկեեւին:
Հավաքականի անդամների հարցում կողմնորոշվել է նաեւ ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Նրա հրապարակած նախնական ցուցակում տեղ են գտել Միհրան Ջաբուրյանը՝ 55, Աշոտ Տերտերյանը՝ 60, Դավիթ Սաֆարյանը՝ 66, Մուսա Մուրթազալիեւը՝ 74, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը՝ 84, Հարություն Ենոքյանը՝ 96 եւ Ռուսլան Բասիեւը՝ 120: Սակայն երեկ պարոն Բաղդադյանը մեզ տեղեկացրեց, որ Աշոտ Տերտերյանը ուսի վնասվածք է ստացել եւ նա կմեկնի՞ Ստամբուլ, թե՞ ոչ, պարզ կդառնա միայն շաբաթ օրը:
Մարզասերներին կհետաքրքրի նաեւ, թե ինչո՞ւ է ցուցակից բացակայում 96 կգ քաշային կարգում մեր առաջատար Էդգար Ենոքյանի անունը: Էդգարը լուրջ վնասվածք ուներ եւ վերջերս վիրահատվել է: Հուսանք, որ նա շուտ կապաքինվի եւ կմասնակցի վարկանիշային մյուս մրցումներին, իհարկե, եթե նրա եղբայրը մինչ այդ 96 կգ-ում օլիմպիական ուղեգիր չբերի մեր հավաքականին: