Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետի պաշտոնը հավե՞րժ է

Սեպտեմբեր 09,2011 00:00

Երեկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ Գյումրիում նշվեց Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: Այստեղ կազմակերպել էին մշակութային միջոցառումներ՝ «Արտ Էքսպո» ցուցահանդես ու մրցույթ-փառատոն, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերը: «Առավոտը» որոշ համայնքապետերից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է մեր երկրում կայացել ՏԻՄ համակարգը, եւ առհասարակ՝ ի՞նչ խոչընդոտներ կան այդ մարմնի կայացման համար: Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանի կարծիքով, ՏԻՄ համակարգը կկատարելագործվեր, եթե բնակիչներին հուզող բոլոր խնդիրները տեղում լուծվեին՝ համայնքապետի ու ավագանու միջոցով: Ըստ նրա, ճիշտ կանեին, եթե որոշ գործառույթներ վերցնեին նախարարություններից ու հանձնեին ՏԻՄ մարմնին: «Օրինակ՝ մունիցիպալ ոստիկանության խնդիրը: Լավ կլիներ համայնքին տային բնակչության ռեգիստրի, անշարժ գույքի համայնքին վերաբերող հատվածի՝ կադաստրի վարումը, որոնք անմիջապես մեզ հետ են առնչվում: Շատ անգամ մեզ հրաժարվում էին տրամադրել մեր բնակիչների հաշվառման, բնակչության ռեգիստրի վերաբերյալ ինֆորմացիաներ: Դրանք վարում են անձնագրային սեղանները: Բնակիչը կարող է գնալ ու դուրս գրվել, իսկ մենք շատ անգամ անտեղյակ ենք մնում»,- թվարկում է գյուղապետը: Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ ինքնահիացած պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012թ.-ի ՏԻՄ ընտրություններում: «Առավոտի» հետ զրույցում բարձրամակարդակ ու գերժամանակակից համարելով Վանաձորի թե ՏԻՄ-ը եւ թե ավագանու ինստիտուտը՝ նա վստահեցրեց, որ ինքը պարտադիր պետք է վերընտրվի: Սեպտեմբերի 25-ին վերընտրության է պատրաստվում նաեւ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանը: Մի խոսքով, ՏԻՄ-ը Հայաստանում այնքան կայացած է, որ դրանց ղեկավարները փաստացի սեփականաշնորհել են իրենց պաշտոնները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել