Ու ոչ թե ուղղակի հայ, այլ՝ հայ ֆուտբոլիստ… Որքան էլ անսովոր՝ արդեն հպարտությամբ ենք ասում ու վայելում այդ արտահայտությունը: Ինչո՞ւ: Որովհետեւ առաջին հերթին հենց մեզ՝ նրանց, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մարզչական ստեղծարարությանն ու ներուժին: Ապա՝ ֆուտբոլային Եվրոպային հայ ֆուտբոլիստները ապացուցեցին. Հայաստանը այլեւս ֆուտբոլային գաճաճ չէ… Վառ ապացույցը՝ սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան կայացած Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Բոլորս ենք հիշում, թե ինչ էյֆորիա էր Երեւանում նախորդ տարվա հոկտեմբերին, երբ այս երկու հավաքականների առաջին խաղում մերոնք 3:1 սենսացիոն հաշվով հաղթանակ տոնեցին: Այս խաղից առաջ էլ շատերս թաքուն հույսեր էինք փայփայում՝ միավոր վաստակելու ու ինչու չէ՝ հաղթանակ տոնելու: Բայց ամենալուսավոր ու գունավոր երազում անգամ դժվար էր պատկերացնել, որ մեր տղաներն ընդունակ են նման ֆուտբոլի ու նման արդյունքի՝ Եվրոպայի ոչ ամենաթույլ հավաքականի հետ խաղում: Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերը մերոնց համար ապահովեցին 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ, ցնծության գիշեր՝ երկրպագուներին, զարմացած եվրոպական ու շնորհակալություններով հեղեղված ռուսական ֆուտբոլային մամուլ: «Eurosport»-ը Սլովակիա-Հայաստան խաղից հետո նշեց, որ «Հայաստանի հավաքականը ոչ միայն նվեր մատուցեց Ռուսաստանի ընտրանուն, այլ նաեւ զգալիորեն բարելավեց իր դիրքերը խմբում: Իռլանդիայի ու Մակեդոնիայի դեմ խաղերում հաջողության դեպքում հայերը լիովին կարող են պայքարել երկրորդ տեղով Եվրոպայի առաջնություն դուրս գալու համար»: «Gazeta.ru»-ն իր ծավալուն անդրադարձը վերնագրել էր բազմախոս «Армения прибила муху» արտահայտությամբ, որն ամբողջությամբ արտացոլում էր Ժիլինայի մարզադաշտում դեպքերի զարգացումը: «Sovsport»-ն էլ իր հերթին նշում էր, որ Հայաստանի զարմանալի հաղթանակը շանսեր է թողնում՝ ԵՎՐՈ-ի եզրափակիչ մաս դուրս գալու: Իսկ ռուսական «Спорт экспресс»-ը նյութը հայերի հաղթանակի մասին հայերեն «Շնորհակալություն» բառով էր վերնագրել: «Sport.ru»-ն «Шокирующая Армения»-ում գրում է. «Հայաստանի հանճարեղ տղաները կարողացան 4 գոլանոց հրաշք գործել ու գնդակ չընդունել սեփական դարպասը: Ու կարեւոր էլ չէ, թե ինչեր է արել Յան Մուխան… Կարեւորն այն է, որ հայերը, հաղթելով Սլովակիայի ավելի քան ամուր հավաքականին նրանց իսկ հարկի տակ, ապացուցեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մաս դուրս գալու իրենց մտադրությունների լրջությունը: Այս թիմը արժանի է նման պատվի: Նրանցից շատ մեր խմբում ոչ ոք գոլ չի խփել. 17-ը՝ Ռուսաստանի 10-ի դիմաց: Ինքներդ հաշվեք»:
Ու մենք էլ հաշվում ենք…Հետո՝ վերահաշվում… Ու աչքներիս չենք հավատում: Բայց փաստ է. Հայաստանի հավաքականը ընտրական 2-րդ խմբում ամենից շատ գոլի հեղինակ է դարձել (17), գնդակների ամենալավ տարբերությունն է գրանցել (+10), ավելին, իր պատմության մեջ առաջին անգամ չորս օրում խոշոր հաշվով երկու անընդմեջ հաղթանակ է տոնել, այն էլ ընտրական մրցախաղերում ու, ոչ ավել, ոչ պակաս, երկուսն էլ՝ հյուրընկալվելիս… Էլ ինչպե՞ս չհպարտանալ: Ու հարցն ամենեւին էլ ուղեգիրը չէ. դժբախտաբար թե բարեբախտաբար, ուղեգիր վաստակելը թեեւ հնարավոր, բայց դեռ մի քիչ մշուշոտ հեռանկար է: Կարեւորն այն է, որ այս մրցափուլում, անկախ վերջին երկու խաղերի ելքից, Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը ակնհայտ ծնունդ ու զարգացում ապրեց բոլորիս աչքի առաջ: Հուսանք, որ այժմ միայն ու միայն պատանեկության փուլում է մեր թիմը՝ հասունացումն ու հասունությունը իրենց պտուղներով հանդերձ, կվայելենք նաեւ մյուս ընտրական փուլերում: Ճիշտ այնպես, ինչպես այժմ վայելում ենք մեր երիտասարդական հավաքականի կայացումը: Ազգայինի «հերոսությունների» ֆոնին մի տեսակ խամրել են Մ-21-ի խաղերն ու արդյունքները, բայց իսկապես հպարտանալու առիթ ունենք: Չէ՞ որ վերջին երկու խաղերում՝ սեպտեմբերի 2-ին ու 6-ին, մեր երիտասարդները ԵՎՐՈ-2013-ի ընտրական փուլում մեկ հաղթանակ են տոնել Անդորրայի նկատմամբ ու ոչ-ոքի խաղացել խմբի ֆավորիտ համարվող Չեխիայի թիմի հետ՝ նրանց իսկ հարկի տակ: Ու այժմ էլ Ռաֆայել Նազարյանի սաները եւ միավորով խմբի առաջատարն են: Մի՞թե հայ երկրպագուին այլ բան է պետք… Միայն՝ վայելել հաղթանակներն ու ամեն կերպ հոգեբանորեն աջակցել՝ բազմապատկման համար…
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում… Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում: Իսկ հայ տղամարդիկ շատ անկանխատեսելի են, մանավանդ՝ հյուրընկալվելիս…