Լրահոս
Օրվա լրահոսը

Հումանիտար օգնություն՝ «Չենք լռելու»-ին

Սեպտեմբեր 08,2011 00:00

«Աննա 2-ը» եւ «Քաղցր կյանքը» ավարտվում են

\"\"

Հանրային հեռուստաընկերությունը սկսում է իր նոր եթերաշրջանը: Երեկ այս մասին հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նոր եթերաշրջանում Հանրային հեռուստառադիոընկերությունը նշում է Հանրային ռադիոյի 85 եւ Հանրային հեռուստատեսության 55-ամյակները:
Դրան զուգահեռ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ առաջին անգամ Հայաստանում դեկտեմբերի 3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» եւ 2012 թվականի մայիսին Բաքվում սպասվող «Եվրատեսիլ 2012» մրցույթների համար:
Եթերային նորությունների մասով Ա. Հարությունյանը նշեց՝ «մեծ փոփոխությունները վերաբերում են «Հայլուր» լրատվականին, քանի որ պետք է պահենք «Հայլուրի» անվիճելի առաջատարի դիրքերը: Դրան կնպաստեն կադրային փոփոխությունները: «Հայլուրի» հիմնական թողարկումը կվարի Նվեր Մնացականյանը, որն այսուհետեւ աշխատում է «Հ1»-ում: Բացի լրատվական հաղորդումների փոփոխություններից, կլինեն նաեւ նոր՝ ժամանցային, արկածային, երաժշտական հաղորդաշարեր, վավերագրական ֆիլմեր, որոնցից մեկը՝ «Գարեգին Նժդեհը», սեպտեմբերի 21-ից կլինի եթերում: Նմանատիպ ավելի քան 12 ֆիլմ ենք նախատեսում նկարահանել»: Ա. Հարությունյանի խոսքով, կրկին կակտիվանա գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը. «Այս տարի մի փոքր այդ հարցում թերացանք, եւ դեռեւս որեւէ ֆիլմ չենք նկարահանել»:
Ինչ վերաբերում է սերիալներին, Ա. Հարությունյանի փոխանցմամբ, «շուտով ընթացող 3 սերիալներից երկուսը՝ «Աննա 2-ը» եւ «Քաղցր կյանքը» ավարտվում են: Նոր սերիալներ կլինեն, բայց արդեն ուրիշ ձեւաչափով: Այլեւս չենք ուզում երկար սերիալներ նկարել, կլինի պատմական բնույթի մոտ 22 մասանոց մեկ սերիալ, որը կպատմի Հայաստանում քրիստոնեությունը հաստատվելու, հեթանոսության վերջին շրջանի եւ Հայաստանում առաջին քրիստոնյաների մասին»:
Հիշեցնենք, որ վերջերս facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Աննա» սերիալը ճանաչեց «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հաղթող: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում Ա. Հարությունյանը իրենց սերիալին այդ նոմինացիան տալու կապակցությամբ՝ նա այսպես պատասխանեց. «Վստահ էի, որ ցանկացած մրցույթ, որ լինի հեռուստատեսային սերիալների մասին, «Աննան» միշտ առաջին տեղում է լինելու: Նույնիսկ եթե սերիալում խաղացող աղջիկների գեղեկցության մրցույթ լինի, էլի «Աննայից» ինչ-որ մեկը կշահի: Ըստ իս, «Չենք լռելու» երիտասարդական շարժումը բավական լավ նախաձեռնություն է եւ մինչեւ վերջերս հանդես է եկել հասարակության համար մի շարք օգտակար նախաձեռնություններով: «Աննա» սերիալը միայն ավելի բարձրացրեց նրանց ճանաչումը, որովհետեւ շատ լավ գովազդ ստացվեց նախաձեռնության համար, որովհետեւ մի կազմակերպություն, որի մասին շատերը չէին լսել, միանգամից հայտնվեց մամուլի թոփ լուրերի մեջ: Սա ընդունենք որպես «Աննա» սերիալի կողմից հումանիտար օգնություն այդ շարժմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել