ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը այս տարվա սկզբից մինչ օրս Երեւանում «Լեզվի մասին» օրենքի խախտման 60 դեպք է արձանագրել:
Երեկ այս մասին տեղեկացրեց Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը: Նրա խոսքով, հուլիսի 17-ից, երբ «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտան, պայքար է սկսվել լեզվի մաքրության համար. «Օրենսդրական փոփոխություններն իրենց արդյունքը տվել են: Հուլիսի 17-ից հետո խախտումների 15 արձանագրությnւն է կազմվել: Իսկ ընդհանուր 60 արձանագրություններից 21-ը ցուցանակային խախտումներ են, որոնցից 7-ը, այդ թվում՝ «Թու լիփսը», «Մեգասպորտը», «Նատալի ֆարմը» ինքնակամ շտկվել են»: Նա նաեւ հավելեց, որ տնտեսվարող սուբյեկտները մինչ արձանագրությունների դատական ատյանին հասնելը, կարող են ինքնակամ ցանկություն հայտնել փոխելու, որի դեպքում խախտման արձանագրությունը չեղյալ կհամարվի: Չգիտես ինչու՝ մարդիկ ցուցանակները հիմնականում գրում են անգլերեն: Ըստ օրենքի, դրանք պետք է հայերեն լինեն: Այդպես, օրինակ՝ «Վիենա» խանութը ստիպված էր ցուցանակը դարձնել հայերեն»: Նա նշեց նաեւ, որ տեսչության ուշադրության կենտրոնում հատկապես շենքի ճակատային մասում տեղադրված ոչ հայատառ ցուցանակներն են:
Ս. Երիցյանի պնդմամբ, գովազդներում եւս պետք է գերակա լինի գրական հայերենը: Նա նաեւ տեղեկացրեց, որ տույժերը կրկնապատկվել են. նախորդ 50-75 հազարի փոխարեն, այժմ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի սահմաններում է:
Ըստ բանախոսի, օրենքի խախտման դեպքեր հիմնականում գրանցվում են մայրաքաղաքում:
Ինչ վերաբերում է տեսչության կողմից եթերային լեզվի վերահսկմանը, Ս. Երիցյանը նշեց, որ այս պահի դրությամբ իրավասություն չունեն եթերային լեզվի վերահսկողություն իրականացնել, որովհետեւ իրավասությունը պատկանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: