Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանում է տնօրենը

Սեպտեմբեր 08,2011 00:00

«Առավոտ» օրաթերթում օգոստոսի 12-ին հրապարակված «Մերի Փոփինսից» պրծում չկա» հոդվածն անդրադարձել էր Երեւան քաղաքի Հ. Քաջազնունու 30 հասցեում գործող մանկապարտեզի գործունեությանը, ավելի ճիշտ՝ գործունեության կապակցությամբ Հ. Քաջազնունու փողոցի մի խումբ բնակիչների դժգոհությանը։
Մասնավորապես՝ «մի խումբ բնակիչներ» (իսկ իմ համոզմամբ՝ իրականում միայն մեկը, ով վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, անհասկանալի պատճառներով, պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում մանկապարտեզի գործունեության համար՝ տարածելով ստահոդ լուրեր մանկապարտեզի եւ իմ մասին ու ապօրինի գործողություններով բազմիցս անհանգստացնելով մանկապարտեզի անձնակազմին), դիմելով հանրային իշխանության գրեթե բոլոր մարմիններին (Կենտրոն վարչական շրջան, Երեւանի քաղաքապետարան, ԿԳ նախարարություն, ՄԻՊ), բողոքում են, թե մանկապարտեզը գործում է ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող եւ խիտ բնակեցված փողոցում, եւ աննպատակահարմար են համարում նրա գործունեությունը, «պնդում են, թե մանկապարտեզը լիցենզիա չունի», ակնհայտորեն ստում են, թե ինձ դիմելիս ստացել են պատասխան՝ իբր «իմ դեմ խաղ չկա, եւ կվարվեմ այնպես, ինչպես իմ սիրտն ուզի»։
Մանկապարտեզի գտնվելու վայրից դժգոհ անձանց արժե, թերեւս, հիշեցնել, որ այդ նույն փողոցում, մանկապարտեզից բացի, գործում են այլ հասարակական կառույցներ եւս՝ բուհ, արհեստանոցներ, ավտոլվացման կայաններ, ֆինանսական կազմակերպություն, սակայն վերջինները նրանց ուշադրությունից կարծես թե «վրիպել են»։ Բացի այդ, նրանց ստիպված եմ մեկ անգամ եւս տեղեկացնել, որ մանկապարտեզի գործունեությունն օրինական է, եւ դա հաստատված է իրավասու մարմինների (Երեւանի քաղաքապետարան, ԿԳՆ) տված համապատասխան փաստաթղթերով (գործունեության լիցենզիա եւ այլն)։
Զարմանալի է, որ այս ամենից հետո, ցավոք, ստիպված ես լինում, երեխաների կրթության ու դաստիարակության հարցերով, նրանց հետաքրքիր առօրյայով ու մանկապարտեզի տարաբնույթ խնդիրներով զբաղվելու փոխարեն, ավելորդ ժամանակ եւ նյարդեր ծախսել՝ պատասխանելու նմանատիպ մերկապարանոց եւ անհիմն հայտարարությունների:
ման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել